ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զբոսաշրջության մեծ հնարավորություն ունեցող Արաքս գյուղը 35 տարի մանկապարտեզի չունի

Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզը երեք տասնամյակից ավելի լուռ է: Խորհրդային Միության փլուզումից հետո համայնքը տեղական բյուջեի միջոցներով հնարավորություն չի ունեցել շահագործելու մանկապարտեզը: Գյուղի երեխաները դպրոց են հաճախել առանց նախնական կրթության: Վերջին տասնամյակում Արևադաշտ գյուղի մանկապարտեզի բացումից հետո երեխաների մի մասն այնտեղ է հաճախել, իսկ 2020-ից՝ Արաքսի դպրոցի նախակրթարան:

Սարդարապատի հուշահամալիրի հարևանությամբ է գտնվում Արմավիր համայքի Արաքս գյուղը, իսկ մայրուղու հարևանությամբ՝ մանկապարտեզը, որն ավելի քան 35 տարի մատնվել էր անուշադրության: Գյուղի երեխաները խորհրդային տարիներից հետո նախնական կրթություն չեն ստացել, իսկ 2009թ հարևան Արևադաշտ գյուղում Էդուարդո Էռնեկյանի մեկենասությամբ մանկապարտեզի կառուցումից հետո ծնողներից ոմանք երեխաներին տարել են այնտեղ:

 «Գյուղից շատ երեխաներ էին գնում այդ մանկապարտեզ: Ծնողներով 200 դրամ էինք հավաքում ավտոմեքնենայի գազի լիցքավորման համար, հերթով տանում-բերում էին՝ առավոտ, իրիկուն: Մանկապարտեզն անվճար էր, երեք տարեկանից էին ընդունում մինչև դպրոց գնալը»:

Զրուցակիցս 7 թոռ ունի, որոնք իրենց հասակակիցների հետ հաճախել են Մայր Աթոռի հովանավորությամբ անվճար գործող մանկապարտեզ: Իր երկու որդիներից միայն ավագն է հաճախել Արաքսի նախակրթական հաստատությունը: Հաջորդ զրուցակիցս 37-ամյա տղամարդ է, նա գյուղի մանկապարտեզի վերջին սաներից մեկն է:

«Մանկապարտեզը մշուշոտ եմ հիշում, ամենից շատ ճաշերն եմ հիշում, հետո ոտանավորները, որ արտասանում էինք, բայց շատ աղոտ եմ հիշում: Մեր խմբում 25-30 երեխա կլիներ»:

Չորս երեխա ունի, որից երկուսը՝ մանկապարտեզահասակ: Դպրոցական երեխաներից միայն մեկն է նախակրթարան հաճախել, իսկ երկուսը դեռ կհասցնեն գնալ: Նախակրթարանից դպրոց է գնացել նաև Նարեն.

«Մեզ գրավոր չէին տալիս, միայն տառերն էինք նկարում. Ա տառով, Բ տառով, բոլոր տառերով բաներ էինք նկարում, ընկեր Արմինեն մեզ աստղ էր դնում, ժպիտ դնում: Այնտեղ շատ խաղալիքներ կային, խաղում էինք»:

Մայրն է լրացնում. «Տառերը, թվերը, երթևեկության կանոնները, երգ-երաժշտություն, առաջին դասարանի ծրագրով ինչ նախատեսված էր իրենք, ուղղակի, առանց գրավոր գրելու՝ նույն ծրագիրն անցել են: Նախակրթարանը ոչ լիարժեք, բայց լրացրել է մանկապարտեզի բացը»:     

Արաքս գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվել է 2022թ սուբվենցիոն ծրագրով, շինարարական աշխատանքները սկսել են անցած տարվա գարնանն ու ավարտել մեկ տարի անց: Նախկին վթարային կառույցից ոչինչ չի մնացել: Հիմնակառուցման համար ծախսվել է շուրջ 280 մլն դրամ, որի 70 տոկոսը հոգացել է կառավարությունը՝ ասում է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը.

 «Արաքս գյուղի մանկապարտեզը Խորհրդային Միության փլուզումից հետո երբևիցէ չի աշխատել, այսինքն՝ Արաքս գյուղն անկախ Հայաստանում մանկապարտեզ չի ունեցել: Շինարարկան աշխատանքներն արդեն մոտեցել են ավարտին, և սկսել ենք թղթաբանական աշխատանքները, որպեսզի մոտ ապագայում հնարավորութուն ունենանք բացել մանկապարտեզը: Նախատեսված է 101 երեխայի համար, այս պահին հերթագրման աշխատանքներ են իրականացվում»:

Անի Հովհաննիսյանն անհամբերությամբ է սպասում մանկապարտեզի բացմանը, չորս երեխա ունի, որից երկուսն են դպրոցական:Մանկապարտեզը թեթևացնելու է բազմազբաղ մոր հոգսը:

«Երեխաս ծնվել է 2019թ, հոկտեմբերին կդառնա 5 տարեկան: Գյուղապետարանից զանգեցին ու ասացին, որ ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով ներկայանամ՝ դիմումը լրացնելու: Կոնկրետ դեռ ոչինչ չեն ասել, թե քանի տարեկանից կլինի ընդունելությունը, որ ասեմ, թե փոքրս քանի տարեկանից կհաճախի մանկապարտեզ»:

Մանկապարտեզի բացումով նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն, և տեղացիները գյուղատնտեսությանը զուգահեռ կզբաղվեն մասնագիտական աշխատանքով:

«Օրինակ՝ իմ կինը մասնագիտությամբ դաստիարակչուհի է և կարող է մեր մանկապարտեզում աշխատել, եթե  հնարավորություն լինի. եթե գյուղից ընդունեն աշխատանքի: Ինքը սովորել է, ու կկարողանա աշխատել»:

Արաքս գյուրղի մանկապարտեզի կահավորումը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը շուրջ 28 մլն դրամ է:   

Back to top button