Մոռացված ֆիլմերի ստվերները

Վերադարձի սպասող «Վերադարձ» ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արման Մանարյանի «Վերադարձ» ֆիլմը էկրան բարձրանալուց առաջ ենթարկվեց կոշտ քննադատության։ «Կոմունիստ» թերթում հրապարակված մի հոդված խոտորեց ֆիլմի հետագա ընթացքը։

Արման Մանարյանը ստեղծագործական ճանապարհը սկսել էր գլուխգործոցով՝ «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմով, որը նրա դիպլոմային աշխատանքն էր։ Մոսկովյան համամիութենական կինոինստիտուտի շրջանավարտին հաջողվել էր կատարյալ ազգային ֆիլմ ստեղծել։ Այդ 22 րոպե տևողությամբ փոքրիկ ֆիլմի հաջողությունը շրջադարձային եղավ մեր կինոյում։ Որոշ շրջանակներում դա դիտվեց որպես աններելի փաստ։

Հաջորդ ֆիլմը՝ «Արտիստը» անավարտ մնաց, այրեցին: Պատճառը Մանարյանի համար հանելուկ մնաց։ Եվ մնում էր միայն ենթադրություններ անել, թե արդյոք ի՞նչ շեղում էր թուլ տվել տաղանդավոր ռեժիսորը, որ նրա՝ դեռևս գեղագիտորեն չամբողջացած ֆիլմը որակվեց իբրև ստեղծագործական ձախողում։

Մի քանի տարի դադարից հետո Մանարյանն իրեն բնորոշ լավատեսությամբ ու համառությամբ վերադարձավ կինո և մեկը մյուսի հետևից էկրան բարձրացան «Կարինե», «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր» ֆիլմերը, իսկ 1972 թվականին նա նկարահանեց ժամանակակից մարդու մասին պատմող «Վերադարձ» ֆիլմը։ 

Սիրանույշ Գալստյան

«Արման Մանարյանը հիանալի կրթություն ստացած, մշակութային բարձր ճաշակ ունեցող արվեստագետ էր, նա նոր կինոլեզվի, նոր մտածողության մշտական փնտրտուքի մեջ էր»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

Սցենարի հաստատումից հետո Արման Մանարյանը դերասանական կազմի փնտրտուքի մեջ էր։ Գլխավոր հերոսների դերում հաստատվեցին Դրամատիկական թատրոնի դերասաններ Վլադիմիր Մսրյանն ու Անահիտ Թոփչյանը։ Այդ երկու փորձառու դերասանների կողքին կինոյում իր առաջին քայլերն էր անում Գեղարվեստաթատերական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողԿարեն Ջանգիրովը։

23-ամյա Կարենը «Վերադարձ» ֆիլմում վարպետորեն մարմանվորեց 30-ամյա ասպիրանտ Կարեն Սուրենյանին։ Թեպետ «Վերադարձ» ֆիլմի նկարահանումներից անցել է ավելի քան հինգ տասնամյակ, բայց Կարեն Ջանգիրովի եղբայրը՝ ճարտարապետ, լրագրող Պավել Ջանգիրովը հստակ հիշում է 1972 թվականի ամառային այն երեկոն, երբ նրանց տանը հնչեց մի անսպասելի  հեռախոսազանգ։

Պավել Ջանգիրով

«Երեկոյան տասն անց կես մեր տանը հնչեց հեռախոսազանգ և լսափողին մոտեցավ Կարենը։ Մի երկու բառ խոսելուց հետո, կախեց լսափողը։ Մեր այն հարցին, թե՝ ո՞վ էր, պատասխանեց, որ իրեն հրավիրում են ֆիլմում նկարահանվելու և վաղը պիտի գնա փորձի։ Այդ խոսակցությունից երեք ամիս անց «Կինո» թերթի առաջին էջում դրվեց մի լուսանկար, որը ազդարարում էր Արման Մանարյանի նոր՝ «Վերադարձ» ֆիլմի էկրան բարձրանալու մասին։ Մենք, և հատկապես հայրս, հպարտությամբ ցույց էինք տալիս թերթի այդ համարը մեր բարեկամներին ու ծանոթներին»,-պատմում է Պավել Ջանգիրովը։

«Վերադարձ» ֆիլմի նկարահանումները մեկնարկեցին 1972 թվականի ամռան սկզբին և ավարտվեցին աշնանը։ 1973 թվականի հուլիսի 2-ին ֆիլմը բարձրացավ համամիութենական էկրան։ Պավել Ջանգիրովը պատմում է, որ կինոնկարի առաջին դիտմանը նախորդեց «Կոմունիստ» թերթում կինոգետ Կարեն Քալանթարի քննադատական հոդվածը։

«Կարեն Քալանթարը նշում էր, որ ֆիլմի հիմքում ընկած է բավականին թույլ սցենար և զարմանալին այն է, որ «Բարև, ես եմ» ֆիլմի սցենարիստ Առնոլդ Աղաբաբովը այս ֆիլմի հերոսին ներկայացրել է բավականին թույլ դիրքերից։ Նաև համեմատական էր տանում Միխայիլ Ռոմի «Մի տարվա իննը օրը» ֆիլմի հետ նշելով, որ այս երեք ֆիլմերի հիմքում երիտասարդ գիտնականի գիտությանը նոր շունչ տալու ջանքերն են, բայց եթե երկու նախորդ ֆիլմերում հերոսները հանդես էին գալիս մարտիկի դերում, այսինքն պայքարում էին իրենց գաղափարի իրագործման համար, ապա այս ֆիլմում գլխավոր հերոսը՝ Հայկ Վերդյանը կարծես չի էլ ուզւոմ պայքարել իր գաղափարների կյանքի կոչման համար»,- նշում է Պավել Ջանգիրովը։

Չնայած «Վերադարձ» ֆիլմի շուրջ աղմուկին, կինոնկարը, այնուամենայնիվ, բարձրացավ համամիութենական էկրան, մի քանի անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, որից հետո անհասկանալիորեն մի կողմ դրվեց։ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ այս ֆիլմն իր ասելիքով արդիական է նաև այսօր, որովհետև պարունակում է պայքարի, կյանքի, աշխատանքի հմտություններ ձևավորելու ուղերձներ։

«Այսօրվա խելահեղ վազքի, ագրեսիվ ռիթմերի, ֆիլմերի ֆոնին շահեկան է այս տեսակ ֆիլմ դիտելը։ Հանդարտ, խաղաղ մի պատմության շարադրում, որի ընթացքում դիտողը հասցնում է ճանաչել հերոսներին, անցյալ ժամանակի մեջ սուզվելով կարողանում է իր ներսում նրանց հանդեպ որոշակի վերաբերմունք ունենալ»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

Արման Մանարյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում նկարահանեց անկաշկանդ, ազնիվ, ներքին ազատությամբ լեցուն ֆիլմեր, որոնցից մեկն էլ նրա «Վերադարձ» ֆիլմն է։

1 ժամ 22 րոպե տևողությամբ ֆիլմը կինոսերներին շռայլորեն ջերմություն պարգևելու փոխարեն անարդարացիորեն դատապարտվեց կինոարխիվի դարակներից մեկում տասնամյակներ մոռացվելու անհասկանալի վճռին։ Ցավալի փաստ, որ տարիներ շարունակ հուզում էր Արման Մանարյանին, և որի բացատրությունը մինչ օրս ոչ ոք չունի։

Back to top button