Մոռացված ֆիլմերի ստվերները

Առօրեականի մեջ ընդհանրականը տեսնելու կարողությունը․ Ալբերտ Մկրտչյան. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Յուրաքանչյուր արվեստագետ, ի վերջո գալիս է իր մանկությունից, սեփական արամատներից։ Ալբերտ Մկրտչյան արվեստագետը բացառություն չէր։ Սեփական ձեռագիր, ասելիք ունեցող ռեժիսորի բոլոր ֆիլմերն իր իսկ ուրախությունների, կսկիծների ու տառապանքների արդյունք են, որոնցում սեփական «ես»-ը, խառնվելով համընդհանուր «մենք»-ի հետ, դարձել է կինոսցենար։

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանի կենսագրության քարտեզի վրա մանկությունը նշված է «Մեծ հայրենականով»։

Պատերազմի ժամանակ թիկունքում ապրող մարդու առօրյան մի փոքր տարբերվում է առաջնագծում մարտնչող զինվորի առօրյաից։ Թիկունքը՝ թիկունք, բայց հայկական լեռները ևս ցնցվում էին ֆաշիզմի վայրագություններից։

1942 թվականի դառն օրերին Լենինականի թաղամասերից մեկում ապրող Մկրտչյանների ընտանիքի երկու արու զավակները՝ Ֆրունզն ու Ալբերտը, իրենց միապաղաղ առօրյան հետաքրքիր դարձնելու համար հայրական տան տանիքում, բաց երկնքի տակ ներկայացումներ էին բեմադրում։ Բացօթյա այդ բեմից նրանք հետագայում ոտք դրեցին Լենինականի տեքստիլ բանվորական ակումբի բեմ, համալրելով ինքնագործ դերասանների շարքերը։ Հետո եկան Երևան, ընդունվեցին Գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտեցին և արվեստ մուտք գործեցին տարբեր ժամանակներում, տարբեր ձևով։ Ֆրունզը՝ որպես դերասան, Ալբերտը՝ ուսումը շարունակելով նաև Մոսկվայում, կինոաշխարհ մտավ որպես կինոռեժիսոր։

Տարիներ անց իր հարցազրույցներից մեկում Ալբերտ Մկրտչյանը խոստովանում էր, որ պատերազմական թիկունքի թեման իր մեջ խորը արմատներ էր գցել, և դա էր պատճառը, որ մանկության ապրումները հետագայում նրա համար դարձան ֆիլմ ստեղծելու նյութ։

«Մեր մանկության տանգոն» և «Հին օրերի երգը» կինոնկարները մեծ ճանաչում բերեցին Ալբերտ Մկրտչյանին և՛ մեր երկրում, և՛ նրա սահմաններից դուրս, սակայն քչերն էին կռահում, որ այդ ֆիլմերը ռեժիսորի երկու կարճամետրաժների՝ «Լուսանկարի» և «Հուշարձանի» տրամաբանական շարունակությունն էին։

Ալբերտ Մկրտչյանը կինոաշխարհ մուտք գործեց այդ երկու կարճամետրաժներով, որոնց գոյության մասին այսօր գիտեն միայն նեղ մասնագիտական շրջանակում։  Հրապարակախոս, թարգմանիչ, սցենարիստ Մարտին Հուրիխանյանը մի քանի տարի աշխատել է «Հայֆիլմում», մոտիկից շփվել հայ կինոյի մեծերի ու հատկապես Ալբերտ Մկրտչյանի հետ։ Նա նշում է, որ «Լուսանկար» և «Հուշարձան» ֆիլմերը նկարահանելիս Ալբերտ Մկրտչյանը գտավ իր տարերքը, այն աշխարհը, որն իրենն էր ճակատագրով ու հոգեբանությամբ։

Մարտին Հուրիխանյան

«Ալբերտ Մկրտչյանը իրեն շրջապատող աշխարհի մասին ֆիլմեր նկարահանեց։ Նրա մեծությունը նրանում էր, որ չդարձավ պատճենահանող։ Ինքը դարձավ խորքը տեսնող, վերհանող ռեժիսոր»,-ասում է Մարտին Հուրիխանյանը։   

Մոսկվայի Համամիութենական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի Եֆիմ Ձիգանի ղեկավարած ռեժիսորական կուրսի ուսանելու տարիներին Ալբերտ Մկրտչյանը մի անգամ հյուրընկալվեց Մինաս Ավետիսյանի Ջաջուռի տանը։ Այդտեղ տեսած մի լուսանկար էլ առիթ դարձավ նրա՝ 15 րոպե տևողությամբ «Լուսանկար» ֆիլմի համար։

Դա մի գերդաստանի լուսանկար էր, որի բոլոր անդամները ժպտացող և ուրախ աչքեր ունեին, և միայն գերդաստանի ավագի հայացքն էր տխուր ու թախծոտ։ Ալբերտ Մկրտչյանին հետաքրքրում էր՝ ինչն է տխրության պատճառը։

«Ինչպես գիտեք կինոռեժիսորի աչքից ոչինչ չի վրպում: Պարզվում է՝ ընտանիքը ռազմաճակատ մեկնած զավակից նամակ է ստանում, որում որդին խնդրում է ընտանիքով լուսանկարավել և նկարը իրեն ուղարկել: Բայց պարզվում է, որ նամակը ուշ է տեղ հասել և այդ ընթացքում նա ռազմաճակատում զոհվում է: Մեկ օրվա տարբերությամբ ընտանիքի ավագը ստանում է երկրորդ որդու մահվան լուրը բերող նամակը, բայց այդպես էլ չի կարողանում այդ գույժը հայտնել ընտանիքի անդամներին»,-ասում է Մարտին Հուրիխանյանը:

«Լուսանկար» ֆիլմի նկարահանումից երկու տարի անց Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց իր դիպլոմային՝ «Հուշարձան» վերնագրով կարճամետրաժը։ Այս ֆիլմի համար ևս նա ընտրեց պատերազմի թեման, և գլխավոր հերոսի դերակատարը դարձյալ Մհեր Մկրտչյանն էր։ Պատերազմական թեմային անդրադառնալու պատճառներից մեկն էլ այն էր, որ Մկրտչյան եղբայրների մանկությունն ու պատանեկությունն անցել էին այդ դառը տարիներին։

«Այս ֆիլմով էլ Ալբերտ Մկրտչյանը իր վերաբերմունքն է արտահայտում պատերազմին: Ֆիլմն այն մասին է, որ պատերազմը համընդհանուր արհավիրք է»,-նշում է Մարտին Հուրիխանյանը:

«Լուսանկար» և «Հուշարձան» ֆիլմերի՝ էկրան բարձրանալուց հետո Ալբերտ Մկրտչյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանեց ևս 9 ֆիլմ, որոնք թե’ խորհրդային, թե’ ժամանակակից հայ կինոյի լավագույն էջերից են։

Այդ ֆիլմերից երեքի համար նա արժանացել է պետական մրցանակի.1972 թվականին «Հուշարձան», 1982-ին «Հին օրերի երգը», իսկ 2000 թվականին «Ուրախ ավտոբուս» ֆիլմերի համար։ Ի դեպ՝ 1984 թվականին էկրանավորած «Մեր մանկության տանգոն» ֆիլմը հայկական կինոյի ամբողջ պատմության մեջ միակն է, որ Վենետիկի միջազգային հեղինակավոր փառատոնի մրցանակն ունի․ Գալյա Նովենցի դերակատարումն արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակի։

Վենետիկի միջազգային կինոփառատոնից հետո Ալբերտ Մկրտչյանը չորս տարի ոչինչ չնկարահանեց, բայց անընդհատ ստեղծագործական որոնումների մեջ էր: Եվ դա հասկանալի էր՝ «Մեր Մանկության տանգոյի» նշաձողն այնքան բարձր էր, որ նա, այսպես ասած, «ծանրաձողին» մոտենալ անգամ չէր ուզում։

Որքան էլ զարմանալի է, բայց նոր ֆիլմ նկարահանելու համար հիմք դարձան 1987-ին Խորհրդային Հայաստանում սկսված բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող ցույցերը։ Ազատության հրապարակում բնապահպանական խնդիրներին նվիրված հանրահավաքներին մշտապես մասնակցող Ալբերտ Մկրտչյանն այդ շարժմանն արձագանքեց արվեստի լեզվով, դա արտացոլվեց նրա ստեղծած նոր՝ «Շնչառություն» վերնագրով սցենարում։

Այս ֆիլմի երկրորդ ռեժիսոր Նորայր Պողոսյանը, վերհիշելով այդ տարիների դեպքերը, նշում է, որ ԽՍՀՄ փլուզմանը նախորդած տարիներին Հայաստանում իսկական բնապահպանական աղետ էր։ «Շնչառություն» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նախ Երևանում, ապա Մոսկվայում։ Ամենուր ֆիլմն ընդունվեց մեծ ջերմությամբ, բայց այդ ամենին հաջորդեց մինչև այսօր ձգվող՝ ավելի քան երեք տասնամյակի լռություն:

Նորայր Պողոսյան

«Կինոյի տանը տեղի ունեցած պրեմիերայից հետո ինձ անընդհատ տանջում էր այն հարցը, թե ինչպես դասավորվեց ֆիլմի հետագա ճակատագիրը։ Այն չէր ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմերը հաճախակի ցուցադրվող ֆիլմերի ցանկին են պատկանում, բայց «Շնչառությունը», ցավոք, այդ ֆիլմերի ցանկում տեղ չգտավ»,-ափսոսանքով նշում է Նորայր Պողոսյանը։

Կյանքի տխուր պատմությունները տրագիկոմիկ գույներով ներկայացնող Ալբերտ Մկրտչյանն իր ֆիլմերում խիզախորեն մտերմացնում էր ծիծաղն ու թախիծը։ «Ծիծաղ արցունքների միջից». այսպես կարելի է բնորոշել մեծ վարպետի ֆիլմերը, որոնց հուզառատ ու ջերմ ուղերձները ընկալելի ու մարդկային են բոլոր ժամանակների հանդիսատեսների համար, եթե իհարկե, խզվի այդ տխուր լռությունը։

Back to top button