ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ինչո՞ւ է վերջին պահին փոխվել Իրանի նախագահի ուղղաթիռը, ինչո՞ւ է օգտագործվել 45 տարի շահագործվող ուղղաթիռ․ ավիաաղետի վարկածների հետքերով

Իրանում մեկնարկել են կիրակի օրը ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և մյուս պաշտոնյաների հուղարկավորության արարողությունները։

Թավրիզում հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու զոհվածների հիշատակին նվիրված սգո երթին։ Սգո արարողություններ են նախատեսված նաև Կոմում, Թեհրանում և Բիրջանում։

Իրանի գլխավոր շտաբի պետը հանձնաժողով է ստեղծել՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետաքննության համար: Մինչ դրա արդյունքները պարզ կլինեն, պաշտոնական նախնական վարկածը շարունակում է եղանակային վատ պայմանների գործոնը մնալ։ Ուղղակի մեղադրանքներ Թեհրանից չեն հնչել, բայց եղել են անուղղակի մեղադրանքներ։

Թավրիզում հազարավոր իրանցիներ վերջին հրաժեշտն են տվել Ադրբեջանից Իրան վերադարձող ուղղաթիռի ավիաաղետի հետևանքով զոհվածներին՝   Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին և նրանց ուղեկցող անձանց։ Երկրում հնգօրյա սուգ է, որին զուգահեռ շարունակվում է ուղղաթիռի վթարի շուրջ վարկածների վերլուծությունը։

ԱՄՆ նախագահի վարչակազմը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահին ու արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի վթարի շուրջ զարգացումներին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չի հրապարակում: Հոդվածում նշվում է․ «Մտավախություն կար, որ Թեհրանն ինքնաթիռի կործանման մեջ մեղադրելու էր ԱՄՆ-ին կամ Իսրայելին։ Սակայն դեպքից երկու օր անց ավելի է ամրապնդվում վարկածը, որ պատճառը վատ եղանակային պայմաններն էին»։

Ըստ հետախուզության նախնական տվյալների՝ «կեղտոտ խաղի» ապացույցներ չկան՝ նշել է ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Չակ Շումերը։

Սպիտակ տունը հրապարակավ հայտարարել է, որ որևէ պետություն կապ չունի ողբերգության հետ։ Իրանի իշխանությունն ինքն է մեղավոր, որ եղանակային վատ պայմաններում նախագահին սպասարկելու համար օգտագործել է 45 տարի շահագործվող ուղղաթիռ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Նախօրեին Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն էր մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի Վաշինգտոն։ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիացիոն ոլորտը չի թարմացվել,  ինչն էլ հանգեցրել է վթարի՝ ասել էր նախկին արտգործնախարարը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով այս վարկածի շրջանառությանը, տարակուսել է՝  դժվար է պատկերացնել, որ տեխնոլոգիական ոլորտում բավականին շոշափելի առաջընթաց ունեցող երկրում նախագահին սպասարկող ավիապարկը կարող է լինել վթարայնության աստիճանի մաշված: Նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ըստ թուրքական պարբերականի՝ Իրանի արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ վերջին պահին են հայտնվել նախագահական օդանավի ուղևորների շարքում։ Նրանք ի սկզբանե պետք է վերադառնային երկրորդ ուղղաթիռով։

«Մենք հաճախ մի բան «մոռանում» ենք. Իրանը վերջին 45 տարին է ապրում, ըստ էության, արտակարգ ռեժիմով: Եվ սա, թերևս, իրանյան էլիտայի գիտակցված ընտրությունն է, այն հաշվարկով ու ընկալումով, որ ավելի պարզ ու սովորական ռեժիմի պարագայում Իրանը կենսունակ չէր լինելու արտաքին մարտահրավերների հանդեպ, որոնք այսպես թե այնպես բավականին խորը ներթափանցվածություն ունեն իրանյան ներքին միջավայրեր»,- գրել է Բադալյանը:

Ըստ նրա՝ արտակարգ ռեժիմով ապրելը մի կողմից «ապահովում» է անկայունության մշտական բարձր «զգացում», մյուս կողմից էլ ձևավորում հիբրիդային ճնշման տեխնոլոգիաների դեմ առավել բարձր դիմադրունակություն:

«Եթե Իրանը չհայտարարի, որ տեղի ունեցածը սպանություն էր, դա դեռ բոլորովին չի նշանակի, որ սպանություն չէր: Տեսականորեն Իրանը կարող է պարզել, որ տեղի է ունեցել միջամտություն, դիտավորություն, բայց նպատակահարմար չգտնի դրա մասին բարձրաձայնելը: Այն պարզ պատճառով, որ այդ դեպքում ենթադրվելու է համարժեք վարքագիծ, պատասխան գործողություն»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում որպես ավիավթարի նախնական վարկած մատնացույց է անում Իրանի պաշտոնական տվյալները, որոնք կատարվածը եղանակային վատ պայմաններով են բացատրում, սակայն  չի բացառում նաև այլ վարկածի հավանականությունը։

«Ցանկացած հավանական սցենար հնարավոր է, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ պատահական դեպքեր ու դժբախտ պատահարներ տեղի չեն ունենում։ Պետք է նաև հասկանալ, թե որ երկրներին էր խանգարում Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը, և ովքե՞ր են Իրանի նախագահի ուղղաթիռի հավանական շահառուները։ Այս պարագայում մենք կարող ենք ցանկացած հակաիրանական պետության ու կոալիցիոն ուժերի համատեքստում դիտարկել ցանկացած սցենար՝ Իսրայել, ԱՄՆ, ընդհուպ ՌԴ, Ադրբեջան, Թուրքիա, բոլոր սցենարներն էլ հավանական են»։

Սակայն, ըստ միջազգայնագետի, պետք է սպասել հետաքննության ավարտվին և սև արկղերի տեղեկություններին։ Թեև ըստ զրուցակցիս, ահաբեկչության վարկածի հաստատման դեպքում էլ պաշտոնական Թեհրանը հնարավոր է չհրապարակի իրականությունը։

«Կարծում եմ, որ ԻԻՀ-ն այն խորքային պետությունն է, որ հնարավոր է ներքին որոշում կայացնի, որ դրա մասին չբարձրաձայնվի, քանի որ դրանով ցույց կտա, որ օդային պաշտպանությունն իր սուվերեն տարածքում այնքան անբարենպաստ վիճակում է, որ հնարավոր էր նման դեպք գրանցվեր։ Այսինքն, սա իրենց համար ինչ-որ տեղ վարկաբեկող փաստ կլինի»։

Արդեն որոշվել է, որ Իրանում նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 28-ին։

Որոշ վերլուծաբաններ Իրանի նոր նախագահի հավանական թեկնածու դիտարկում են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։ Եթե նա առաջադրի իր թեկնածությունըապա, ամենայն հավանականությամբ, կլինի նոր նախագահի գլխավոր հավակնորդը: Նա հետաքրքիր ֆիգուր է համարվում, ունի նաև օդաչուի մասնագիտություն, իրան-իրաքյան պատերազմի ժամանակ եղել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից։ Ղալիբաֆը երկու անգամ մասնակցել է Իրանի նախագահական ընտրություններին՝ 2005 թվականին պարտվել է Մահմուդ Ահմադինեժադին, 2013 թվականին պարտվել է Հասան Ռուհանիին։

Back to top button