ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ավագանու անդամի համար #գործ_չկա․ կառավարությունն առաջարկում է սահմանափակել նրանց զբաղվածությունը

Կառավարությունն առաջարկում է արգելել ավագանու անդամներին հանրային այլ պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնել։ Արդարադատության նախարարությունն այս նպատակով օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել միանգամից 3 օրենքներում։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մանրամասնում է՝ որոշակի կարգավորումներ այս պահին էլ կան, մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» օրենքով, սակայն կարգավորումներ սահմանված չեն, օրինակ, «Տեղական ինքնակառավարման մասին» կամ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, ինչն էլ հանգեցրել է նրան, որ գործող ավագանու անդամներից ոմանք ավագանու մանդատը համատեղում են հանրային պաշտոնների հետ։

«Օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ կգործի բացարձակ արգելք համայնքի ավագանու անդամների և հանրային պաշտոնների անհամատեղելիության մասով: Արդյունքում ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի ու ծառայության հետ»,-ասում է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։

Այժմ ավագանու անդամների ու հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է նախաձեռնել։ Հանձնաժողովից սակայն չեն մանրամասնում՝ քանի նմանատիպ վարույթ կա և ավագանու որ անդամներն են թիրախում։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, հանձնաժողովից հայտնում են, որ վարույթներն առայժմ ընթացիկ փուլում են ու հրապարակային չեն, երբ եզրափակիչ ակտեր կունենան, միայն դրանից հետո հանձնաժողովը մանրամասներ կհայտնի։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը ոլորտում բացեր տեսնում է, ինքն էլ ամիսներ առաջ ավագանու որոշման նախագիծ էր հեղինակել, որով առաջարկում էր արգելել ավագանու անդամներին այս կամ այն աշխատանքը կատարել։

«Հիմա ունենք ավագանու անդամներ, որոնք, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորի օգնական են կամ խորհրդական, սա իհարկե հիմնականում «ՔՊ»–ին է վերաբերում, դա էլ է խնդիր, իհարկե, կարծում եմ՝ կարգավորումը նորմալ է»։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյան

Արդարադատության նախարարի տեղակալը շտապում է զգուշացնել՝ այն անձինք որոնք այսօր ավագանու մանդատ ու հանրային պաշտոն ունեն, օրենքի փոփոխման դեպքում խնդիրներ չեն ունենա։

«Բացի դրանից՝ անձինք, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ, կարող են շարունակել այդ համատեղումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը»,-մանրամասնում է նախարարի տեղակալը։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ նախատեսում է․ մասնավորապես, օրենքի համաձայն, ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել, օրինակ, քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի աշխատակազմում, լինել վարչական շրջանի ղեկավար, աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայութնունում, լինել դատավոր։ Ավագանու անդամի աշխատանքը նաև չվարձատրվող հասարակական հիմունքներով աշխատանք է։ Ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Գրիգորյանն ասում է՝ իրենք պարզապես փոխհատուցում են ստանում։

«Ստանում ենք 75 հազար դրամ՝ որպես ծախսերի փոխհատուցում, այլ ոչ որպես աշխատավարձ։ Դա եկամուտ չէ, չի հարկվում, որոշ իմաստով կատարած աշխատանքի փոխհատուցում է։ Բայց այստեղ մի խնդիր կա, որ հիմա ունենք ավագանու անդամներ, որ օրինակ, շինարարական ընկերություններում են աշխատում կամ ճարտարապետներ են ու կարող են շահերի բախում ունենալ»,-ասում է ավագանու անդամը։

Մասնավոր սեկտորում աշխատելով, ավագանու անդամներն ավելի լուրջ կոռուպցիոն ռիսկերի առաջ կարող են կանգնել՝ Հայկ Գրիգորյանի հետ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն է համակարծիք։

«Արգելում ենք աշխատել, բա այդ մարդիկ ինչպե՞ս են ապրելու, այսինքն, ուղորդում ենք, որ գնան մասնավորի մոտ, բիզնեսում աշխատեն։ Ավելի մեծ կոռուպցիոն ռիսկ չկա՞, որ ասում ենք՝ գնացեք բիզնեսում աշխատեք։ Ակնհայտ է, որ մասնավորի դեպքում ավելի շատ է շահերի բախումը, կամ եթե այսպես է՝ մտածենք իրենց վարձատրելու մասին, այսինքն աշխատավարձ սահմանենք և արգելենք ընդհանրապես այլ աշխատանք կատարել այնպես, ինչպես պատգամավորների դեպքում է»,-կարծում է պատգամավորը։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյան

Կարգավորումը նոր չէ ու արդեն մի քանի տարի է գործում է՝ հիշեցնում է արդարադատության փոխնախարարն ու ընդգծում, սա նաև միջազգային ընդունված պրակտիկա է ու գործարար շահեր ներկայացնող ավագանու անդամի վերաբերյալ լրացուցիչ ստուգումներ կան։

«Քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրներում կան այդ ստանդարտները, որոնք ներդրված են նաև այստեղ։ Գործարար շահեր ներկայացնող ավագանու անդամը անցնում է հատուկ անհամատեղելիության և բարեվարքության ստուգման գործընթացներով և ձեռնպահ է մնում նմանատիպ, իրեն վերաբերելի քննարկումների ու քվեարկությունների մասնակցությունից»։

Թույլ չենք տալիս ավագանու անդամին հանրային պաշտոն զբաղեցնել ու արդյունքում խրախուսում ենք մասնավոր կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել․ պատգամավորներն այստեղ հակասություններ են տեսնում, առաջարկում են առհասարակ վերանայել մոդելը։ Ավագանու անդամ Հայկ Գրիգորյանն էլ համամիտ է, վստահ է՝ ավագանու աշխատանքը այլ աշխատանքի հետ համատեղելիս դրանիցից մեկն անպայման տուժում է։

Back to top button