ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերջին երեք տարիներին՝ երրորդ անգամ ԱԺ-ում․ ՍԴ դատավորի թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է

Ազգային ժողովն այսօր քննարկել է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու հարցը։ Դատավորների ընդհանուր ժողովը խորհրդարանին  առաջարկել է Վճռաբեկ քրեական դատարանի  դատավոր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Վերջին երեք տարիների ընթացքում Խաչատուրյանը երրորդ անգամ է որպես թեկնածու ելույթ ունենում ԱԺ ամբիոնից։ 2021-ին խորհրդարանը նրան լսել և ընտրել է ԲԴԽ անդամի, 2023-ին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում:

Խաչատուրյանը եղել է Դատավորների ընդհանուր ժողովի երկու թեկնածուներից մեկը, բայց քանի որ քվեարկության արդյունքում ավելի շատ ձայն  է ստացել, առաջադրվել է որպես միակ թեկնածու։ Խորհրդարանը կքվեարկի վաղը, այսօր պատգամավորները լսել են Դավիթ Խաչատուրյանի մոտեցումները սահմանադրական արդարադատության վերաբերյալ և նրան հարցեր ուղղել։

2016-ից մինչև 2021-ը՝ Փաստաբանների պալատի անդամ, 2021-ից 2023-ը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 2023-ից 2024-ը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, մոտ երկու ամիս էլ՝ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու։

Դավիթ Խաչատուրյանին դատավորների ընդհանուր ժողովը մարտի վերջին էր ընտրել որպես Սահմանադրական դատարանի թեկնածու։ Դրանից առաջ՝ փետրվարին, խորհրդարանը մերժել էր դատավորների առաջադրած նախորդ թեկնածուին։ Դավիթ Բալայանը փետրվարի 28-ին չէր ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում․ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին  ընդդիմադիր խմբակցությունների 32 ընդդիմադիրները: Խորհրդարանական մեծամասնությունը  բոյկոտել էր քվեարկությունը:

«Ինչո՞ւ չընտրվեց այդ դատավորը, դա բացառապես օրեսնդիր մարմնի տիրույթում է, և ես այդ կապակցությամբ որևէ գնահատական չեմ կարող տալ»։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է դժվարանում  նշել, թե ինչու խորհրդարանը չընտրեց իրենց առաջադրած նախորդ թեկնածուին։ Այժմ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն է ներկայացնում, կարծում է, որ վերջինն իր փորձով կարող է օգտակար լինել թե Բարձրագույն դատական խորհրդում, թե Սահմանադրական դատարանում։

Պատգամավորների հարցերը թեկնածուին տարբեր էին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին հետաքրքրում էր, թե ինչ վճիռ կկայացնի ՍԴ դատավորի թեկնածուն կոնկրետ իրավիճակում։ Իսկ իրավիճակը պատգամավորն ինքը նկարագրեց։

«Մարդիկ ստանում են օրինական փաստաթուղթ՝ հողօգտագործման վերաբերյալ, օրինական թույլտվությւոն՝ տուն կառուցելու վերաբերյալ, կառուցում են, ապրում են, փոխանցում են իրենց ժառանգին։ Հետո գալիս են, ասում են՝ գիտեք մենք սխալ ենք այդ թուղթը ձեզ տվել, դուք այդտեղ սխալ եք ապրել։ Մի քարտեզ ենք գտել, որի մասին ոչ դուք, ոչ մենք, ոչ էլ ձեր հարևանները չենք իմացել։ Դուք ի՞նչ վճիռ կկայացնեիք»։

Դավիթ Խաչատուրյանը հասկանում է, որ հարցը սահմանազատման մասին է։ Կարծում է՝ ընդունվելիք փաստաթուղթը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Ընդգծում է նաև, որ սահմանազատմանը վերաբերող հարցերն առավելապես վարչապետի և արտգործնախարարության  իրավազորության տիրույթում են, բայց ինչ-որ փուլում դրան առնչվելու է նաև Սահմանադրական դատարանը։

«Երկրորդ՝ ենթադրվում է, որ այդ սահմանազատման արդյունքում կքնվում է խաղաղության պայմանագիր, որի սահմանադրականությունը պետք է վավերացվի ՍԴ-ում»։ Հետևաբար այդ պայմանագրի նախադրյալ հանդիսացած որևէ գործընթացի օրինականության մասին եթ եխոսեմ, դա նշանակում է, որ ընտրվելու դեպքում ես ՍԴ-ում խոսելու եմ նույն այն բանի ամսին, որի մասին խոսել եմ ԱԺ-ում։ Իսկ դատավորը չի կարող կրկին անգամ մասնակցել նույն գործի քննությանը»։  

Պարզվեց՝ Նազարյանը սահմանազատման մասին չէր հարցնում։

«Որպես իրավաբան առավել ևս չեմ կարող ապատասխանել,ք անի որ սա նման կլինի բժշկի կողմից հեռակա կարգով դիագնոզ տալուն»։

Խաչատուրյանն ասաց, թե որն է Սահմանադրական դատարան գնալու իր մոտիվացիան, առանձնացրեց ելակետային այն սկզբունքները, որոնք, իր կարծիքով, կանխորոշում են ՍԴ դատարանի առաքելությունը։

«Դրանք են ժողովրդավարական լեգիտիմության և իրավական լեգիտիմության սկզբունքները։ Դատական իշխանության ինտիտուցիոալ և դատավորների անհատական անկախությունը կարող է գոյություն ունենալ և հնարավոր է բացառապես ժողովդրավարության պայմաններում, այսինքն այն դեպքում, երբ երկրում գործում է սահմանադրի՝ ժողովրդի կողմից ազատ և արդար ընտրությւոնների արդյունքում ընտրված իշխանություն, և այդ իշխանությունն ունի սահմանադրին ներկայացնելու վստահություն»։

Սահմանադրական դատարանը պետք է ոչ միայն երաշխավորի ժողովրդի կամքի ճշգրիտ արտացոլումը՝ ընտրության արդյունքներում, չեղարկի ցանկացած այլ չընտրություն, այլև իր անկախության, հեղինակության ու դատավորների անխոցելիությամբ  բացառի գործադիրի կողմից ընտրությունը կեղծելու ցանկացած գայթակղություն՝ ասում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն։

Նա, ի դեպ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատուրյանի եղբայրն է։ Իսկ Սահմանադրական դատարանի ութերորդ անդամի աթոռը թափուր է  2024 թվականի հունվարի 4-ից՝  դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո։ Նա ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր։

Back to top button