ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տերմինաբանական ու գաղափարական վեճեր ԱԺ-ում

Խորհրդարանն այսօր սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Թեև օրակարգում շուրջ երկու տասնյակ օրինագծեր են, բայց քննարկումների առանցքում ներքաղաքական իրավիճակն ու սահմանազատման գործընթացն է։ Այս թեմաներն այսօր մի քանի անգամ թեժացրել են խորհրդարանական մթնոլորտը և իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների առիթ դարձել։ Քաղաքական հայտարարությունների ֆոնին շրջանցվել են ԱԺ նախագահի ժնևյան այցի արդյունքները։ Օրերս Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ։   

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել են հստակ նպատակով` հասկանալու, թե ինչպես երկու երկրի խորհրդարանները կարող են նպաստել խաղաղության գործընթացին և քննարկելու Հայաստանի Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։

Մայիսի 17-ին տեղի ունեցած հանդիպման մասին ԱԺ նախագահը տեղեկություններ չի հաղորդել, մինչդեռ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, որոշ փակագծեր բացելով, ասել է, որ «հանդիպմանը շարունակվել են քննարկումները»։ Սիմոնյանն ու Գաֆարովան ընդհանուր առմամբ երկու անգամ են հանդիպել։ Առաջին ուղիղ շփումը կրկին Ժնևում էր, մարտի 22–ին։ Հայկական կողմը կառուցողական էր որակել այդ  հանդիպումը։

Ալեն Սիմոնյանը կառուցողական է համարում նաև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանազատումից առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սիմոնյանը չի բացառում, որ այլ հատվածներում ևս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի ունենա 1976 թվականի քարտեզներով։ Ասում է՝ Ադրբեջանի հետ գտել են մի քարտեզ, որով կարողանում են համաձայնության գալ։

«Սովետական Միությունը երբ այդ սահմանները գծել է, իրենք միգուցե հատուկ հստակ գծել են միայն Հայաստան-Իրան և Թուրքիայի սահմանը։ Էն մնացած քարտեզները իրենք հնարավորինս խառնել են։ Ի սկզբանե, նույնիսկ չէինք կարողանում տեղ գտնել, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը կարող էին համաձայնել, որ բանակցությունների վրանը դնեին ուղիղ սահմանի վրա: Այսինքն՝ հենման կետ չունեինք: Հիմա մենք կետ ենք գտել, որից սահմանը հնարավորություն ունենք ամբողջությամբ ուրվագծելու: Այնքան բարդ է։ Խոսքը քարտեզների մասշտաբի մասին է, երբ մասշտաբը փոխվում է, ճիշտ է մետրերի մասին է, բայց այդ մետրը կարող է ինչ-որ բան փոխել «գետնի վրա»։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, որ դա ամենալավ տարբերակն է, և չեմ բացառում, որ կարող է մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ տարբերակ ընտրվի»։

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, այլ կարծիքի է։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վիճում է ԱԺ նախագահի հետ, որ «սահմանի վերարտադրություն» իրավական ձևակերպում չկա, իսկ ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանը սահմանազատվող Կիրանցից է եկել խորհրդարան՝ բարձրաձայնելու գյուղի բնակիչների խնդիրները։

— Որևէ առնչություն չունեն ձեր բերած փաստարկները մեր պետության անվտանգության հետ։ Առանց նույնիսկ հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը՝ դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Հլը բացեք, տեսեք, Հայաստանի որևէ օրենքում «սահմանի վերատադրություն» սահմանում կա՞։ Դուք էս ի՞նչ եք անում։

Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞։ Հիմա դուք՝ երկրորդ խմբակցության քարտուղար, ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ ՀՀ-ն սահման չունի։ Հիմա որ մեր հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ սահման չկա, այդ ժամանակ ի՞նչ եք անելու։ Հետևեք ձեր բառապաշարին։ Հայաստանը ունի կոնկրետ հստակ սահման, իրավական հիմքերով։

Ձեր ասածն է «Հայաստանը կադաստրի վկայական չունի»։ Չէ, առանց սարկազմի՝ այդտեղ մարդ է ապրելո՞ւ։ Մեր ժողովուրդը չի կարողանալու այդտեղ անվտանգ ապրել։ Էդ մարդիկ արդեն «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստատեսություն են բացում, արդեն Վարդենիսի մասին են մտածում, այդ մարդկանց պահանջները անհատելի են»։

Այս խնդիրները ընդդիմադիրները բարձրաձայնելու են նաև առաջիկա մեծ հանրահավաքի ընթացքում։ Տեղեկություն է շրջանառվում, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման անդամները պատրաստվում են հենց հանրահավաքի ժամանակ բացահայտել վարչապետի իրենց թեկնածուին։ Չեն բացառում, որ հենց Բագրատ սրբազանի անունն էլ կհնչի։

Իշխանության կարծիքով՝ Տավուշի թեմի առաջնորդը չի կարող նման հավակնություն ունենալ, քանի որ երկքաղաքացի է, ինչը սահմանադրական խոչընդոտ է վարչապետի թեկնածու առաջադրվելիս: Այս հարցը հատկապես թեժացնում էր խորհրդարանական մթնոլորտը․ մեծամասնությունը պնդում է, որ իմպիչմենտի և վարչապետ ընտրելու հարց չի կարող առաջանալ, իսկ ընդդիմադիրները համոզված են, որ «սրբազան» անվանումով շարժումը կարող է իրավիճակ փոխել։

Ալեն Սիմոնայն. «Այսինքն հրապարակը ճնշի, Սահմանադրությունը պետք է քանդե՞նք։ Լո՞ւրջ։ 2018-ի համար հլը մի հատ հակասահմանադրական քայլ ասեք»։

Վահագն Ալեքսանյան. «Նման հարց չկա, ու իմ համեստ կարծիքով՝ ընդդիմության մանդատները վայր դնելը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծի։ Խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» չանվանել»։

Արծվիկ Մինասյան. «Պիտակավորումներ են կատարում ու ամենաայլանդակ բառապաշարն են օգտագործում տարբեր մարդկանց հասցեին, այդ թվում նաև՝ Բագրատ սրբազանի ու փորձում են վիրավորանքներ հասցնելով իբր թե նսեմացնել շարժումը։ Դուք դրանով ընդամենը ձեր վախերն եք բացահայտում, ի ցույց դնում»։

Հայկ Կոնջորյան. «Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք այսօր Հայաստանում իշխանություն զավթել»։

Ընդդիմադիրները պնդում են, որ վերջին շրջանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հանդիպել է 40-ից ավելի կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Իշխանական պատգամավորները համոզված են, որ իրականում դժվար կլինի թվարկել նույնիսկ 20 ծանրակշիռ կուսակցություն։ Հանդիպման և քննարկումների հրապարակային հրավեր ուղղվել է նաև «Քաղաքացիական պայմանագրին», սակայն, իշխող թիմի անդամները պնդում են, որ նման հարց իրենց օրակարգում չկա, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը։ Հերքում են նաև հնարավորությունը, որ խմբակցությունից որևէ պատգամավոր կմիանա վարչապետի իմպիչմենտի նախաձեռնությանը։

Back to top button