ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռը սահմանազատման գործընթացը խիստ վտանգավոր է համարում

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով Տավուշի մարզում սահմանազատման վերաբերյալ իր դիրքորոշումը։ 

«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման», – ասված է հայտարարության մեջ։  

Ըստ Մայր Աթոռի՝ առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Գերագույն հոգևոր խորհուրդը ժողովրդի զավակներին հորդորում է արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում են բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Մայր Աթոռը նաև կոչ է անում իշխանություններին` «անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները»: «Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում», – նշվում է հայտարարության մեջ։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև՝ շեշտում է Հոգևոր խորհուրդը։  

«Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն»,-եզրափակում է Մայր Աթոռը:

Back to top button