Մտքի ուժը

Խոչընդոտ հաղթահարող ռոբոտ շներից մինչև ձայնը տեքստի վերածող ծրագրեր․ ի՞նչ են առաջարկում երիտասարդները. «Մտքի ուժը»

Ինչպե՞ս է թռչում ինքնաթիռը, ո՞րն է նրա՝ երկնքում հայտնվելու գաղտնիքը․ օդանավի անխափան թռիչքի հիմքում տեսական ճիշտ հաշվարկներն են։ Հայ-ռուսական համալսարանի համակարգային ծրագրավորման ամբիոնի ղեկավար Սևակ Սարգսյանը պատմում է․

«Այն մոդելը, որի համար կատարել են հաշվարկները, դաշտային պայմաններում թռցնում են, համեմատում են, տեսնում են՝ որքանով համընկավ, որքանով՝ ոչ, որ կետերում են հաշվարկներում թերացել ու պետք է ուղղել։ Սա նախագծերից մեկն է, գիտության ճյուղ, որը թույլ է տալիս հասկանալ թռչող սարքերի աէրոդինամիկ  հատկությունները։ Այս ուղղությունից բացի կա նաև ղեկավարման ուղղություն, երբ ունես սարքը, նրա ֆիզիկական հատկությունները։ Ինչպե՞ս  պետք է ղեկավարել այդ սարքը, այսինքն՝ ինչպիսի ալգորիթմներ պետք է համապատասխան ղեկավարման մասերը շարժեն, ինչ արագությունների դեպքում, որ հասնեն նպատակակետին։ Երրորդ ուղղվածությունը. այսօր բոլոր սարքերը խելացի են, կան որոշակի ալգորիթմներ՝ հիմնականում արհեստական բանականության միջոցով, որ թույլ են տալիս կամ համակարգչային տեսողության միջոցով որոշակի տվյալներ մշակել, կամ սենսորներից եկած տվյալներից որոշակի հետևություններ անել կամ միախառանելով՝ լրացուցիչ ինֆորմացիա ստանալ»։

Գիտական բոլոր խնդիրները լուծվում են Հայ-ռուսական համալսարանի հետազոտական կենտրոնում։ Այլ հետաքրքիր ու ժամանակակից խնդիրներ էլ ունեն, օրինակ՝ ստեղծել են դրոնների խումբ, որով տարածքի նկարահանում են կատարում։ Մասնագետն ասում է, որ այնպես պետք է ընտրեն նկարահանման հետագծերը, որ բոլոր դրոնները հավասարաչափ աշխատանք կատարեն։ Ապա ստանալով այդ տվյալները՝ փորձ է արվում տարածքի քարտեզ կառուցել։  

«Կանոնավոր կերպով մոնիթորինգ կատարելով՝ ունենում ենք տարածքի քարտեզները տարբեր ժամանակներում։ Տարբեր խնդիրներ կարող ենք այստեղ լուծել․ օրինակ՝ քաղաքաշինության ոլորտում կարող ենք հասկանալ՝ կա՞ն անօրինական շինություններ, թե՞ ոչ։ Եթե կա արտակարգ իրավիճակ, դրա մասին լրացուցիչ տեսանկարներով ինֆորմացիա կարող են ստանալ։ Գյուղատնտեսության ոլորտում նույնպես կարելի է կիրառել, օրինակ՝ ցանքը արել են, սարքը թռչում է ու հասկանում ՝արդյո՞ք ամբողջությամբ է կատարվել, թե՞ ոչ, ամբողջ ցանածը ծլե՞լ է, թե՞ ոչ։ Սպեկտրը շատ մեծ է»։

Անգամ ռոբոտ շներ են նախագծում, որոնք պետք է քայլեն՝ խոչընդոտներ շրջանցելով։ Սա արվում է արհեստական բանականության միջոցով․ նախ քայլել են սովորեցնում, հետո՝ նաև հաղթահարել խոչընդոտները։ Ու երբ շունդ սովորում է, հաջորդ անգամ արդեն նույն ռոբոտ շունը ինքն է փորձում նմանատիպ խոչընդոտներ հաղթահարել՝ ասում է Սևակ Սարգսյանը։ Ռոբոտաշինությանը՝ ռոբոտների ու դռոնների զարգացման ուղղությանը, նվիրված լաբորատորիայի մասին Հայ-ռուսական համալսարանում խոսում էին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, բայց այն բացվեց 2021թվականին՝ պատերազմից հետո։ Պրոֆեսիոնալ թիմը պրոֆեսիոնալ մակարդակով խնդիրներ կլուծի՝ ասում է Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն,  ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արման Դարբինյանը։ 

«Սեփական լուծումները կտան, սեփական մեթոդներն կառաջարկեն, որոնք ավելի օպտիմալ կլինեն։ 2021-ին մենք նախաձեռնեցինք երկու նոր մագիստրոսական ծրագիր։ Մագիստրատուրայի իմաստը հետևյալն է. այն ուսանողները, որոնք գալիս են ընդունվելու, պետք է չաշխատեն, որպեսզի ամբողջությամբ էներգիան ներդնեն կրթության ու հետազոտության մեջ։ Ուսման ընթացքում ստացած գիտելիքները պետք է կարողանան անմիջապես կիրառել մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար»։

Աշխատող ուսանողները կարող են ծրագրին միանալ, միայն թե նրանք պետք է ոլորտային կազմակերպությունում աշխատեն։ Ակնկալում էին, որ դիմողները շատ կլինեն, բայց այդպես չեղավ։  Հայ-ռուսական համալսարանի համակարգային ծրագրավորման ամբիոնի ղեկավար Սևակ Սարգսյանը պատմում է՝ բուհում հետազոտական կենտրոն է գործում, որտեղ տարբեր խնդիրներ են լուծում, ծրագրային ապահովման անվտանգությունից մինչև մեքենայական ուսուցման մի շարք ուղղություններ՝ համակարգչային տեսողություն, բնական խոսքի լեզվի մշակում, բժշկական տվյալների մշակում։ Մագիստրոսական ծրագիրն իր լաբորատոր կազմով մտնում է կենտրոնի ու ինստիտուտի մեջ։ Կենտրոնի հետազոտողները դասավանդում են ինստիտուտում՝ առաջատար գիտելիքը տրամադրելով կրթական համակարգին որպես գիտելիք ու ինդուստրիան՝ որպես նախատիպ։

Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը գիտական առաջարկները տնտեսության մեջ կիրառելն է։ Հնարավո՞ր է արդյոք, որ գիտական այս առաջարկները մի օր տնտեսության մեջ կիրառվեն, թե՞ այս առաջարկներն էլ  նախագծերի նման մնալու են համալսարանում։ Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն,  ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արման Դարբինյանն ընդգծում է՝ իրենց բոլոր նախագծերը կիրառելի են, բոլոր լաբորատորիաները հենց կիրառական նշանակություն ունեն։ Բոլոր նախագծերի հիմնական բաղադրիչները՝ կրթություն, հետազոտություն,  գիտություն, արտադրություն կապն ապահովելն է։ «Ինչ վերաբերում է ինդուստրիայի հետ կապին, դա մի քիչ գլոբալ խնդիր է։  Հայաստանում ընդհանրապես այդ կապն է պրոբլեմատիկ։ Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ մի քիչ ավելի լավ է, քանի որ մենք ունենք գործող լաբորատորիա, որտեղ 60-ից ավելի հետազոտողներ են աշխատում, աշխատում են իրական ինդուստրիայից եկած խնդիրների հետ։ Այդ առումով մենք մի քիչ շահեկան դիրքում ենք, բայց գլոբալ առումով այդ կապը մի քիչ խզված է, դրա վրա աշխատում ենք»։

Գիտահետազոտական համակարգն ինքն իրենով հետազոտությունից մինչև արտադրություն միայնակ չի կարող աշխատել։ Աշխարհի լավագույն համալսարանները ստարտափ աքսելերատորների միջոցով են հետազոտոությունը դարձնում բիզնես։ Այսպիսի մեխանիզմներ պետք է գործարկել, քանի որ լավագույն համալսարանի դեպքում էլ միևնույն է՝ միայնակ հնարավոր չէ՝ արձանագրում է Սևակ Սարգսյանը։ Նշում է՝ բիզնեսը ճկուն է, արագ լուծումների է գնում։ Դրանցից մեկն էլ գնումների մեխանիզմներից ազատ գործելու հնարավորություն ունենալն է, հենց սա է, որ գիտական առաջարկները տնտեսության մեջ կիրառելու հիմք կդնի։ Այս ինստիտուտը պետք է կայացնել։ 

Back to top button