ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Մոռացված հայրենիք»․ եգիպտացի ռեժիսոր Իսսամ Նագիի՝ Արցախի մասին պատմող ֆիլմը ահազանգ է Սյունիքի մասին

Եգիպտացի վավերագրող Իսսամ Նագիին Արցախյան 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյան իրականության, մարդկային ճակատագրերի մասին ֆիլմ է նկարահանել։ Ֆիլմի պրեմիերան 2022-ին «Ոսկե ծիրանի» շրջանակներում էր, դրանից հետո Արցախի մասին պատմող ֆիլմը միջազգային տարբեր փառատոնների է մասնակցել, շրջագայել ու նորից վերադարձել է Հայաստան։

Ռեժիսորը «Ռադիոլուրին» պատմել է՝ չնայած ֆիլմը օտարերկրացի հանդիսատեսի համար է, նպատակ ունի աշխարհին Արցախի ու այնտեղ տեղի ունեցածի մասին պատմել, բայց հուզում է նաև հայ հանդիսատեսին։ Եգիպտացի ռեժիսորը իր ֆիլմը «Մոռացված հայրենիք» է վերնագրել, ասում է՝ աշխարհի անտարբերության կենտրոնում հայտնված Արցախն ու Հայաստանը հենց մոռացված հայրենիքն է։  

Ես չէի կարող լուռ մնալ, երբ տեսնում էի բարբարոսությունը․ եգիպտացի ռեժիսոր Իսսամ Նագիին Հայաստան բերեց նախ՝ հետաքրքրասիրությունը, ապա նաև՝ Հայաստանում ու Արցախում կատարվող իրադարձությունները վավերագրելու մեծ ցանկությունը։ Եկավ 2020-ի 44-օրյա պատերազմից մի քանի ամիս հետո ու ընդամենը 2 ամսում նկարահանեց «Մոռացված հայրենիք» ֆիլմը։

«Այն ինչ զգացել եմ, ցույց եմ տվել այս ֆիլմում, հատվածներ կային, որոնք նույնիսկ մոնտաժի կարիք չունեին, քանի որ լռությունն ավելի խոսուն էր, ավելի շատ բան էր պատմում զգացմունքների մասին»,– պատմում է Իսսամ Նագիին։

«Մոռացված հայրենիք» ֆիլմը պատմում է արցախյան ողբերգության մասին, հիմքում ունենալով այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Իսսամը պատմում է՝ ամեն ինչ սկսվեց 2020թ սեպտեմբերի 27-ին, երբ առավոտյան իմացավ Արցախում սկսված պատերազմի մասին։ Հենց այդ ժամանակ կապվել է իր հայ ընկերներից մեկի հետ, որը նաև ֆիլմի պրոդյուսերներից է, ու որոշել են՝ անպայման ինչ –որ մի բան անել տեղի ունեցողը վավերագրելու համար։

«Մենք այդ ժամանակ մտածում էինք, որ եթե հիմա թիրախում Արցախն է, հաջորդ պահին վտանգի տակ տակ կլինի Սյունիքը, շեշտը դրեցինք հենց Սյունիքի վրա․ սկսեցինք փնտրել մարդկանց, որոնք Արցախից են ու ապաստանել են Սյունիքում։ Այդպիսով, պատմեցինք արցախյան ողբերգության մասին, բայց նաև ահազանգ հնչեցնելով վտանգի առաջ կանգնած Սյունիքի մասին, որ եթե այսօր Արցախն է, վաղը կարող է լինել Սյունիքը»,– կարծում է ֆիլմի ռեժիսորը։ 

Ֆիլմում մի քանի մարդկային պատմությունների միջոցով ներկայացվում է պատերազմը, Բերձորի հայաթափումը, առանց պատմական հայրենիքի ու հայրական տան մնացած մարդկանց ապրումները։ Իսսամը ֆիլմում ներկայացնում է նաև հայ մշակույթին բնորոշ տարրեր՝ գորգագործություն, լավաշ թխելու ավանդույթ, ասում է՝ սրանք ևս անընդհատ կրկնվող գործողություններ ենթադրող երևույթներ են, ճիշտ այնպես ինչպես հայ ժողովրդի  պատմությունն է պարբերաբար կրկնվում։

«Ես չեմ ուզում տեսնել Տաթևի վանքը նույն կարգավիճակում, որում այսօր Դադիվանքն է։ Ես կարծում եմ, որ հատկապես վավերագրող ռեժիսորը պետք է արձագանքի այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում և հատկապես, երբ խոսքը Հայաստանի նման փոքր երկրի մասին է»,– ասում է Իսսամը։

Ֆիլմի նկարահանումներից հետո եգիպտացի ռեժիսորը ապրում է Հայաստանում, դասավանդում է․ վարպետության դասեր է տալիս Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում։ Քիչ թե շատ հայերեն է հասկանում ու խոսում ։ Հիմա իր նախնիների պատմությունն է ուսումնասիրում, ու վստահ է, որ նաև հայկական արմատներ ունի։ Ասում է՝ երբ հիմա իր օտարերկրացի ընկերներին պատմում է, թե որտեղ է ապրում, հետո ստիպված է լինում քարտեզի վրա ցույց տալ, պատմել Հայաստանի մասին։ Նկատել է, որ աշխարհն անտարբեր է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած ողբերգության նկատմամբ։ Հենց սա է ստիպել ֆիլմը «Մոռացված հայրենիք» կոչել։

«Հայերից բացի, ոչ ոք չգիտի, թե ով է Մոնթեն, ոչ ոք չգիտի, թե ով է Կոմիտասը, չգիտեն հռչակավոր հայերի մասին, որոնք պատմություն են կերտել։ Երբեմն պետք է թափահարել այն, ինչ ունենք, ու նաև թափահարել հայերին, որ ի վերջո պատմեն աշխարհին այն, ինչ ունեն։ Եթե ոչ սա, ապա էլ որն է մոռացված հայրենիքը։ Ստացվում է, որ այն, ինչ մենք վավերագրեցինք 3 տարի առաջ Արցախում, հիմա արդեն պատմություն է։ Ես չեմ ցանկանա, որ Հայաստանի ինչ-որ մի այլ հատված նույն ճակատագրին արժանանա»։

«Մոռացված հայրենիք» ֆիլմը միջազգային տարբեր փառատոնների է մասնակցել։ Իսկ պրեմիերան «Ոսկե ծիրան» 2022-ին էր։ Ռեժիսորն անկեղծանում է՝ շատ ուրախ է, որ ֆիլմն առաջին անգամ հենց հայ հանդիսատեսն է դիտել, ում արցունքներից էլ ենթադրել է, որ ֆիլմը ստացված է։

Back to top button