ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կեսարյան հատումը՝ խիստ անհրաժեշտությամբ․ որոշման հիմքում անհանգստացնող վիճակագրությունն է

Առողջապահության նախարարությունն այս տարվանից հնգամյա ծրագրով փորձելու է նվազեցնել կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը՝ վիրահատական միջամտությունները թողնելով միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Որոշման հիմքն անհանգստացնող վիճակագրական տվյալներն են: Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում կեսարյանների թիվը կրկնապատկվել է՝  հասնելով  37,7 տոկոսի։

Կեսարյանը բնական ճանապարհով ծննդաբերության այլընտրանք չէ։ Կանանցից շատերը ընտրում են այս տարբերակը, մինչդեռ այն ամենաապահովը  չէ։ Իրականում խոսքը մանկաբարձական վիրահատության մասին  է, որի միայն 10 տոկոսն է արվում ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելու համար, մյուս դեպքերում հնարավոր էր խուսափել վիրահատությունից: Մինչդեռ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում կեսարյանների թիվը կրկնապատկվել է՝  հասնելով շուրջ 40 տոկոսի՝ ահազանգում է ԱՆ Մայրական և վերարտադրողական բաժնի պետ Ռուզաննա Մարտիրոսյանը։

«Կեսարյան հատումը, ինչպես ցանկացած վիրահատություն, պետք է կատարվի միայն բժշկական ցուցումներով։ Հայաստանը կեսարյան վիրահատությունների ցուցանիշով արդեն հատել է 37 տոկոսի սահմանը, որը բարձր է համարվում»։

Ամբողջ աշխարհում կա կեսարյանի թվի աճ, որը ինչպես պաթոլոգիաների հաճախացմամբ է պայմանավորված, այնպես էլ ծննդկանների տարիքով։ Այս դեպքերում, իհարկե, վիրահատությունը կատարվում  է բժշկի ցուցումով։  Թեև ցուցումները  հստակ և խիստ են, սակայն շատ կանայք ընտրում են այդ ճանապարհը` կեսարյան հատումով վիրահատությունն ավելի հեշտ և անվտանգ տարբերակ համարելով։

«Կեսարյան հատումն ունի ինչպես վիրահատական, հետվիրահատական վաղ բարդություններ, այնպես էլ  հետագա բարդություններ, կարող է բացասաբար ազդել կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Արգանդի սպին կարող է բարդություններ առաջացնել հետագա հղիությունները պլանավորելիս»։

Հաշվի առնելով մտահոգիչ վիճակագրությունը՝ առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել՝ միտված ծննդաբերական այս միջամտության նվազմանը:Այս տարվանից փորձելու են նվազեցնել կեսարյան հատումով ծննդաբերությունների թիվը։  Ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով  վերանայվելու է ֆինանսավորումը։

«Կեսարյան հատումը պետության կողմից հատուցվում է ավելի մեծ գումարով,  ուստի պլանավորվում է գնի վերանայում, որպեսզի շահագրգռվածություն ստեղծենք բնական ճանապարհով ծննդաբերությունը քննարկելիս»։

Վիճակագրությունը վկայում է, որ կեսարյան հատում հաճախ արվում է ոչ ըստ անհրաժեշտության, այլ՝ պայմանավորված ծննդկանի վախով։ Ըստ առողջապահության հարցերով փորձագետ և գինեկոլոգ Ծաղիկ Վարդանյանի՝ երբեմն վախն էլ կարող է բացասական հետևանքներ առաջացնել։ Անձամբ կողմ լինելով բնական ճանապարհով ծննդալուծմանը, զրուցակիցս, այնուամենայնիվ կարծում է, որ պետք է նաև ծննդկանի իրավունքները հաշվի առնել։

«Մարդու իրավունքն է ընտրել իր բժշկական օգնության տեսակը, դա առողջության իրավունք է։ Հետևաբար պետք է կարողանալ շատ ճիշտ ձևով ծննդկանի իրավունքը և բոլոր բժշկական ցուցումներն ու հակացուցումներն այնպես համադրել, որ ծննդկանը համակարծիք լինի բժշկի ներկայացրած թեզերին։ Հակառակ դեպքում՝ կոշտ գործիքակազմը թե բժշկի թե ծննդկանի դեպքում բերելու է հակազդեցության և մարդիկ ելք են գտնելու։ Թե բժիշկները, թե ծննդկանները ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան «խիստ ցուցումներ» ներկայացնել կեսարյան հատումով ծննդաբերություն իրականացնելու համար։ Մարդու իրավունքները պետք է հաշվի առնվեն»։

Ռուզաննա Մարտիրոսյանը համամիտ չէ, որ ծննդկանի ցանկությամբ է պետք առաջնորդվել։ Կեսարյան պետք է կատարվի բացառապես բժիշկի խիստ ցուցումով՝ ասում է։

«Վիրահատությունները միշտ կատարվում են բժիշկի ցուցումով։ Օրինակ կույրաղիքը իրավունքով չեն  հեռացնում, չէ՞, ցուցում պետք է լինի։  Եվ հաշվի առնելով բոլոր բարդությունները, որոնք կարող են առաջանալ, իրավունքի խնդիր չէ այստեղ»։

Կեսարյան հատումը դատավճիռ չէ։ Եթե մինչև հիմա սպիով ծննդաբերությանը պարտադիր հաջորդում էր կրկնակի կեսարյան հատումը, ապա նոր ծրագրով վիրահատական միջամտությունները նվազեցնելու քայլերից է հաջորդ ծննդալուծման համար  բնական ճանապարհն ընտրելը։

Back to top button