Մոռացված ֆիլմերի ստվերները

Կերպարների պատկերասրահ․ Հակոբ Ազիզյան. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 50-ականներից «Հայֆիլմը» դժվարությամբ, բայց համառորեն սկսում է ճանաչելի դառնալ Խորհրդային Միության կինոստուդիաների ցանկում։ Այդ տարիներին էկրան են բարձրանում ֆիլմեր, որոնցում թատրոնի ծանոթ ու սիրված շատ դեմքեր ավելի մեծ ճանաչում են ստանում։ 

Դերասան, բեմադրիչ Հակոբ Ազիզյանի անունը քաջածանոթ է թատերական աշխարհին։ Վանաձորի՝ Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում Հակոբ Ազիզյանը մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, սակայն հանդիսատեսը հիշում ու սիրում է նրան Արման Մանարյանի՝ «Հեղնար աղբյուր» ֆիլմում մարմնավորած Երանոսի կերպարով։

Սոս Սարգսյան, Հակոբ Ազիզյան

Այսօր արդեն ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, վերհիշելով անցած տարիները, շնորհակալությամբ ասում է, որ կինոաշխարհ մուտք է գործել  Բագրատ Հովհաննիսյանի շնորհիվ, որի առաջին՝ «Աղքատի պատիվը» կարճամետրաժ կինոնկարը նաև Ազիզյանի առաջին փորձն էր կինոէկրանին։

«Կինոյում նկարահանվելը յուրաքանչյուր դերասանի երազանքն է։ Իհարկե, եթե իմ առջև դրվի թատրոնի և կինոյի միջև ընտրություն ես կգերադասեմ թատրոնը, որը մեծ առավելություն ունի կինոյի հանդեպ։ Ինչևէ, երջանիկ եմ, որ «Աղքատի պատիվը» ֆիլմում մարմնավորած Սիմոնի կերպարով մուտք գործեցի կինոաշխարհ»,-ասում  է Հակոբ Ազիզիյանը։

Հակոբ Ազիզյան

Բագրատ Հովհաննիսյանի և Հակոբ Ազիզյանի հաջորդ համագործակցությունը եղավ «Աղքատի պատիվը» ֆիլմի էկրան բարձրանալուց չորս տարի անց։ Համաշխարհային գրականության փայլուն գիտակ ռեժիսորին հուզել էր պատերազմական ժամանակներում ամեն օր հոր վերադարձին սպասող տղայի մասին պատմող սցենարը։

Այս ֆիլմում Հակոբ Ազիզյանը մարմնավորեց երեխայի հոր՝ Սահակի կերպարը։ «Ամենահուզիչ տեսարններից մեկը պատերազմից տուն վերադարձած հոր  և որդու հանդիպումն է, որը ֆիլմի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Տարկովսկու՝ այդ պահի խորքային զգացողությամբ նկարահանած հանճարեղ տեսարան է»,-պատմում է Հակոբ Ազիզյանը։ 

Դժվար թե որևէ մեկը դիտի Արման Մանարյանի «Հեղնար աղբյուր» ֆիլմը և չհուզվի այդ դրամատիկ սիրո պատմությունից։

Բոստանչի Երանոսի կերպարը ֆիլմում վարպետորեն մարմնավորած Հակոբ Ազիզյանը «Հեղնար աղբյուր» ֆիլմի հայտարարված դերասանական լսումների վերջին՝ յոթերորդ մասնակիցն էր: Նա պատմում է, որ ֆիլմի ցուցադրումից հետո, երբ Արվեստի աշխատողների տանը քննարկումներ էին ընթանում, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն իրեն խոստովանել է, թե սկզբում նեղվել է, որ Երանոսի դերը չի տրվել յոթ դերասանների թվում այն փորձած իր որդուն՝ Գուժ Մանուկյանին, բայց ֆիլմը դիտելուց հետո համոզվել է, որ այդ դերը հենց ինքը՝ Հակոբ Ազիզյանը պիտի խաղար:

«Դերասանական լսումներին մասնակցելու հրավեր ստացա, մասնակցեցի, հաստատվեցի և սկսվեցին նկարահանումները։ Առաջին, Երանոսի համար ամենաբարդ հոլիկի տեսարանը նկարահանվեց Էջմիածնի «Ծաղկունք» սովխոզում։ Նկարահանումից հետո, երբ Մանարյանը դիտեց պատրաստի նյութը ասաց․«Եթե Հակոբը ասի ես կմեռնեմ ոտքի վրա, ես կհավատամ»,- ինչը նշանակում էր, որ իմ կերպարի ապրումները ես շատ հավաստի էի փոխանցել էկրանին »,-ասում է Հակոբ Ազիզյանը։

Հաջորդ նշանակալի դերը կինոյում Հակոբ Ազիզյանը մարմնավորեց կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորեց գլխավոր հերոսին՝ Դիլանին։ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հերոսների՝ Սոնայի և Դիլանի ողբերգական սիրո պատմությունը սցենարի է վերածում արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։ Հակոբ Ազիզյանը հատուկ ջերմությամբ է հիշում Օձունի նորակառույց հանգստյան տունը, որտեղ իջևանել էր նկարահանող խումբը, հարակից  անտառը, որտեղ ինքն ու Հրանտ Մաթևոսյանը նկարահանումներից ազատ ժամանակ զբոսնում էին ու քննարկում աշխատանքի հետագա ընթացքը։

«Նկարահանումները խորը աշնան էին տեղի ունենում, և ես ու Հրանտ Մաթևոսյանը հաճախակի զբոսնում էինք Օձունի հանգստյան տան մոտ գտնվող անտառում։ Մտանք անտառ, թափված խաշամի վրայով քայլելու ընթացքում մի միտք առաջացավ ինձ մոտ՝ ասացի. «Հրանտ Սոնայի գերեզմանը ֆիլմում ես պիտի փորեմ»: Դա սցենարով նախատեսված չէր, բայց այդ դերի վրա աշխատելու ընթացքում այդ միտքը ինձ մոտ ծնվեց։ Հիմնավորեցի ինչու և նա ընդունեց իմ առաջարկը»,- պատմում է Հակոբ Ազիզյանը։

Հակոբ Ազիզյան, Սվետլանա Ցխովրեբովա

«Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարահանումից հետո Հակոբ Ազիզյանը մի քանի ֆիլմերում հանդես եկավ էպիզոդիկ դերակատարումներով։ Հետագայում նա ամբողջությամբ ներգրավվեց հարազատ Վանաձորի թատրոնի ներկայացումներում՝ կերտելով բազմաբնույթ կերպարներ։ Ավելի քան կես դար իր ներկայությամբ վանաձորյան թատերական կյանքը հարստացրած Հակոբ Ազիզյանն այսօր էլ ակտիվ ստեղծագործական կյանքով է ապրում։ Իսկ աշխատանքից ազատ ժամերին մեկիկ-մեկիկ վերհիշում և մտովի վերլուծում է իր ստեղծած գրեթե հարյուրի հասնող կերպարներից յուրաքանչյուրը և խոստովանում, որ սիրով կաշխատի ցանկացած նոր, հետաքրքիր կերպարի վրա։

Հ Գ․ Ապրիլի 19-ը Վանաձորի պատվավոր քաղաքացի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Հակոբ Ազիզյանի ծննդյան օրն է։ Կյանքի 86-րդ տարին բոլորող, հայ թատրոնի և կինոյի երբեմնի «ոսկեդարը» ներկայացնող վերջին մոհիկաններից մեկը՝ Հակոբ Ազիզյանը, մեծագույն պատասխանատվությամբ ու սիրով է մոտեցել թատրոնում և կինոյում կերտած յուրաքանչյուր կերպարի, խորապես ապրել շուրջ հարյուրի հասնող կերպարներից յուրաքանչյուրի կյանքով՝ նրանցով էլ հարստացնելով արվեստագետի իր կյանքը։

Back to top button