ԿարևորՀասարակություն

Բանվորի արձանը՝ աշխատանքը մարմնավորող թուջե հսկան

Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով), հուշարձանը գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում այն տեղադրվել է 1982 թվականին։

Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը և անգամ արձանի ապամոնտաժումից հետո շարունակվում է կոչվել այդպես։

11 մետրանոց թուջե հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ։

1997 թվականին 11-մետրանոց արձանը ապամոնտաժվել և մասնատվել է։

2004-ին՝ «Բանվորի արձանի» տապալումից և անհետացումից 7 տարի անց մասնատված արձանը գտել են Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել են մասնավոր տարածք։ Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։

2022 թ․ հունիսի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բանվորի արձանը․ Post Scriptum» ցուցահանդեսը, որտեղ արձանի անհետացումից 25 տարի անց առաջին անգամ ցուցադրվել են արձանի գլուխը և բռունցքը։

 ՀՀ կառավարությունը 2023 թ․ օգոստոսի 11-ին հավանություն է տվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծին, ըստ որի՝ քանդակը պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա՝ ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան կարտացոլի պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել:

Back to top button