Մտքի ուժը

Մութ ամպերում՝ երիտասարդ աստղեր․ տիեզերքը չի գաղտնազերծվում. «Մտքի ուժը»

Նրանք ծնվում են, ապրում ոչ թե մի քանի տասնյակ, այլ՝ միլիարդ տարիներ։ Բնության մեջ ներդաշնակ է ամեն ինչ։ Մոտ մեկ դարը մարդու համար արդեն շատ մեծ տարիք է, մինչդեռ աստղերի համար երիտասարդությունը սկսվում է միլիոն տարի ապրելիս։ Աստղերը ծնվում են իրենց սկավառակների հետ։ Աստղերը փոքր են, նրանց դիտելը՝ հետաքրքիր։ Երիտասարդ աստղերը զարգացման տարբեր փուլեր են անցնում՝ անկայուն երևույթներ, ասում է  Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Տիգրան Մովսիսյանը․ «Ինչպիսի՞ն է պայծառության շեշտակի աճը։ Մի հարյուր անգամ կարող է նրա լուսատվությունը աճել, հետո ընկնել, նորից աճել։ Կան հետաքրքիր օբյեկտներ՝ ֆուորներն են։ Աստղի պայծառությունը շեշտակի աճում է, ու երկար տարիներ մնում է։ F ու Orionis աստղի մոտ է այն դիտվել։ Նրա անունով էլ ֆուորներ են կոչվել։ Այլ նոր օբյեկտներ էլ կան։ Մենք էլ ենք մի քանի ֆուրո հայտնաբերել։ Ուսումնասիրել ենք տարբեր դիտակներով»։

Աստղերի մոտ շատ մեծ արագությամբ նյութի արտահոսք է դիտվում։ Բևեռների ուղղությամբ արտահոսք կա, մի քանի հարյուր կիլոմետր վայրկյան արագությամբ գազը դուրս է նետվում՝ հարվածելով միջաստղային նյութին, սկսում է լույս տալ, ճառագայթել։ Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղերի բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանը պատմում է․   «Ֆուորները հազվագյուտ օբյեկտներ են, մեր արեգակը 5 մլրդ տարեկան է։ Ուստի 100 միլիոն տարի առաջ ծնված աստղերը երիտասարդ են։ Կան փոփոխական աստղեր, աստղեր, որոնց պայծառությունն է ժամանակին փոխվում։ Նրանց զգալի մասը լավ ուսումնասիրված է։ Սա կարևոր է աստղագիտության համար»։

Ամենավերջին հայտնագործություններից մեկը, որը նույնպես հրատարակվել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրում, ապացուցում է՝ գտել են մի աստղ, որի հատկությունները ուսումնասիրված չեն։ «Մենք 6 մետրանոց դիտակով դիտեցինք, տեսանք շիթի հետքերը։ Այդ աստղը, որը պայծառացել է, ֆուոր է։ Բայց դա շատ վաղուց է եղել։ Գուցե մի քանի հարյուր տարի առաջ»։

Ֆուոր անվանումը ստացվել է Օրիոնի համաստեղության FU Ori աստղից, էքսորները վերցված են հարավային կիսագնդում գտնվող գայիլի համաստեղությունում EX Lup աստղից։ Սա էլ պայծառանում է շատ արագ՝ մնում մեկ-երկու տարի, հետո նորից ընկնում նախնական վիճակի մեջ։ Առաջատար գիտաշխատող Տիգրան Մովսիսյանն ընդգծում է՝ բոլոր երիտասարդ աստղերի մոտ սկավառակներ կան, նյութը ընկնում է աստղի վրա, սկավառակի ու աստղերի լույսերը միասին պայծառացնում են աստղը։ Այլ հետաքրքիր հանգամանքներ էլ կան՝ բացատրում է Տիգրան Մաղաքյանը՝ նշելով ֆուորների սպեկտրը մեկը մյուսին նման է։ Ունեն գրեթե նույն հատկությունները։  Աստղագիությանն ուշադրություն դարձվում է, բայց սարքավորումների խնդիրներն ակնհայտ են՝ ասում են գիտնականները։ Տիգրան Մովսիսիյանը փաստում է՝ աստղագիտությունում արագ են թարմացվում սարքավորումները։

Ամեն չափի դիտակ ունի աշխատանքի «նիշան», կարևորն այն գտնելն է՝ եզրափարկում են գիտնականները։

Back to top button