ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կհայտնաբերվեն կրթությունից դուրս մնացած երեխաները. ԿԳՄՍ նախարարությունը խստացրել է կարգը

Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում որոշակի թվով երեխաներ հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից։ Հաշվի առնելով12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն փաստը, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար, կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման գործուն համակարգ:

Պարտադիր կրթությունից զրկված երեխաների բացահայտման և նրանց կրթության իրավունքն ապահովելու համար ԿԳՄՍ նախարարությունը նոր մեխանիզմներ է ներդրել:

6-ից մինչև 19 տարին չլրացած բոլոր երեխաները, որոնք հաշվառված չեն որևէ ուսումնական հաստատությունում, կամ հաշվառված են, բայց ամսվա ընթացքում 10 օրից ավելի չեն հաճախել դպրոց, համարվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած։ Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում որոշակի թվով երեխաներ հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Ունենք երեխաներ, որոնք առհասարակ կրթական համակարգում չեն և ունենք երեխաներ, ովքեր ֆորմալ կրթական համակարգում են, բայց հաճախակի են բացակայում։ Այդ երեխաները ևս մեր ուշադրության կենտրոնում են»։

Ուսումնասիրությունները վկայում են՝ երեխաներն այդ կարգավիճակում հայտնվում են տարբեր պատճառներով՝ սոցիալականից մինչև բռնություն ու ազգային պատկանելություն: Նրանց հետ պետք է աշխատել և վերադարձնել դպրոց:Բայց նախ պետք է բացահայտել։

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերելու համար տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր և հունվար ամիսներին, կրթության կառավարման տեղեկատվական համակարգը համեմատում է բնակչության պետական ռեգիստրում գրանցված դպրոցահասակ երեխաների տվյալների հետ, այնուհետև դուրս են բերվում այն երեխաների տվյալները, որոնք երկրից բացակայում են։ Մնում է այն երեխաների ցանկը, ովքեր հաշվառված չեն որևէ կրթական հաստատությունում։ ՄԵնք երկու խմբի մտահոգիչ տվյալներ ունենք. առաջինը առաջին դասարան ուշ եկող երեխաներն են, տվյալ ուստարում առաջին դասարան եկողների շուրջ 10 տոկոսն են կազմում, երկրորդ տարիքային խումբը՝ ավագ դպրոցի երեխաներն են»։

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ ԿԳՄՍ նախարարարությունը թե առաջին դասարանցիների համար է նոր կարգավորում սահմանել, թե ավագ դպրոցի տարիքային խմբի համար՝ փոփոխություններ կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում։

«Մասնագիտական կրթության ոլորտում բավականին մեծ աշխատանքներ են իրականացվում և պարտադիր չէ, որ երեխաները անպայման գնան ավագ դպրոց։ Իրենք կարող են ընտրել մասնագիտական թե ավագ դպրոցում շարունակեն կրթությունը։ Բայց ունենք երեխաներ, որոնք դուրս են գալիս և ոչ ֆորմալ կրթություն են ստանում որևէ վարպետի մոտ և սկսում աշխատել»։

Աշխատելուն նախարարությունում դեմ չեն, բայց ոչ կրթության հաշվին։

Երեխային հայտնաբերելուց հետո պետք է հասկանալ՝ նրա կարիքները սոցիալակա՞ն են, կրթակա՞ն, թե՞ դաստիարակչական:

Դրանից հետո է միայն հնարավոր աշխատանք տանել երեխային դպրոց վերադարձնելու ուղղությամբ: Այս գործին միանալու են նաև ոստիկանությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Մնացածը շատ ավելի փոքր խմբեր են, որոնք կամ սոցիալական պայմաններով կամ ընտանիքի ոչ բարենպաստ իրավիճակով պայմանավորված են կրթությունից դուրս մնում։ Խնամակալության մարմիններն արդեն պետք է համապատասխան ախատանքներ իրականացնեն, որպեսզի համայնքում հայտնաբերվեն այդ երեխաները և վերադարձվեն դպրոց»։

Կարգը կօգնի բացահայտել ինչպես կրթությունից դուրս մնացած երեխաներին, այնպես էլ դուրս մնալու ռիսկի տակ հայտնվածներին։

«Բոլոր այն երեխաները, որոնք վեց օր անընդմեջ բացակայում են, արդեն մտահոգիչ է։ Իհարկե կարող են նաև օբյեկտիվ պատճառներ լինել, օրինակ՝ առողջապահական։ Այդ ժամանակ հայտն ավտոմատ գեներացվում է, և եթե անհանգստանալու պատճառ կա, նորից տեղեկացվում են խնամակալության մարմինները, որոնք էլ համայնքում անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմամբ երեխաները հայտնաբերում են»։

Համայնքներում, որտեղ պարտուսից դուրս մնացած երեխաներ կան, պատճառները շատ տարբեր են՝ սոցիալականից մինչև բնակավայրի փոփոխություն: Կրթությունը կիսատ են թողնում հատկապես ավագ դպրոցում։ Մարզերում խնդիրն ավելի ընդգծված է։ Տղաները սեզոնով պայմանավորված գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում։ Աղջիկների պարագայում էլ՝ հաճախ ծնողները զգուշանում են այդ տարիքում դպրոց թողնելուց կամ էլ ամուսնանում են։ Վերջին միտումը ազգային փոքրամասնությունների մոտ է դիտվում։ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: Միայն 2023 թվականին 171 աղջիկ կիսատ է թողել կրթությունը։ Այս խնդիրը լուծելու համար խորհրդարանը քննարկում է ամուսնության պարտադիր նվազագույն շեմը բարձրացնելու հարցը։

ԱԺ-ում կարծում են, որ ամուսնանալու ազատությունը չպետք է խոչընդոտի անձի պարտադիր կրթության, առողջության և մի շարք այլ իրավունքների իրացմանը: 

Կրթության փոխնախարարն էլ հիշեցնում է՝ ծնողն, ի հարկե, իրավունք ունի ընտրելու, թե որտեղ սովորի իր երեխան, բայց երեխային կրթության հիմնարար իրավունքից զրկելու իրավունք ոչ ոք չունի, նույնիսկ՝ ծնողը։

Back to top button