Մտքի ուժը

Կոսմիկական ճառագայթները՝ նոր պատուհան Արագածից դեպի տիեզերք. «Մտքի ուժը»

Հայ գիտնականները վկայում են՝ վերջին տարվա ընթացքում Արեգակը անհանգիստ է։ Արեգակը մոտակա աստղն է, որը կյանք է տալիս բնությանը, մարդու ազդեցությունը գերագնահատվում է, բայց Արեգակի ազդեցությունը թերագնահատվում է՝ արձանագրում է Աշոտ Չիլինգարյանը։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կոսմիկական ճառագայթների բաժանմունքի ղեկավարը պատմում է․ «20 տարի մեր բազայում տարրական մասնիկների մասին տվյալներ կան։ Կան նաև այլ կլիմայական պարամետրերի մասին, որոնք կարող են հիմք դառնալ այդ երևույթների ուսումնասիրման համար։ Բարձր լեռնային կայանները ավելի շուտ ու ավելի շատ են փոփոխվում, հետևելով բարձր լեռնային կայանների մոնիթորինգին ու կայծակների թվի ու էլեկտրական դաշտին՝ կարելի է շատ հետաքրքրիր հետևություններ անել»։

80 տարի գիտնակակները չափում են կոսմիկական ճառագայթների հոսքերը: Այս տարիների ընթացքում ու վերջին երեսուն տարվա ընթացքում, որը համընկավ Հայաստանի անկախության տարիների հետ, հայ գիտնականները մի շարք կարևոր հայտնագործություններ են արել: «Եթե մենք գնանք 80 տարի առաջ, նյութը, տարրական մասնիկները ուսումնասիրվում էին միայն կոսմիկական ճառագայթներով, այսինքն մարդու սարքած արագացուցիչները դեռ չկային»:

Այստեղ տիեզերքի մասին գիտեն գրեթե ամեն ինչ։ Գիտնականն ասում է՝ կոսմիկական ճառագայթները նաև նոր պատուհան են դեպի տիեզերք: Օպտիկական ուսումնասիրությունները տալիս են ինֆորմացիայի ավելի քան 90 տոկոսը, բայց տարրական մասնիկները, դրանց հոսքերը նաև փոփոխվող հոսքերը ուրույն ինֆորմացիա են տալիս ամենաբարձր էներգետիկ երևույթների մասին:

Ամպրոպները նոր են սկսվելու, դրանք անհրաժեշտ են կյանքը շարունակելու համար՝ արձանագրում է գիտնական Չիլինգարյանը: Նշում է, որ այժմ կարողանում են հասկանալ, թե ոնց են սկսվում ամպրոպները, գուցե մասնիկների հոսքերն են, որ ձևավորում են կայծակը։

Գիտնականն արձանագրում է՝ շատ հաճախ գիտության մեջ շատ բաներ ոչ թե պլանավորված են ստացվում, այլ հանկարծակի: Պատմում է, որ երբ վերջացրեցին բարձր էներգիայի ֆիզիկայի ուսումնասիրությունը, մտածում էին՝ ինչով զբաղվել: Այդ ժամանակ էլ հասկացան, որ արեգակնային ֆիզիկան ու տիեզերական եղանակը կարող են դրամաշնորներ բերել: Այդպես էլ եղավ։  

Բայց պետք էր ապացուցել, որ նոր գրանցված ֆիզիկան միայն Արագածում չէ, դետեկտորների մեծ ցանց ստեղծեցին, տեղադրեցին Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի ամենաբաբձր սարերում։ Ծրագիրը սկսեց աշխատել ԱՄՆ օժանդակությամբ։ Դետեկտորներ տեղադրեցին տարբեր տեղերում։ 

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքում ավագ գիտաշխատող Տիգրան Կարապետյանն ասում է․ «Բաժանմուքնում կատարվող յուրահատուկ հետազոտությունների համար հաճախ պահանջվում է տարբեր պարամետրերով դետեկտորների կառուցում։ Ուղղություններից մեկը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամպրոպային երևույթների ուղղությամբ, Տիեզերական միջավայրի ուսումնասիրության և վերլուծության մասնիկներ գրանցող (SEVAN) ցանցն է։ Ներգրավված եմ նաև այդ խմբում, ցանցը, որը բաղկացած է դետեկտորներից, իր մեջ ներառում է տարբեր երկրներ։ Ցանց է կոչվում, քանի որ տվյալները բոլոր վայրերից հավաքվում են օնլայն տարբերակով, հասանելի են բոլորին»։

Գիտնականն ասում է, որ առաջատար կազմակերպություններն են շահագրգռված հայկական դետեկտորներով։ Հայ գիտնականները վստահ են՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտական պրոդուկտ ստեղծում են, ավելին՝ փորձում են անել հնարավոր ամեն ինչ՝ այն հանրայնացնելու համար:

Back to top button