Մտքի ուժը

Ֆունկցիոնալ սնունդ` մայրական կաթից․ հայ գիտնականների բացառիկ առաջարկը. «Մտքի ուժը» 

Հայաստանում կրծքով սնուցման ցուցանիշները վերջին տասնամյակներին բարելավվել են: Եթե 2010 թվականին մինչև 6 ամսական երեխաների միայն 35 տոկոսն էր բացառապես կրծքով կերակրվում, ապա վերջին տարիներին այդ ցուցանիշը հասել է մոտ 50 տոկոսի։ Մայրական կաթը համարվում է սպիտակ ոսկի։

«Ամենաշահավետ ներդրումը, կաթի ներդրումն է երեխայի մեջ». Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերն ապացուցվել են տարիներ շարունակ։ Երկար ժամանակ ամբողջ աշխարհոմ մայրական կաթը համարվում էր ստերիլ, բայց 2003 թվականին գիտական երկու խումբ կոտրեցին կարծրատիպերը․ հետազոտեցին ու պարզեցին, որ մայրական կաթը ստերիլ չէ, բաղադրությունում կան բակտերիաներ, որոնք անցնում են աղիներից կրծքագեղրձեր՝ առաջացնելով գաղութացում։ Կաթնարտադրության հետ միասին երեխաները ստանում են մանրէները։ Տարբեր երկրներում նմանատիպ հետազոտություններ արվել են։

Հայաստանում գիտական այս խումբը առաջինն էր։ ԳԱԱ Հայ կենսատեխոնոլգիա գիտաարտադրական կենտրոնի կաթնաթթվային բակտերիաների հետազոտման  լաբորատորիայի ղեկավար Լուսինե Դանիելյանը պատմում է․ «Շատ ակտուալ է թեման, քանի որ մեր անջատած մանրէներն աշխարահագրական նշանակություն ունեն։ Նրանք յուրահատուկ են՝ կախված, թե որտեղ են գտնվում։ Նրանք յուրահատուկ են նաև կնոջ միկրոֆլորայի դեպքում։ Երեխան, ստանալով այդ մանրէները, ունենում է աղիների գաղութացում։ Սա դիզբակտերիոզի կանխարգելման համար շատ կարևոր է։ Մենք ցանկանում ենք մայրական կաթից անջատած միկրոբներով ստանալ ֆունկցիոնալ սնունդ՝ այն առաջարկելով հղի կանանց, որպեսզի վերջին եռամսյակում օգտագործեն այն։ Արհեստական սնունդով կամ աղեստաքմոսային տրակտով տառապող երեխաներին նույնպես այն առաջարկել»։ 

Գիտական խմբում պայմանագիր են կնքել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հետ։ Պահպանելով բոլոր ստերիլ կանոնները՝ ծննդկաններից վերցնում են կաթը, շատ արագ տեղափոխում են լաբորատորիա։ «Քանի որ մոտ է, 15 րոպեում լաբորատորիայում է լինում։ Նախապես պատրաստված են բոլոր սննդային միջավայրերը։ Մենք հատուկ կուտակային կուլտուրաներ ստանալու մեթոդ ենք մշակել։ Մանրէները, որտեղից անջատում են, այնտեղ էլ օգտագործում են։ Իսկ մայրական կաթից անջատածն անցնելով կնոջ աղիներ, գաղութացնում է, անցնում է   կրթծագեղձեր։ Ներքին ուղիում հատուկ ռեցեպտորներին են անցնում կրծքագեղձեր ու երեխային է հասնում։ Այս յուրահատկությունը ավելի ուշ կհանրայնացնենք։ Բայց որ յուրահատկությունը կա, դա հստակ է»։

Հետազոտությունը, որն այս պահին կատարում են հայ գիտնականները, կարևոր ու առանցքային նշանակություն կարող է ունենալ․ միկրոբիոտայից կարևոր կաթնաթթվային բակտերիաների անջատում, մաքուր կուլտուրաների ստացում, նույնականացում, օգտագործում նոր տեխնոլոգիաների ստացում․ «Մայրական կաթից անջատում ենք անում, նույնականացում։ Հայաստանում նմանատիպ աշխատանքներ չեն արվել։ Հետազոտությունները սկսել էինք  2013 թվականից, բայց ֆինանսական խնդիրների պատճառով դրանք կանգնել էին։ Անցյալ տարի ՀԱՖ-ի ԱՆՍԵՖ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մենք գումար ստացանք ու սկսեցինք նոր կաթնաթթվային բակտերիաներ անջատել, ուսումնասիրել դրանց հատկությունները։ Այժմ մեր արած աշխատանքները տպագրում ենք բարձր հղման գործակից ունեցող ամսագրում։ Ընթացքի մեջ է։ Կարողացանք հետազոտության բավականին թանկարժեք մեթոդ ձեռք բերել ու մեր շտամները նույնականացնել։ Դրանք ուղարկեցինք Հոնկոնգ։ Այս պահին լաբորատորիայով աշխատում ենք այդ մանրէների պրոբիոտիկ հատկությունները հետազոտելով, որից հետո դրանք երեխաների համար կօգտագործենք որպես սնունդ»։  


ԳԱԱ Հայ կենսատեխնոլգիա գիտաարտադրական կենտրոնի կաթնաթթվային բակտերիաների հետազոտման լաբորատորիան տասնամյակների պատմություն ունի։ Այստեղ է «ծնվել» այսօր արդեն շատ հայտնի «Նարինե» մածունը։ Կաթնաթթվային շտամի հեղինակը պրոֆեսոր Երզնկյանն է։ Կենսաբանական գտությւոնների դոկտոր պրոֆսոր Հրաչյա Հովհաննիսյանը պատմում է՝ «Նարինե»-ն, երբ ստեղծվեց, աշխարհում անգամ չգիտեին, թե ինչ է այն, անգամ չէին պատկերացնում, որ բնական մթերքով կարելի է հիվանդությունը բուժել։ Այժմ ամեն ինչ փոխվել է․

«Այժմ մեծ նշանակություն են տալիս բնական միջոցներին, շատ կա նմանատիպ կենսադեղագործունեություն։ Այժմ էլ, երբ ֆորմուլաները հայտնի են դառնում, քիմիկոսները սինթետիկ դեղանյութեր են ստեղծում։ Մենք մարդու օրգանիզմի օգտակար հատկություններն ենք հետազոտում։ Մեր աղիներում մոտ 1․5 կգ մանրէ կա, աղիների պարունակության 30 տոկոսը մանրէներ են։ Նրանք են ապահովում մեր օրգանիզմի կարևոր հատկանիշները։ Տասնամյակներ առաջ չգիտեին, որ մայրը կաթի միջոցով կարևոր միկրոբները փոխանցում է երեխային՝ նրան պաշտպանելով հիվանդություններից։ Մայրը կերակրելով մանրէները փոխանցում է երեխային։ Մենք ստացել ենք մեր հետազոտության արդյուքները. միկրոբները բոլորովին նոր են։ Դրանք օգտակար են օրգանիզմի համար»։

Թե ինչպես են օգտակար այդ մանրէները փոխանցվում, գիտնականները չեն պարզել։ Բայց մի բան հստակ է՝ հայ գիտնականներն առաջարկում են մայրական կաթից մածուն մերել ու կերակրել երեխային։ Հետազոտությունները դեռ կշարունակվեն։ Հետագա փուլերն էլ հեշտ չեն լինելու։ Առաջարկը տնտեսությունում կիրառելու համար դեռ երկար ճանապարհ են անցնելու՝ փորձարարական, հետազոտական։

Այստեղ էլ մեծ գումարների կարիք լինելու է։ Կփրոձեն կրկին դրամաշնորհների միջոցով հայթայթել այս գումարը։ Գիտնականները փաստում են՝ հենց դրամաշնորհներն են, որ շատ հաճախ իրենց օգնում են վերջնարդյունք գրանցելու համար։

Back to top button