Մոռացված ֆիլմերի ստվերները

Կեսդարյա կյանք հայ կինոյում․ Լևոն Իսահակյան․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Լևոն Իսահակյանը հայ կինոյի պատվո մատյանում իր անունը գրանցել է որպես բազմաժանր ռեժիսոր։ Նա նկարահանել է բազմաթիվ լիամետրաժ, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր։ Բայց այդ ֆիլմերի մասին այսօր գիտեն քչերը։

Հայկական կինոյի վաստակաշատ ռեժիսոր Լևոն Իսահակյանն այն բացառիկ գործիչներից է, որի կենսագրությունն արտացոլում է հայ կինոարվեստի տարեգրությունը։ Նրա հետաքրքրություններն ու հակումները սահման չունեին։ Մանկուց նրան ձգում էր թատրոնի կուլիսների կիսամութ աշխարհը։ Արվեստի հանդեպ մեծ սեր ունեցող պատանի Լևոնը ընդունվում և գերազանցությամբ ավարտում է Երևանի գեղարվեսատաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։

Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է հայրենի քաղաք՝ Լենինական, որտեղ հիմնում է կինոսիրողների ակումբ։ Կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը, Լենինական այցի ժամանակ իմանալով նորաբաց ակումբի մասին, ուզում է ծանոթանալ մասնակիցների հետ։ Նրա հետ հանդիպման ժամանակ Լևոն Իսահակյանն իր համար բացահայտում է կինոմոնտաժի գաղտնիքը և որոշում ուժերը փորձել կինոարտադրության բնագավառում։ Տարիներ անց, հարցազրույցներից մեկում Լևոն Իսահակյանը հուզմունքով ու հպարտոթւայմբ էր վերհիշում Բեկնազարյանի հետ առաջին հանդիպումն ու հայկինոյի ակունքներում կանգնած այն անվանի արվեստագետներին, որոնց հետ համագործակցությունն ու շփումը նրան տվեցին ոչ միայն գիտելիքներ, այլև հմտություններ, որոնք նա հետագայում կիրառեց իր ֆիլմերը նկարահանելիս։

Լևոն Իսահակյանը հայկական կինոյում իր ճանապարհը սկսել է դերասանությունից։ 1930 թվականին էկրանավորած Հովհաննես Թումանյանի՝ «Անուշ» պոեմում նա մարմնավորել է Անուշի եղբորը՝ Մոսիին։ Եվս մի քանի ֆիլմերում տարբեր դերակատարումներով հանդես գալուց հետո նա որոշել է ուժերը փորձել ռեժիսուրայի ասպարեզում։ Մի քանի ամիս որպես Համո Բեկնազարյանի օգնական աշխատելուց հետո՝ 1940 թվականին, նա նկարահանել է իր առաջին գեղարվեստական՝ «Ուրախության երկիր» ֆիլմը, որին հաջորդել են բազմաթիվ վավերագրական և լիամետրաժ ֆիլմեր։ Նրա Հենրիկ Մալյանի հետ նկարահանած՝ «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմն ունեցավ աննախադեպ հաջողություն՝ Խորհրդային երկրի կինոթատրոններում հավաքելով միլիոնավոր հանդիսականների։ 

Կինոռեժիսորներ Լևոն Իսահակյանն ու Հենրիկ Մալյանը` «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի նկարահանման ժամանակ

«Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի էկրան բարձրանալուց յոթ տարի անց՝ 1970 թվականին, Լևոն Իսահակյանը նկարահանեց «Լեոնիդ-2-Լեոնիդ» ֆիլմը, որը «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարի տրամաբանական շարունակությունն էր։ Ֆիլմի սյուժեն կառուցված էր Լեոնիդ Ենգիբարյանի կրկեսային դասական համարների վրա։ Հանդիսատեսը հետևում է գլխավոր հերոսի՝ Լեոնիդ Ենգիբարյանի վարպետ փոխակերպումներին՝ հոգեբանական տարբեր վիճակներում։ Դրանք տաղանդավոր արվեստագետի բեմական կարճ պատումների ստեղծման ազդակն են դառնում։ Խորհրդային տարիներին տպագրվող «Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր, կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանը գործի բերումով մեկ անգամ չէ, որ հանդիպել է հայկական կինոյի ամենաերկարակյաց ռեժիսոր Լևոն Իսահակյանին։ Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ այդ  էկրանավորման արդյունքում Լևոն Իսահակյանը սերունդներին ժառանգեց երբեք չծերացող Լեոնիդ Ենգիբարյանի կերպարը։

Ռոբերտ Մաթոսյան

«Գիտեք, երևի թե «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում Լեոնիդ Ենգիբարյանի կերպարը ավելի հանգամանալից չներկայացվեց։  Հետագայում Լևոն Գրիգորիչը որոշեց ամբողջական ներկայացնել Ենգիբարյանին և որպես օրգանական շարունակություն նկարահանեց «Լեոնիդ-2 Լեոնիդ» ֆիլմը։ Ի դեպ ֆիլմում ներկայացվող կադրերը դարձան  վավերագրություն։ Այսօր մենք Ենգիբարյանին տարբեր հաղորդաշարերում տեսնում ենք և շատերը անգամ չգիտեն, որ դա խաղարկային ֆիլմից վերցված կադրեր են»,-նշում է Ռոբերտ Մաթոսյանը։ 

Լեոնիդ Ենգիբարյան

Խորհրդային տարիներին բազմաթիվ մարդիկ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ էին դառնում։ Այդ պատահարների մեծ մասը տեղի էր ունենում երթևեկության կանոններն արհամարհող վարորդների մեղքով։ Հայաստանի պետավտոտեսչությունն այդ դեպքերը նվազեցնելու նպատակով «Հայֆիլմ» կինոստուդիային պատվիրեց մի ֆիլմաշար նկարահանել։ Կինոստուդիայի ղեկավարությունն այդ առաջարկին արձագանքեց մեծ ոգևորությամբ։ Նկարահանումները վստահվեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի փորձառու ռեժիսոր Լևոն Իսահակյանին։

«Դժբախտ պատահար» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերայից հետո Լևոն Իսահակյանը շարունակեց նկարահանել այդ շարքի հաջորդ ֆիլմերը։ Մեկ տարի անց էկրան բարձրացավ «Հարվածին ընդառաջ» կարճամետրաժը, որին էլ հաջորդեցին «Սովորական հերթապահություն», «Հասարակական պարտականություն» ֆիլմերը։ Շարքի վերջին՝ «Երջանկություն» և «Գիտական կոմունիզմ» կարճամետրաժները Լևոն Իսահակյանը նկարահանեց 1990 թվականին։ «Երջանկություն» կարճամետրաժում մասնակցում էին պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Սեփական ավտոմեքենա ունենալը երջանկություն համարող քաղքենի կնոջ՝ տիկին Արաքսյայի կերպարը ֆիլմում մարմնավորեց դերասանուհի Ջուլիետ Բաբայանը։ Նա պատմում է, որ թեև Լևոն Իսահակյանը ֆիլմաշարի վերջին կարճամետրաժը նկարահանեց պատկառելի տարիքում, բայց իր երիտասարդական ավյունով ոգևորում էր նկարահանող խմբի անդամներին։

Ջուլիետ Բաբայան

«Նա նկարահանման հրապարակում երբեք չէր նստում։ Դիտողություն անելիս էր մոտենում էր տվյալ դերասանին և շատ մեղմ, ցածր ձայնով ասում էր։ Իր հետ աշխատելը բավականին հետաքրքիր էր»,-ասում է Ջուլիետ Բաբայանը։

«Բումերանգ» երգիծական կինոժողովածուի համար նկարահանված կարճամետրաժները եղան Լևոն Իսահակյանի վերջին աշխատանքները կինոյում։ Մինչև 1991 թվականի կեսերը «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա ղեկավարությամբ կրկնօրինակվեցին բազմաթիվ խաղարկային ֆիլմեր։ Անցյալ դարի 90-ականների տնտեսական-քաղաքական փոփոխությունների և սոցիալական վատ պայմանների պատճառով մեր երկրի ֆիլմարտադրությունը զրկվեց ֆինանսավորումից, իսկ որոշ ժամանակ անց փակվեց նաև կրկնօրինակման արտադրամասը։ Կյանքով, եռանդով ու աշխատելու ձգտումով լի 82-ամյա Լևոն Իսահակյանը անգործ մնաց։ Բայց մինչև այդ նրա ստեղծած բազմաթիվ ֆիլմերը և դրանցում ներկայացվող պատմություններն այսօր էլ չեն կորցնում  արդիականությունը։

2025 թվականը հոբելյանական է բոլոր ժամանակների ուրախ և տխուր ծաղրածուի՝ Լեոնիդ Ենգիբարյանի համար։ Ծաղրածուների արքային հիշելու, մեծարելու և ըստ արժանվույն գնահատելու համար շատ կարևոր է թվայնացնել, մոռացությունից փրկել և կապույտ էկրան վերադարձնել Լևոն Իսահակյանի՝ «Լեոնիդ-2-Լեոնիդ» ֆիլմը

Back to top button