ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շենգեն վիզայի օր` 20-75 հազար դրամով. տուրիզմը ճամփորդությու՞ն է, թե՞ օրերի վաճառք

Հայաստանի քաղաքացիների համար վերջին տարիներին ԵՄ երկրներ մեկնելը մի քանի անգամ բարդացել ու թանկացել է։ Շենգեն վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն հատկապես վերջին ամիսներին դժգոհությունները շատացել են: Մարդիկ նշում են, որ վիզա ստանալը դարձել է յուրատեսակ բիզնես։ Դժգոհություններ կան, որ լուրջ խնդիր է լինում վիզա կենտրոնների կայքերի միջոցով այսպես ասած՝ «օր վերցնելը». կամ կայքերը չեն աշխատում, կամ համապատասխան ծանուցում չի գալիս: Արդյունքում՝ մարդիկ ստիպված են զարտուղի ճանապարհով, այսինքն, վճարելով օր ամրագրել, իսկ այդպիսի ծառայության գները, ըստ տարբեր տեղեկությունների, տատանվում են 20-ից 70 հազար դրամի սահմաններում:

«Բարև ձեզ, դուք զանգահարել եք վիզաների աջակցման կենտրոն, խնդրում ենք սպասել օպերատորի պատասխանին»։

Եվրամիության որևէ երկրի վիզա ստանալու համար դեսպանատներում ազատ ժամ չկա, առնվազն առաջիկա ամիսների համար։ Վիզայի կենտրոնում չեն ժխտում՝ իսկապես խնդիր կա, բայց դա, ասում են՝ սեզոնային պահանջարկով և դիմողների մեծ թվով է պայմանավորված։ Դեսպանատներն ու վիզա կենտրոնները պարզապես չեն հասցնում։

«Քանի որ շատ պահանջված է և սեզոնն է, մարդիկ ցանկանում են մեկնել հանգստանալու, դեսպանատները և վիզաների կենտրոնները չեն հասցնում սպասարկել։ Բոլոր ուղղություններով էլ ծանրաբեռնված է։ Օրինակ՝ Իսպանիայի դեսպանատանը հերթագրվելու համար հունիս–հուլիս ամիսներին նոր կկարողանանք օր պայմանավորվել»։

Զբոսաշրջիկներից շատերին այս պատճառաբանությունները չեն համոզում։ Իրենց օրինակով գիտեն՝ այն, ինչ անհնար է օրինական ճանապարհով անել, հնարավոր է դառնում հավելյալ վճարով։ Զբոսաշրջիկներն ասում են, որ վիզայի ժամադրության որոշ ազատ տեղեր առանձին անհատներ են վերցնում հատուկ համակարգչային ծրագրերի՝ բոտերի միջոցով ու հետո մի քանի տասնյակ հազար դրամով վերավաճառում են։

Վիզայի կենտրոնում խուսափեցին այս հարցին պատասխանից։ Փոխարենը տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ վերջին տարիներին, հատկապես քովիդի համաճարակից հետո, եվրոպական երկրների վիզա ստանալը հայաստանցիների համար դարձել է գլխացավանք. երբեմն նույնիսկ ավելի թանկ է արժենում, քան ավիատոմսը։

«Օրերը վերցվում են, անվանափոխվում և վաճառվում բավականին բարձր գներով։ Միայն Գերմանիայի դեսպանատունը կարողացավ ծրագրի մեջ փոփոխություն կատարել, որ ցանկացած մարդ կարող է գրանցվել և սպասել իր հերթին, այսինքն Գերմանիայի դեսպանատան դեպքում չի կարող «խաղ» լինել։ Ճիշտ է սպասելու ժամանակն է շատ երկար 2-6 ամիս, իսկ մյուս դեսպանատներում համակարգը այլ է։ Ամենամեծ խնդիրները հատկապես վիզայի կենտրոնների հետ են կապված։ Կոնկրետ լիտվականի ու ավստրիականի հետ մենք առհասարակ հրաժարվել ենք աշխատել»։

Լիտվայի վիզաների կենտրոնի հետ մենք էլ փորձեցինք կապվել և հասկանալ՝ ո՞րն է առաջիկա ազատ օրն ու ժամը։

Օպերատորն այդպես էլ չպատասխանեց մեզ։ Տուրիստական կենտրոնում հաճախ են այս խնդրին բախվում, ավելի բարդ իրավիճակներ էլ են լինում։

«Առավոտյան մեր աշխատակցուհին տեսնում է, որ հունականով օրեր են բացված, մենք փորձում ենք օրը վերցնել, կոդ պետք է գա հեռախոսահամարին, որը չի գալիս։ Իսկ դա ավելի ցավոտ է, երբ տեսնում ես, որ օրը կա, բայց չես կարողանում վերցնել և օգնած լինել այդ մարդուն։ Ստացվում է՝ մնում ենք արտահերթի հույսին, իսկ արտահերթը ենթադրում է հավելյալ 15 000 դրամ»։

Հունաստանի դեսպանատնից հրաժարվեցին պարզաբանումներից, միայն ասացին, որ խնդիրը հավանաբար ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված։ Իսկ թե ինչով է պայմանավորված, որ ազատ տեղը հնարավոր չէ ամրագրել, իսկ հերթական փորձը արդեն ուշ է լինում, տուրիստական ընկերությունը սեփական փորձից է նաև հետևություններ անում։

«Կան ասեկոսներ, որ կան խմբեր, որոնք աշխատում են վիզայի կենտրոնի աշխատակցի հետ, որովհետև հնարավոր չէ, որ մենք տարիների փորձ ունենալով, չկարողանանք մարդուն որևէ կերպ օգտակար լինել, և նրանցից մեկի վրա դուրս գա հաճախորդը ու մեկ օրվա ընթացքում մինչև 75 հազար դրամ վճարելով օրվա համար»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը չի շտապում ենթադրություններ կամ հետևություններ անել, բայց հաշվի առնելով, որ Հայաստանը եվրոպական երկրների նկատմամբ շատ հյուրընկալ է, և բոլորը կարող են Հայաստան գալ առանց մուտքի վիզայի, ընդամենը փոխադարձ հարգանք է ակնկալում։

«Ես դեռ չեմ խոսում հերթերից։ Մեծ հույս ունենք, որ կլինի փոխադարձ հարգանք և մեր քաղաքացիների համար դեպի այդ երկրներ սեղմ ժամկետում կսահմանվի առանց վիզզայի մուտքի ռեժիմ։ Իսկ քանի դեռ վիզա կա, գոնե այս պահին ամեն ինչ անենք, ռեսուրս ավելացնենք, եթե կարիք կա աշխատակիցներ ավելացնենք, պարզեցնենք վիզա ստանալու մեխանիզմը»։

Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ այս հերթերը իրականում ռեսուրսների պակասով և մեծ պահանջարկով են պայմանավորված։ Իսկ զբոսաշրջիկները և տուրիստական ընկերությունները դեսպանատների ծանրաբեռնվածությունն արհեստական են համարում։ Ըստ նրանց՝ դեսպանատների օրերը զբաղեցնելու համար առանձին խմբեր հատուկ մշակված ծրագրեր են կիրառում՝ հետագայում այդ օրերը վաճառելու նպատակով։ Երբեմն էլ ժամադրությունն այնքան է ուշանում, որ օրը հասնելուն պես արդեն վիզայի ժամկետն է ավարտված լինում։

Back to top button