ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պաշտոնականից բացի այլ վարկած չի քննվում․ զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալները տուժողների հետ համակարծիք են

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով քննությունը չի բավարարում ո՛չ տուժող, ո՛չ մեղադրվող կողմին․ երկու կողմն էլ կասկածի տակ են դնում քննության օբեկտիվությունն ու անաչառությունը։ Պնդում են՝ թե՛ քննչական մարմինները, թե՛ դատարանը պաշտոնական վարկածից զատ այլ հանգամանքներ քննության չեն առնում։ Անցած տարվա սկզբին 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից ժամեր անց կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հնչեցրել մինչ օրս միակ հիմնականը համարվող վարկածը, որ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ վաշտի կապիտան Եղիշե Հակոբյանը փորձել է բենզինով թեժացնել վառարանի մարող կրակը: Կապիտանը գործով 5 մեղադրյալներից մեկն է։ Մյուս մեղադրյալ, զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի պաշտպան Գուրգեն Ներսիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ թե՛ տուժող, թե՛ մեղադրվող կողմն ակնկալում է իմանալ՝ ինչ է իրականում տեղի ունեցել, սակայն դեպքից մեկ տարի 3 ամիս անց էլ պատասխաններ չկան։

«Ցանկացած չեզոք դիտորդի համար ակնհայտ է, որ կան բազմաթիվ խնդիրներ, չլուսաբանված, չբացահայտված կողմեր։ Եթե հետևել եք, մենք դատաքննության փուլում հարցաքննել ենք դեպքին ուղիղ ականատես անձանց, որոնց տված ցուցմունքները որևէ արժանահավատություն չեն պարունակում և կարևորագույն հանգամանքները պարզելու նպատակով հնչած հարցերի պատասխանները ցույց են տալիս, որ հարցաքննվող անձինք ինչ որ բան են թաքցնում»,– ասում է Գուրգեն Ներսիսյանը։

Զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը մեղադրվում է պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ։ Գրեթե նույն մեղադրանքն է առաջադրված նաև մյուս մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանին։ Կալանքում գտնվող երկու սպաներն էլ իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։ Մառլեն Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդում է՝ իր պաշտպանյալը մեղադրվում է պաշտոնեական այնպիսի պարտականություններ չկատարելու մեջ, որոնք, ըստ էության, իր պաշտոնից չեն բխում։

«Բարոյական առումով, իհարկե, կարծում եմ, որ այդ զորամասում բոլոր սպաներն են մեղավոր, բայց եթե մենք խոսում ենք օրենքից ու իրավաբանությունից, յուրաքանչյուր մեղք պետք է հիմնավորված լինի, և այդ առումով մեղքը ընդհանրապես անընդունելի է։ Այս դեպքից մի քանի ամիս առաջ նույն զորամասում նորից հրդեհ է եղել, գույք է ոչնչացել, դրա հետ կապված ծառայողական քննություն է իրականացվել, հարուցվել է քրեական գործ, և հարց է առաջանում՝ եթե Մառլեն Սարգսյանը իրականում այդ պաշտոնյան էր, ինչն է պատճառը, որ նախկին դեպքի վերաբերյալ այդ մարդուն չեն հարցաքննել, ոչ ոք բացատրություն չի վերցրել»,– ասում է պաշտպանը։

Կալանքում գտնվող սպաները ուղիղ պատասխանատվություն չեն ունեցել կացարանում հակահրդեհային անվտանգության կանոները պահելու համար՝ կարծում են փաստաբանները։ Նրանք պնդում են՝ պետք է գործը համակողմանի քննվեր, քննության առնվեին բոլոր հնարավոր վարկածները․ միայն այդ դեպքում դատավարությունը վստահություն կառաջացներ։

«Մի կողմից կա ծառայողական պարտականություն, մյուս կողմից նաև պետք է հստակ պարզվի՝ այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը արդյո՞ք կարող էր կանխել այն հետևանքը, որը տեղի է ունեցել։ Սա պարզելու համար մենք պետք է հասկանանք՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամաներում, ու՞մ կողմից, ո՞ր անձանց ներգրավածությամբ և ի՞նչ նպատակով։ Սրանք առանցքային նշանակություն ունեն»,– կարծում է Ներսիսյանը։

Գործով այս պահին 5 մեղադրյալ կա, նրանցից 3-ը՝ ենթադրաբար վառարանը բենզինով թեժացնել փորձած կապիտան Եղիշե Հակոբյանը, զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Մյուս երկուսը՝ ինժեներական վաշտի հրամանատարը և զորամասի ինժեներական ծառայության պետը ազատության մեջ են։ Մեղադրյալ Մառլեն Սարգսյանի պաշտպանը պատմում է՝ մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերանայելու համար, սակայն դատարանը միջնորդությունը չի բավարարել։

«Աբսուրդ է, որ գործով կան նաև այլ մեղադրյալներ, որոնք անմիջականորեն պատասխանատու են եղել թե՛ տվյալ ստորաբաժանման հակահրդեհային ծառայության համար, թե՛ մյուս բոլոր տեսակի ծառայությունների համար ու մեղադրվում են նույն հոդվածով, բայց այդ մարդիկ այսօր գտնվում են ազատության մեջ, իսկ նույն գործով, նույն հանգամանքներում իմ վստահորդը գտնվում է անազատության մեջ»։

Հրդեհված կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները օրեր առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում․ բազամակողմանի քննությունից, անաչառ հետաքննությունից բացի, ծնողները պահանջում էին մինչև հաջորդ դատական նիստը կալանավորել, իրենց պնդմամբ, դեպքի իրական մեղավորներին։

«Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն նրանց, ում պետք է։ Ես, որոշ բաներ հաշվի առնելով, անուններ չեմ տալիս: Եթե ամսի 10-ի դատին իմանանք, որ քրեական հետապնդում չեն ներկայացրել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողները, հարազատները, մեր երեխեքի ընկերները։ Գալու ենք ու մեղմ ասած անհարմարություններ ստեղծենք իրենց համար»,– ասում էր զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Զինվորական կացարանի հրդեհի գործը քննում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Մի քանի դատական նիստ արդենկայացել է, տարբեր վկաներ ցուցմուքներ են տվել։ Նախաքննությունը, սակայն, այդպես էլ չի պարզել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։ Այս հարցը անպատասխան է մնացել նաև մեղադրյալներից  երկուսի փաստաբանների համար։

Back to top button