Երաժշտական եռանկյունի

Նիկոլայ Մադոյանի «Հայկական փայլը». «Երաժշական եռանկյունի»

Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ հանդիպումները մեր տաղավարում առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ երաժիշտը 1988թ-ին մշտական ստեղծագործական ընթացքի մեջ է:

Առաջին հայտը որպես հրաշամանուկ վիրտուոզ՝ նա ներկայացրեց դեռևս Նովոսիբիրսկի մասնագիտական երաժշտական դպրոցում սովորելիս, հանրահայտ ջութակահար և դասախոս Զախար Բրոնի ուղղորդմամբ մասնակցելով Չայկովսկու անվան համամիութենական մրցույթին՝ Մադոյանը դարձել է հաղթող «Երիտասարդ կատարողներ» անվանակարգում:

Այնուհետ ունեցել է բազմաթիվ շրջագայություններ պրոֆեսոր Բրոնի մյուս աշակերտների հետ՝ Մաքսիմ Ռեպինի, Նատալյա Պրիշչենկոյի և Մաքսիմ Վենգերովի հետ: Ուսումը շարունակել է Լյուբեկի և Բեռլինի կոնսերվատորիաներում և այսօր հանդիսանում է Հայաստանի փոքրաթիվ մենակատար ջութակահարներից առաջատար վիրտուոզը:

Վերադառնալով Հայաստան՝ ջութակահարը շարունակում է բուռն համերգային գործունեություն՝ հանդես գալով մենանվագներով, դուտներով, տրիոներով, կամերային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ հարուստ նվագացանկում ներառելով բոլոր երաժշտական ֆորմաների ստեղծագործություններ:

«Այս տարվա կարևոր իրադարձություններից է գերմանական խոշոր երաժշտական լեյբլի կողմից պատվիրված և հրատարակված «Հայկական փայլը» ձայնասկավառակի թողարկումը: Հեղինակների և ստեղծագործությունների ընտրությունը վստահված էր ինձ և նվագակցող դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանին: Աշխատեցինք ներկայացնել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ջութակային դուետները և ստեղծեցինք գունեղ երաժշտական պատկեր, որն ընդգրկում է Կոմիտասի, Միրզոյանի, Խաչատուրյանի, Բաղդասարյանի, Բեքարյանի, Հարությունյանի և Աբրահամյանի ստեղծագործություններ»,- ասում է Նիկոլայ Մադոյանը:

Երաժիշտը շատ է կարևորում այն հանգամանքը, որ հայկական երաժշտությամբ հետաքրքրված է դասական և ժամանակակաից ակադեմիական երաժշտության ոլորտներում առավել մասնագիտացված եվրոպական սկավառակ արտադրողը: Սա առաջին գրավականն է, որ հայկական երաժշտությունը կստանա համաշխարհային տարածում, կճանաչվի և կգտնի իրական գնահատականը:

Նիկոլայ Մադոյանի համերգային գործունեությւոնը նույնպես լի է բազմաթիվ բացահայտումներով հայ հանդիսատեսի համար: Հայտնի է, որ Վիվալդիի 200-ից ավել կոնցերտները, որոնք հայտնաբերվեցին 20-րդ դարի 60-ական թթ.-ին, կարելի է ասել անհայտ են հայ երաժշտասեր հանրությանը, որովհետև պարզապես անհասանելի են երաժիշտների համար և նաև այդ պատճառով չեն կատարվում:

Նիկոլայ Մադոյանը ստեղծեց համերգային ծրագիր, որի ընթացքում ներկայացրեց դեռևս չլսված ջութակի կոնցերտները Օպերային թատրոնի նվագախմբի նվագակցությամբ: Հաջորդ հետաքրքիր, յուրօրինակ համերգային ծրագիրը ներկայացնում էր Վիվալդիի և Պիացոլայի հանրահայտ «Տարվա եղանակները» մեկ համերգի շրջանակում՝ համադրելով իրարից ժամանակով և տարածությամբ տարանջատված այդ երկու  կոմպոզիտորների կոնցերտները:

Երաժիշտը անդրադարձել է նաև Արամ Խաչատուրյանի 120-ամյակին՝ վերջերս հանդես գալով Սանկտ-Պետերբուրգում, Միխայլովսկի նվագախմբի հետ՝ ներկայացնելով Խաչատուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երաժիշտը նաև անդրադառնում է ժամանակակից հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններին, ինչի մասին վկայում է վերջերս կայացած՝ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի 35-ամյակին նվիրված  համերգին վերջինիս սոնատների կատարումը:

Back to top button