ԿարևորՀասարակություն

Շատ հարկվելու դեմ՝ գործադուլով. նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում է

Փաստաբանական պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը ուղիղ եթերում ներողություն է խնդրում այն քաղաքացիներից, որոնք Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունումից հետո կդիմեն իրեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար։

Ասում է՝ նախագիծը փաստաբանին հնարավորություն ու տեղ չի թողնելու պաշտպանել անվճարունակ քաղաքացու իրավունքները։ Բազմաթիվ սուր անկյուններ ունեցող նախագիծը Մեժլումյանն իր ձևակերպմամբ ավելի է սրում՝ խոսելով օրինակ վերջին օրերին բերման ենթարկվածների իրավունքներից։

«Ավելի սրեմ այս հարցը։ Տեսնում ենք՝ ինչքան բերման ենթակվածներ կան, և փաստաբանական խմբեր, որ գնում են բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն են ցույց տալիս։  Ավելացված արժեքի դաշտում անվճար իրավաբանական օգնության հնարավորությունը կարծես թե չկա։ Փաստաբանական գործունեությունը առաջին հերթին իրավապաշտպան է՝ մեկ, փաստաբանը իր վստահորդի շահը ավելի վեր պետք դասի, քան իր շահը․ սա օրենք է, սա մեր վարքագծի կանոնոններն են, մենք էդ տեսանկյունից ենք հարցին նայում,  որ գնանք, բերման ենթարկվածի իրավունքները չխախտվի։ Այս պայմաններում անգամ այս գործունեությունը հարկվելու է»։

Փաստաբանները չգիտեն՝ նախագիծն առաջարկելուց առաջ պետությունն օրինակ ուսումնասիրե՞լ է միջազգային պրակտիկան, այլ երկրների փորձը։ Որևէ թիվ, վիճակագրություն կամ լուրջ հիմնավորում չեն գտել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ դրել այս նախագիծը՝ ասում է Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Հիշեցնում՝ է՝ նույն նախագիծը քննարկվել է նաև  2019-ին, բայց քննադատությունից հետո հետ կանչվել։ Ասում է՝ բացասական է ոչ միայն փաստաբանների, այլև այլ կառույցների արձագանքը։

«ՄԻՊ-ը հիմնավորման բացասական տեսանկյունից ներկայացրեց իր կարծիքը , Արդարադատության նախարարությունը ևս ներկայացրեց իր բացասական կարծիքը, որովհետև թիրախում է հայտվել նաև նոտարները և նոտարական գործունեությունը։ Ներկայացված կարծիքների արդյունքում՝ ԱԺ-ում հրավիրվեց քննարկում՝ պետաիրավական հարցերով հանձնաժողովում, որտեղ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ քննարկումները պետք է շարունակվեն ներկաները կիսեցին մեր մտահոգությունները, բայց նախագիծն առաջ շարժվեց»։

Քննարկումները շարունակելու ժամանակ արդեն չկա․ նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի՝ մայիսի 21-ին մեկնարկած նիստերի օրակարգում։ Որպես բողոքի նշան՝  փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել, չեն բացառում, որ հետո ավելի կոշտ քայլերի դիմեն։ Ասում են ՝ այս բողոքով առաջին հերթին քաղաքացիների իրավունքներն են պաշտպանում․ հարկային փոփոխությունների ընդունումից հետո փաստաբանական ծառայության արժեքը շեշտակիորեն կթանկանա։

«ՀՀ-ն ունի պարտականություն՝ ապահովելու իրավաբանական օգնության համապատասխան հարթակ, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել այդ հարթակից, այս նախագծի կիրառման արդյունքում տեղի է ունենալու հետևյալը՝ իրավաբանական և մասնավորապես փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է 38 և ավելի տոկոսով, մենք կունենանք ծառայության թանկացում և սրանով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացին, որպեսզի ստանա իրավաբանական օգնություն, ստիպված է լինելու ինքնարժեքի համար վճարել ավելին»։

Փաստաբաններն այժմ գանձվում են պարզեցված հարկով՝ իրենց շրջանառության 5 տոկոսի չափով գումար վճարելով  պետական բյուջե։ Գործադիրն առաջարկում է փոխել հարկային ռեժիմը և գանձել ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս և եկամտահարկ՝ 18 տոկոս։ Հիմնավորումն այն է, որ պարզեցված այս հարկը  արտոնություն է դարձել որոշ ոլորտների համար։

ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիմնավորում է՝ նախագծի նպատակը հարկման տարբեր մոտեցումները վերացնելն է։ Հիշեցնում է ՝ շրջհարկն ի սկզբանե ներդրվել է որպես հարկման համակարգի այլընտրանքային համակարգ, որը կապահովեր մեղմ վարչարարություն, բայց ոչ ցածր հարկային բեռ, մինչդեռ գործնականում գործունեության նույն տեսակն իրականցնող կազմակերպություններն օգտվում են այս հնարավորությունից ու խուսափում իրական գումարը վճարելուց։

«Ինչ վերաբերում է գործունեության տեսակներին, որոնք առաջարկվում է դուրս բերել շրջանառության հարկի համակարգից,   խոսքը փաստաբանական ծառայության մատուցման, նոտարական ծառայության մասին է և ունեն ք գործունեության մի տեսակ՝ վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, որի դուրսբերումը պարզապես տեխնիկական նշանակություն ունի»։

Նախարարի տեղակալը նաև թվեր է ներկայացնում՝ վերջին 3 տարիների վիճակագրությամբ՝ եթե որևէ ապրանք կամ ծառայություն հարկվում է ավելացված արժեքի հարկով,  ապա դրա մատակարարումը կամ մատուցումը հարկման ընդհանուր համակարրգում  ձևավորում է առնվազն 2, 2․5, 3 անգամ ավելի շատ հարկեր, քան նույն գործարքը կամ գործունեությունը շրջհարկի համակարգում  իրականացնելու պարագայում։

Back to top button