Մոռացված ֆիլմերի ստվերները

Կատարված և անկատար երազանքներ՝ Գրիգոր Մելիք-Ավագյանի ֆիլմերում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Տասներեք խաղարկային և քսան վավերագրական ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր Գրիգոր ՄելիքԱվագյանի ստեղծագործական ժառանգությունը հայ կինեմատոգրաֆի պատմության վառ ու բովանդակալից էջերից մեկն է։ Այդ ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում նրա երկու ֆիլմերը, որոնք պատմում են կինոռեժիսորի կատարված երաազանքների մասին։ 

Գրիգոր Մելիք-Ավագյան

Կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի անունն ու գործն այսօր հազվադեպ է հիշատակվում։ Մինչդեռ նրա ստեղծած «Ինչու է աղմկում գետը» կինոնկարն ամենահաճախ ցուցադրվողներից է հայկական հեռուտաալիքների էկրանին։

Գրիգոր Մելիք-Ավագյանը կինեմատոգրաֆիստների այն սենդի ներկայացուցիչներից է, որը սկզբնավորեց հետպատերազմյան հայկական գեղարվեստական և վավերագրական կինոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հայ զինվորականների կողքին հետախուզական սխրանքներ էին կատարում նաև հայ գիտնականնները։ Պատերազմի ավարտից հետո այդ ամենի մասին գրվեցին գրական ստեղծագործություններ, իսկ պատերազմի ժամանակ նրանց կողքին մարտնչող Գրիգոր Մելիք-Ավագյան էլ էկրանին ներկայացրեց այդ պատմություններից մեկը։

Անցյալ դարի 70-ականների սկզբին կինոդրամատուրգ Անդրեյ Վերդյանը «Հայֆիլմ»  կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի դատին ներկայացրեց իր հերթական կինոսցենարը։ Պատերազմական պայմաններում հետախույզների մասին պատմող սցենարը հետաքրքրեց կոլեգիայի անդամներին և դրական գնահատական ստացավ։ Թեման գրավեց նաև վավերագրական և խաղարկային բազմաթիվ ֆիլմերի հեղինակ-ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանին։ Սցենարին ծանոթանալուց հետո Գրիգոր Մելիք-Ավագյանն առաջարկում է նկարահանումը վստահել իրեն և, ստանալով կոլեգիայի համաձայնությունը, սկսում է ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները։ «Անցյալի արձագանքները» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, նշում է, որ սև-սպիտակ այս ժապավենի առաջացրած մեծ հետաքրքրությունը պայմանավորված էր հատկապես սյուժեով, որ բավական հետաքրքիր է կառուցված և ընդգրկում է անդրադարձ հայ մարդու ճակատագրին։  

Անահիտ Հայրապետյան

«Ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորեց Խորեն Աբրահամյանը։ Դա հավաքական մի կերպար էր, որն իր մեջ միավորում էր բոլոր այն հետախույզներին, որոնց  կատարած աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ  պատերազմում հաղթանակ տանել»,-ասում է անահիտ Հայրապետյանը։

1971 թվականի փետրվարի 23-ն էր՝ Խորհրդային Միությունում նշվող ամենաազդեցիկ տոներից մեկի՝ հայրենիքի պաշտպանի օրը։ Կինոյի տան հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ «Անցյալի արձագանքները» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին հաջորդեց մոսկովյանը։ Իրական փաստերի հիման վրա ստեղծված ֆիլմը, սակայն, պրեմիերայից հետո մեկ անգամ էլ ցուցադրվեց հեռուստատեսությամբ և մի կողմ դրվեց։

«Ֆիլմում բացակայում էին մարտական տեսարանները, փոխարենը գերակշռում էին երկխոսությունները։ Կարելի է ասել, որ այն ավելի շատ հիմնված էր  գաղափարական հենքի վրա, իսկ հանդիսատեսը էկրանին ցանկանում էր տեսնել մարտական տեսարաններով հագեցած ֆիլմ ։ Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ֆիլմը հասարակությանը ճանաչելի չդարձավ»,-նշում է Անահիտ Հայրապետյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ցուցաբերած սխրագործությունների համար հարյուր վեց հայ զինծառայող արժանացել է «Խորհրդային Միության հերոսի» կոչման: Գրիգոր Մելիք-Ավագյանն իր «Անցյալի արձագանքները» ֆիլմում ներկայացնելով այդ հարյուր վեց հերոսներից մեկի պատմությունը՝ կյանքի է կոչել իր վաղեմի երազանքը։ Սակայն դա ռեժիսորի միակ երազանքը չէր։ Նա շարունակ ցանկանում էր իր սիրելի քաղաքի մասին պատմող մի ֆիլմ նկարահանել։ Երևանի ամեն մի ձեռքբերումով ոգևորվող ռեժիսորը երազանքն իրականացրեց 1982 թվականին։ Այդ տարի նա «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ղեկավարությանը ներկայացրեց «Երևանյան երազողներ» անվանումը կրող սցենար, որի հաստատումից հետո շատ կարճ ժամանակում հավաքեց նաև ստեղծագործական խմբի անդամներին։ Կինոռեժիսոր Գրիգոր Հարությունյանն այս ֆիլմում հանդես եկավ որպես ռեժիսորի ասիստենտ։ Նա այն եզակի մարդկանցից է, որին բախտ է վիճակվել ոչ միայն ուսանել Գրիգոր Մելիք-Ավագյանի արվեստանոցում, այլև աշխատել նրա հետ։ Նա պատմում է, որ Գրիգոր Մելիք-Ավագյանին հաջողվել էր հավաքել մի ստեղծագործական խումբ, որն աչքի էր ընկնում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև հումորի բացառիկ զգացողությամբ:

Գրիգոր Հարությունյան

«Վալենտին Պոդպոմոգով, Ստեփան Մարտիրոսյան, Գրիգոր Մելիք-Ավագյան․ մեր կինոյի ստեղծման ակունքներում կանգնած այս արվեստագետները  բացառիկ հումորի զգացում ունեցող  անձնավորություններ էին։ Եվ ես, ակամայից, նրանց հումորային երկխոսությունների ունկնդիրն էի դարձել»,-պատմում է Գրիգոր Հարությունյանը։

2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում պատմության թանգարանում կազմակերպվեց «Երևանյան երազողներ» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ երեկոյին ներկա գտնվողներից շատերն առաջին անգամ դիտեցին և տեղեկացան ֆիլմի գոյության մասին։ Գրիգոր Հարությունյանն ասում է, որ վավերագրական ֆիլմերը և՛ խորհրդային տարիներին, և՛ դրանից հետո էլ, անհասկանալի պատճառներով գրեթե չեն ներկայացվում դիտողին։ Գուցե դա է պատճառը, որ Երևանի մասին պատմող հետաքրքիր այդ ֆիլմը նույնպես արժանացավ հեռուստաարխիվի դարակներում լինելու ճակատագրին։

«Այն տարիներին, և ինչու չէ նաև այսօր, այդպես էլ չձևավորվեց վավերագրական ֆիլմ ցուցադրելու մշակույթը։ Անցյալ դարի 90-ականներին, երբ սկսվեցին փակվել կինոթատրոնները, անհետացավ նաև խաղարկային ֆիլմեր դիտելու մշակույթը։ Եթե մեզանում, կամաց-կամաց վերականգնվի կինոթատրոն այցելելու և ֆիլմ դիտելու հին ու բարի ավանդույթը, գուցե դա նպաստի վավերագրական և խաղարկային ֆիլմերի հանրայնացմանը»,-ասում է Գրիգոր Հարությունյանը։

Գրիգոր Մելիք-Ավագյանի «Անցյալի արձագանքներն» ու «Երևանյան երազողներ»  կինոնկարները էկրան բարձրանալուց հետո պատշաճ չներկայացվեցին հանրությանը և չկարողացան կատարել իրենց առաքելությունը։ Այս ֆիլմերը պատմում են կատարված երազանքների մասին, սակայն անկատար է մնում դրանք ստեղծողների երազանքը…

Back to top button