ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գաղափարից մինչև բիզնես և տեխնոլոգիական կրթություն․ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհներ է հայտարարում

Մինչ ԵՊՀ-ում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվող ուսանողները ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներից հետաքրքրվում են դրամաշնորհային նոր ծրագրին դիմելու կարգի մասին, նախորդ նույնաբովանդակ մրցույթի հաղթողներից Իրինա Ղազարյանը պատմում է, թե ինչպես է թիմակիցների հետ զարգացրել իրենց ստարտափ գաղափարը․

«Մենք «Գաղափարից՝ բիզնես» դրամաշնորհային մրցույթին մասնակցել ենք 2022 թվականին, ստացել ենք դրամաշնորհ նախարարության կողմից և ամբողջ գումարը օգտագործվել է 3 հիմնական նպատակներով՝  ընդլայնել մեր թիմը, ավելացնել հարթակի նոր գործառույթներ, ինչպես նաև ավելի լավ իրազեկել հանրությանը doxtotyan.am-ի  մասին։ Եվ ամենակարևոր գործառույթներից մեկը, որ հնարավորություն ունեցանք ավելացնել մեր հարթակին, դա տարեկան ստուգումների անձնական ուղեցույցն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց անվճար իմանալ՝ ըստ իրենց սեռի և տարիքի, ինչ զննումներ պետք  է անցնեն և ինչու,  սա շատ կարևոր է, քանի որ ամբողջ ժամանակաից բժշկությունը աշխատում է կանխարգելման ուղղությամբ»։

Իրինան  doctoryan.am առողջապահական հարթակի համահիմնադիրներից է։ Ասում է՝ մրցույթի փուլերը ոչ միայն օգտակար էին, այլև ինտերակտիվ։ Ներգրավված մասնագետներն ու նախարարության ներկայացուցիչները աջակցել են մասնակիցներին  հաշվետվությունները պատշաճ ներկայացնելուց մինչև ելույթների նախապատրաստական փուլը։ Այս տարի ևս երիտասարդները հնարավորություն ունեն դիմելու «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրին։

«Գաղափարից՝ բիզնես» ծրագրի շրջանակներում՝ գաղափարի փուլում գտնվող ստարտափներին, որի հայտերի ընդունումը մենք շարունակում ենք, տրամադրում ենք 5 մլն դրամ յուրաքանչյուր ստարտափի գաղափարի փուլում, հաջորդիվ պետք է սկսենք գործունեության փուլում գտնվող ստարտափների աջակցման ծրագիրը, «Գաղափարից՝ բիզնես» ծրագրի երկրորդ փուլում արդեն կտրամադրենք 10 մլն դրամ, այն պարագայում, երբ մեր հանձնաժողովի կողմից կգնահատվեն որպես հաղթողներ»-ասում է ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։

Այս դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250 մլն դրամ է։ Նախարությունը նաև «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ է հայտարարել: Մրցույթի հաղթող տեխնոլոգիական ընկերությունները հնարավորություն կունենան բարելավելու իրենց մասնագետների հմտությունները, վերապատրաստելու նրանց Հայաստանում և արտերկրում։

Հայկ Ենգիբարյան․ «Կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում մենք բավարարելու ենք  այն կազմակերպությունների հայտերը, որոնք համապատասխանում են նախարարության առաքելությանը և ոլորտի կարևորությանը։ Այդ դեպքում տրամադրելու ենք մինչև 2 մլն դրամ։ Տեխնոլոգիական գործունեություն ծավալող յուրաքնչյուր կազմակերպություն կարող է դիմել ու ստանալ դրամաշնորհ իր կարողությունները բավարարելու համար։  Նկատի ունեմ՝ իր մասնագետներին ուղարկի վերապատրաստման, ընկերության ներսում  կազմակերպի որոշակի դասընթացներ, գուցե և արտերկրում կազմակերպվի շատ կարևոր դասընթաց»։ 

«Մասնագետների պատրաստման բուհ- մասնավոր հատված համագործակցությամբ» ծրագրի հաջորդ բաղադրիչը՝ մասսայական ուսուցումն այս տարի իրականացվելու է Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում։ Մասնակիցներն առանց տարիքային սահմանափակման հունիս և հուլիս  ամիսներին տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կստանան։

ԲՏԱ  ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանն ասում  է՝ երկու մրցույթների դեպքում էլ ընդգրկված է նաև մասնավոր հատվածը․

«Երկու ծրագրերում էլ ընդգրկված մրցութային և գնահատող հանձնաժողովի անդամները ոչ միայն նախարարության ներկայացուցիչներ են, այլև ոլորտի լավագույն ներկայացուցիչները՝ ավելի օբյեկտիվ և լավ արդյունք ստանալու համար»։

«Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթն իրականացնելու նպատակով վաուչերային հիմնադրամ կբացվի, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն  դրամ: Մրցույթի մասնակցության հայտերը կարելի է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի 13-ը, իսկ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի հայտերը՝ մինչև մայիսի 10-ը։

Կարդացեք նաև
Close
Back to top button