Մոռացված ֆիլմերի ստվերները

Արվետագետ և բժիշկ միաժամանակ․ Հրաչիկ Կոստանյան․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոն ճանաչող և դրանով հրապուրված մարդկանց համար դժվար է պատկերացնել «Չախ-չախ թագավորը» ֆիլմն առանց իշխան Կիրակոսի, «Հայրիկ» ֆիլմն առանց ամոթխած ու ինքնամփոփ Լևոնի և բազմաթիվ սիրված ֆիլմեր, որոնցում նա հանդես է եկել անմոռանալի դերակատարումներով։ Իսկ նա իրեն բժշկության մեջ արվեստագետ, արվեստում՝ բժիշկ համարող դերասան, պլաստիկ-վիրաբույժ Հրաչիկ Կոստանյանն էր։  

Կինոյի պատմությունը թերթելիս հաջողությունների էջերում ժամանակ առ ժամանակ երևում են  ծալքերում ծվարած մոռացված ֆիլմերի, ռեժիսորների, սցենարիստների ու դերասանների անուններ։ Այդպիսի անուններից է Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հիմնադիր, դերասան Հրաչիկ Կոստանյանն, որն իրարից խիստ տարբեր՝ կինեմատոգրաֆիայի և բժշկության պատմության էջերում թողեց անջնջելի հետք։   

1960-ականների երկրորդ կեսին Հրաչիկ Կոստանյանը Իջևանի Սարիգյուղից Երևան եկավ մեծ ծրագրերով և նպատակներով։ Նա ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտ՝ հաջողությամբ հանձնելով քննությունները։ Մեկ տարի անց անսպասելիորեն, զուգահեռ ընդունվեց «Հայֆիլմին» կից դերասանական ստուդիա՝ կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի արվեստանոց։

Ցերեկը բժշկական ինստիտուտում էր սովորում, երեկոյան դերասանական դասընթացներում։  Առանձնահատուկ նպատակասլացությամբ աչքի ընկնող երիտասարդ Հրաչիկը չվրիպեց 60-ականների հայ կինո նոր գեղարվեստական մտածողություն բերած կինոռեժիսորի՝ Դմիտրի Կեսայանցի աչքից։ Նրանց համագործակցության սկիզբը դրվեց 1969 թվականին, երբ Կեսայանցը «Հայֆիլմի» առաջարկով նկարահանեց «Չախ-չախ թագավորը» կարճամետրաժը, որտեղ Հրաչիկ Կոստանյանը մարմնավորեց գլխավոր հերոսի՝ իշխան Կիրակոսի կերպարը։

Հետագայում նա նկարահանվեց Կեսայանցի գրեթե բոլոր ֆիլմերում։ Հրաչիկ Կոստանյանի կինը՝ ակնաբույժ Անուշիկ Կոստանդյանը նշում է, որ Դմիտրի Կեսայանցին և Հրաչիկ Կոստանյանին միավորում էր ոչ միայն ամուր ընկերությունը, այլև ստեղծագործական ներդաշնակությունը։ 

Անուշիկ Կոստանդյան

«Դմիտրի Կեսայանցը Հրաչիկին վերաբերվում էր որպես թալիսմանի։ Իր բոլոր ֆիլմերում նա թեկուզ մի փոքր դեր, այնուամենայնիվ հատկացնում էր Հրաչիկին»,- ասում է Անուշիկ Կոստանդյանը

1970 թվականին Հրաչիկ Կոստանյանը գերազանցությամբ ավարտեց «Հայֆիլմին» կից դերասանական ստուդիան։ Ուսանողական տարիներից կինոյի աշխարհում հայտնված երիտասարդը առաջին գլխավոր դերը ստանձնեց Բուլղարիայում ճանաչված ռեժիսոր Գեորգի Դյուլբերովի «Տակառագործը» ֆիլմում։ Այստեղ նա հանդես եկավ կատակասեր, ծիծաղելի և զարմանալիորեն լուսավոր բուլղարացի վարպետի դերում, որը Կինոյի համամիութենական պետական ինստիտուտի 7-րդ ուսանողական փառատոնում նրան բերեց «Լավագույն տղամարդու դերակատարում» մրցանակը։

«Բուլղարացի ռեժիսոր Գեորգի Դյուլբերովը իր կուրսային կարճամետրաժ ֆիլմի նկարահանումների համար ընտրում է Հայաստանը, որովհետև մեր բնակլիմայական պայմանները համահունչ էին ֆիլմի սցենարին։ Հայաստանում նա ծանոթանում է Հրաչիկի հետ և նրան է վստահում գլխավոր հերոսի կերպարի մարմնավորումը։ Այս ֆիլմը իմ ամուսնու դերասանական կարիերայում հատկանշական է նրանով, որ նրան տրվեց լավագույն տղամարդու դերակատարում մրցանակը»,— նշում է Անուշիկ Կոստանդյանը։

1972 թվականին էկրան բարձրացավ հայկական կինոյի ամենասպասված ու սիրված ֆիլմերից՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը։ Այն ունեցավ աննախադեպ մեծ թվով կինոդիտումներ, իսկ  սիրային եռանկյունու մեջ հայտնված բարձրահասակ, քչախոս Լևոնին, որին փայլուն մարմնավորեց Հրաչյա Կոստանյանը, համակրեցին և սիրեցին բազմաթիվ հանդիսատեսներ։ Լևոնի դերով Հրաչյա Կոստանյանը հաջողությամբ ներկայացրեց այդ շրջանի համար գրեթե առաջնային դարձած ավանդական արժեքների ու նոր ժամանակների հոգեբանական բախման հավերժական թեման։

Երիտասարդ, շնորհալի դերասանուհի Կարինե Քոչարյանը «Հայրիկ» ֆիլմում խաղում էր Լևոնի սիրելիի՝ Մայայի դերում։ Տարիներ անց, վերհիշելով իր խաղընկերոջն ու նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը, արտիստուհին նշում է, որ Հրաչյա Կոստանյանը կինոյում ունիվերսալ արտիստական խառնվածք ուներ, կարողանում էր մարմնավորել ժանրային առումով տարբեր դերեր՝ նույն հավասարակշռությամբ և կայունությամբ։ 

Կարինե Քոչարյան

«Ես նրան շատ էի սիրում, որովհետև նա բացառիկ մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն էր։ Ինքնամփոփ էր, նրա մեջ մի քանի զգայական շերտեր էին ապրում և «Հայրիկ» ֆիլմի իր հերոսն էլ այդպիսին էր»,- ասում է Կարինե Քոչարյանը։

Կինոն Հրաչիկ Կոստանյանի համար ամենևին էլ ժամանակավոր հրապուրանք չէր, սակայն կինոյում նկարահանվելուց որոշ ժամանակ անց նա կանգնած էր կյանքի հիմնական մասնագիտությունն ընտրելու երկընտրանքի առջև։ Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի դիպլոմ ստանալուց մեկ տարի անց, ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը, Հրաչիկ Կոստանյանը ստացավ նաև բժիշկ-վիրաբույժի դիպլոմ և ընտրեց պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը, որը նորույթ էր Հայաստանում։ Նա Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հիմնադիրն է։

1975 թվականին առողջապահության նախարարի հրամանով, առաջին  անգամ Հայաստանում, Հանրապետական կլինիկայի քիթ-կոկորդ բաժանմունքին կից բացվեց պլաստիկ վիրաբուժության կենտրոնը, որտեղ էլ սկսեց աշխատել Հրաչյա Կոստանյանը։ Իր առաջին վիրահատությունը բժիշկը կատարեց 1976 թվականին, այնուհետև սկսեց վիրահատել առավելագույն զբաղվածությամբ։ Կարճ ժամանակում պլաստիկ վիրաբուժությունը կլանեց նրա ամբողջ ժամանակը՝ դառնալով նրա հիմնական կոչումը։

«Նրա պլաստիկ վիրաբույժ լինելու որոշումը նույնպես կապված էր կինոյի հետ։ Պատանեկան տարիներին մի իտալական մելոդրամա էր դիտել, որտեղ գլխավոր հերոսուհին վիրահատում է քիթը, գեղեցկանում է, ձեռք է բերում բազմաթիվ երկրպագուներ, ինչը ամուսնու խանդի պատճառն է դառնում։ Ամուսինը, չդիմանալով կնոջ երկրպագուների «գրոհներին», ի վերջո կյանքից զրկում է վիրաբույժին։ Մեր խոսակցությունների ժամանակ նա կես կատակ, կես լուրջ ասում էր, որ վիրաբույժ ամեն դեպքում դառնալու էր, բայց պլաստիկ վիրաբույժ դառնալու որոշումը այդ ֆիլմը դիտելուց հետո է կայացրել»,-ծիծաղելով պատմում է Անուշ Կոստանդյանը։

2016թվականին ցավոք, Հրաչիկ Կոստանյանն անսապասելի հեռացավ կյանքից։ Անուշիկ Կոստանդյանը հուզմունքով ու կարոտով է հիշում իր և ամուսնու համատեղ կյանքի տարիները և նշում, որ նա թե՛ պլաստիկ վիրաբուժության ասպարեզում, թե՛ ընտանիքում և թե՛ կինոյում կարողացավ անել առավելագունը և թողեց իրեն բնորոշ առանձնահատուկ հետք։

«Առաջին հերթին Հրաչիկը սիրում էր իր մասնագիտությունը՝ վիրաբուժությունը։ Նա իր կյանքը առանց կինոյի պատկերացնում էր, բայց առանց վիրաբուժության ՝ոչ»,- նշում է Անուշիկ Կոստանդյանը։

Կյանքի ընթացքում Հրաչիկ Կոստանյանը երբեք չընկավ փառքի, կոչումների հետևից, երևի դրա ժամանակն էլ չուներ՝ այնքան հագեցած էր նրա մասնագիտական գործունեությունը։ Պլաստիկ վիրաբույժների համար բնական, ցանկալի և գնահատելի էր համադրել բժշկի և արվեստագետի վարպետությունը։ Հրաչիկ Կոստանյանը դրա լավագույն օրինակն էր։

Back to top button