ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պետությունը սուբվենցիոն մեծ գումարներ է ծախսում, արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են

2018-2023թթ-ին Լոռու մարզում պետական բյուջեից ֆինանսավորվել է 352 սուբվենցիոն ծրագիր:

Միայն նախորդ տարի,  մարզի 11 համայնքներից ներկայացված թվով 47 ծրագրեր են հաստատվել ու իրագործվել՝ շուրջ 7,5 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ ավելի քան 4 մլրդ. է: Սուբվենցիոն ծրագրերով արված աշխատանքների որակը հատկապես  վերջին շրջանում գործադիրի ուշադրության կենտրոնում են: Օրերս Լոռու մարզ այցի ընթացքում վարչպապետն ու տարածքային կառավարման նախարարը մարզի ղեկավարությանը հորդորել են ամենայն պատասխանատավությամբ մոտենալ պետական բյուջեի միջոցներով իրականացվող մեծածավալ նախագծերի իրականացմանը, հետևել դրանց իրականացման ժամանակացույցներին ու որակին, լուծում տալ տեղում առաջացած խնդիրներին: Չնայած խիստ հանձնարարականներին՝ միշտ չէ, որ սուբվենցիոն կամ համաֆինանսավորմամբ արված աշխատանքները գոհացնում են:

Անցյալ տարեվերջին Ստեփանավանի բազմաբնակարան շենքի բնակիչներն ահազանգել են համայնքապետարան՝ տեղեկացնելով, որ վերջերս վերանորոգված իրենց շենքի արտաքին երեսպատման շերտը պոկվել է:  Համայնքապետարանից ասել են՝ տեղյակ են, տաքերն ընկնելուն պես կնորոգեն, բայց ոչինչ չի ձեռնարկվել:  Շենքի բնակիչներից մեկը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում չցանկացավ անունը հրապարակել, ասաց՝ մեծ գումարներ են ծախսվել շենքի վրա, 1.5 տարի անց նման պատկեր ունեն: Անվտանգության նկատառումներից ելնելով զրուցակցիս ձայնը փոխված է

«Իհարկե, բնակիչները դրա համար գումար չեն մուծել չենք ներդրել, ծրագիր ա եղել, Ստեփանավանում 3 շենք են սարքել էդ նույն ձևով, պետության հաշվին ա եղել, բայց էդքան գումարը ծախսել են և 1 տարի կյանք չի ունեցել: Շատ անորակ ա սարքված, լրիվ պոկվում ա, ահռելի գումար ա իմ կարծիքով սրա վրա գնացել»:

Լոռու մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ՝ 2018-2023թթ-ին Լոռու մարզում պետական բյուջեից ֆինանսավորվել է 352 սուբվենցիոն ծրագիր: Ստեփանավանի Դեսինի 36 շենքի ջերմաարդիականացման աշխատանքները 2020–ին են արվել: Պայմանագրային արժեքը՝ շուրջ 34 մլն դրամ: Շինարարը՝ «Ստեփշին» ՍՊԸ-ն:  Սուբվենցիոն ծրագրով գումարի 65 %-ը ներդրվել է պետական, շուրջ 13 %-ը համայնքային բյուջեից, 22 %-ը՝ ՄԱԿ զարգացման ծրագրի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրից: 

Նման իրավիճակներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեկնաբանեցին ՄԱԿ զարգացման ծրագրից՝ նախագծային բացթողումներից մինչև նյութերի ընտրություն ու հսկողություն իրականացնողների կոմպետենտություն: Արտաքին պատերի ջերմամեկուսացումը կարող է ծառայել 20- 30 տարի՝ որակյալ շինանյութ կիրառելու դեպքում: Ինչ վերաբերում է շենքի հետագա պահպանությանը՝ ծրագրի ու համայնքի միջև ստորագրված համաձայնագրով համայնքը պարտավորվել է ստեղծել  կուտակային հիմնադրամ, որով էլ պիտի հոգա ընթացիկ վերանորոգման ծախսերը: Ինչո՞ւ պատշաճ չի կատարվել ու  վերահսկվել աշխատանքը, ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն կիրառվում թերացողների հանդեպ, ի վերջո, պետական բյուջեից մեծ միջոցներ են ծախսվել, բայց անորակ աշխատանք արվել՝ հարցնում են բնակիչները: Տեխհսկողությունն իրականացրած «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ը պատասխանը կարճ էր՝ արտաքին երեսպատման շերտի քանդման հիմնական պատճառը անորակ շինանյութն է, մասնավորապես՝ ծեփամածիկը: 

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին Լոռու մարզ այցի ընթացքում վարչապետը Նիկոլ Փաշինյանը, պետական միջոցներով կառուցվող մի շարք օբյեկտներում բազմաթիվ թերացումներ էր արձանագրել ու հանձնարարել շտկել, այցին հետևել էին նաև պաշտոնակություններ։ Վարչապետը, դժգոհել էր շինաշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ ու բարեխիղճ հսկողությունից:

Վարչապետ. «Կախիչին ձեռք ես տալիս՝ ընկնում է, որտեղ գնում ես, ջուրը կաթում է: Եթե կարճ ամփոփեմ՝ շատ դժգոհ եմ, ահավոր: Էդ պրարաբային կուլտուրան մեր մոտ խորը նստած ա: Բոլոր ծրագրերը, որը սուբվենցիա է, սուբվենցիա չի, որը արվում է պետական բյուջեից, տեղում մարզպետները դրա պատասխանատուն են»:

Օրեր առաջ վարչապետը մարզ էր եկել՝ ստուգելու՝ վերացվե՞լ են արդյոք թերացումները, մինչ այդ էլ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն էր մարզկենտրոն Վանաձորում հետևում պետական միջոցներով իրականացվող սուբվենցիոն աշխատանքների ընթացքին՝ հանձնարարելով շինարարներին աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում:

Մարզում սուբվենցիոն ծրագրերի ընթացքը խոշորացույցի տակ առած «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի խոսքով, շատ դեպքերում պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համար հատկացված գումարներով անորակ կամ թերի աշխատանքներ են արվում, բայց պատասխանատվության որևէ մեխանիզմ չի կիրառվում: Հիշատակում է Վանաձորում օրերս բացված Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակը, որի հիմնանորոգման աշխատանքները 2023թ-ին ենարվել՝ սուբվենցիոն ծրագրով: Ամիսներ առաջ ասֆալտապատված հրապարակում, ասում է, արդեն բուսականություն է աճել: Պայմանագրով նախատեսված պուրակի կանաչապատումը չի արվել ողջ ծավալով. նախատեսված 1.020.160 դրամից իրականացվել է միայն 94.500 դրամի աշխատանք։ Հիմնական թերությունները, ասում է շինարար- համայնքապետարան ներքին պայմանավորվածություններից են. նախագծերը փոխում են, արդյունքը, որպես կանոն, թերի ու անորակ աշխատանքներ

 Գևորգ Քոթանջյան. «Եթե գնանք պետական, նույնիսկ սուբվենցիոն միջոցներով ստեղծված, վերակառուցված ճանապարհներով, կտեսնենք, որ կան ահռելի թերություններ՝ սկսած չափերից՝ մի տեղ լայն է, մի տեղ նեղ է, որը չպիտի լինի, որովհետև մրցույթներն ունեն հստակ կանոններ, հստակ նշվում է, թե ինչ պետք է արվի: Օրինակ, հիմա մենք նայում ենք, պարզվում է, որ վերջնական ակտերը, գրեթե ոչ մեկինը պատրաստ չի: Գրեթե բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են, ունեն  թերություններ, որոնք հիմնականում առաջանում են այն պատճառով, որ շինարարը համայնքապետարանի հետ պայմանավորվելով, նախագծերում փոփոխություն են իրականացնում, շեղվում ծրագրից և առաջանում են նման թերություններ»:

Որպես կանոն, ասում է իրավապաշտպանը, հետագա թերությունների շտկման համար սահմանվում են ժամկետներ, մինչդեռ  ընթացքում համայնքապետարանը պիտի հետամուտ լիներ որակին ՝ որպես պատվիրատու: Ստեփանավանի համայնքապետարանից «Ռադիոլուր»-ին ասացին՝ շենքը 3 տարվա երաշխիքային սպասարկման ժամկետում է, վերանորոգման աշխատանքները մեկնարկել են և  կավարտվեն 10 օրից:

Back to top button