ԿարևորՌեպորտաժներ

Շտապողականություն և Բաքվի դիրքորոշման մեղմացում․ ի՞նչ են ակնկալում փորձագետները Ալմաթիի հանդիպումից

Ղազախստանի նախագահի առաջարկով մայիսի 10-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ղազախստանը առաջարկում է, սակայն չի միջնորդում այդ բանակցություններում, հստակեցնում էր Տոկաևը։ Փորձագետներից ոմանք սկզբունքների վերջնական հիմնավորում են ակնկալում սպասվող հանդիպումից, ոմանք էլ՝ Բաքվի դիրքորոշման մեղմացում։

Մայիսի 10-ին Ալմաթիում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը շտապողականություն կնկատվի և Բաքվի կողմից դիրքորոշման որոշակի մեղմացում, կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նա իր այս վերլուծության հիմքում դնում է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները․

«Այս հանդիպման պայմանավորվածության ժամանակահատվածում և այսօր էական տարբերություն կա՝ հատկապես Հայաստանի հանրապետության ներքաղաքական կյանքում, և պատահական չի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ կնքնեն «Խաղաղության պայմանագիր»։ Ասել է, թե ներքին պրոցեսները շատ լուրջ ազդեցություն են թողնելու թե՛ վաղվա, թե՛ հաջորդիվ բանակցություններում։ Այս պահին ադրբեջանական տեղեկատվական տիրույթում մտավախություն կա Հայաստանում ներքաղաքական լարվածության և իշխանափոխության հետ կապված։ Բանակցությունների ընթացքում որոշակի և շտապողականություն է լինելու և հնարավոր է՝ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի մեղմում լինի, որպեսզի արագ պայմանավորվածությունների հասնեն Հայաստանի ներկա իշխանությունների հետ»։

Եթե անգամ լինի որևէ պայմանավորվածության ամրագրում, ինչի մասին մի քանի օր առաջ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը, ապա կլինի իրավիճակային ամրագրում, հստակեցնում է քաղաքագետը։ Երկու օր առաջ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զգուշավոր լավատեսության մասին էր ակնարկում․

«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով։ Մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ։ Նաև գիտեք, որ մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և, ըստ էության, սկսել են սահմանազատման գործընթացը։ Մեր երկրների ղեկավարներն են հանդիպել և համաձայնության են եկել բազմաթիվ հարցերի շուրջ, օրինակ, և ամենակարևորը այն է, որ կողմերը վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, սա ամրագրված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում։ Ուզում եմ զգուշորեն լավատեսություն հայտնել, որ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններում կհաջողվի համաձայնության հասնել, կամ այս նույն բանը արտացոլել նաև «Խաղաղության պայմանագրում», և դրանից հետո ես կարող եմ ասել, որ մենք շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը խորհրդանշական է համարում Ալմաթիում կայանալիք հանդիպումը, մատնանշելով բանակցությունների հիմքում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի առկայությունը․

«Կարծում եմ, այսպես ասենք, քավորը այս հանդիպման նույն ԱՄՆ է ու Եվրոպան, հակառակ դեպքում Ալմաթին չեմ կարծում, թե լիներ։ Եվ Ալմաթին կարևոր է հենց իր անվանման հետ կապված, որովհետև մենք գիտենք, որ սահմանազատման ու սահմանագծման հիմքում Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված։ Դա ադրբեջանցիները մեկ ընդունում են, մեկ չեն ընդունում, մեկ՝ հերքում են, ռուսական կողմը ընդհանրապես չի ընդունում Ալմա-Աթայի հռչակագիրը։ Շատ սիմվոլիկ է հանդիպումը Ալմաթիում, որովհետև երկու կողմն էլ կհաստատեն, որ շարժվելու են Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում և այն վերջին իրավական ուժ ունեցող քարտեզներով։ Կարծում եմ, որ հիմնական նպատակն ու արդյունքը դա է լինելու»։

Արարատ Միրզոյանը հույս էր հայտնում, որ այդ օրը կքննարկվի երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հարցը։

Թե ինչ կքննարկվի կամ ինչ կարձանագրվի, կամ ինչ չափով կմեղմանա Բաքվի դիրքորոշումը, պարզ կդառնա հանդիպումից հետո, իսկ մինչ այդ Թուրքիայի նախագահ Էրդողանը նշում է, թե դրական արդյունք է սպասում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից և շեշտում՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է։

Մանվել Ղումաշյանը վաղաժամ է համարում «Խաղաղության պայմանագրի մասին խոսելը․

«Կարծում եմ, որ մինչև Ուկրաինայում պատերազմը չավարտվի ու հասկանալի չլինի, թե ինչ է կատարվելու Ռուսաստանի հետ, «Խաղաղության պայմանագրի» կնքման հավանականությունը շատ փոքր եմ համարում։ Ես կապում եմ դա գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ։ Իսկ պատերազմից հետո, եթե Պուտինն այս կամ այն ձևով գնա, շատ հարցեր, այդ թվում և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերը, շատ արագ կկարգավորվեն, և մենք կմտնենք այսպես ասած՝ մեկ այլ աշխարհ, բայց ավելի, այսպես ասեմ՝ հանգիստ աշխարհ»։

Ղազախստանում մայիսի 10-ին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ողջունում է նաև Մոսկվան։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչը տեղեկացնում է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել սատարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի առաջընթաց արձանագրվի գործընթացում։

Back to top button