ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քաղաքական ուժերն առաջ չեն ընկնում Բագրատ սրբազանից․ ունենալո՞ւ է շարժումը վարչապետի թեկնածու

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ չէ Ադրբեջանի հետ բանակցություններին և սահմանազտման ու սահմանագծման աշխատանքներին, ընդդիմադիրները դեմ են այն սկզբունքներին և, ըստ իրենց՝ զիջողականությանը, որով այս պահին արվում է հատվածական սահմանազատումը։

Խորհրդարանում ճեպազրույցների ժամին պատգամավորներն անդրադարձել են ոչ թե լիագումար նիստի աշխատանքներին և օրակարգին, այլ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չեն բացահայտել, թե ինչ զարգացումներ կարող են լինել երթով դեպի Երևան հասնող շարժման ընթացքում։

Ընդդիմադիրների խոսքից, սակայն, պարզ դարձավ, որ շարժումը մի քանի փուլից է բաղկացած լինելու։

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ըստ էության բաղկացած է լինելու մի քանի գործողություններից։ Առաջին գործողությունը՝ Տավուշից Երևան քայլերթն է, որի համար այս պահին որպես նպատակ չի ձևակերպել իշխանափոխության կամ վարչապետի հրաժարականի ուղիղ պահանջ։ Իրենց այդ շարժման մասը համարող Աժ ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ սա շարժում չէ հանուն իշխանության։ Ձևակերպում են, որ պայքարը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և պարզապես երկրի գոյության համար է։

Միևնույն ժամանակ, սակայն, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը չեն բացառում, որ որպես վերջնարդյունք շարժման նպատակները կարող են նաև փոխվել արդեն հաջորդ փուլերում։

Տիգրան Աբրահամյան․ «Շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե հնարավոր լիներ փողոցային շարժման միջոցով գեներացնել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում կլիներ հանրային ճնշում և առաջին հերթին հնարավոր կլիներ խորհրդարանի միջոցով հասնելու վարչապետի փոփոխությանը»։

Արթուր Խաչատրյան․ «Ես կարծում եմ, հույս ունեմ, որ իրենք կհասկանան, որ իրենք չեն կարողանում լուծել ՀՀ առջև ծառացած մարտահրավերները»։

Արդյո՞ք Երևանում շարժմանը միանալու են խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կամ շարժումը հրապարակելո՞ւ է վարչապետի հնարավոր թեկնածուի անուն․ սրանք հարցեր են, որոնք ընդդիմադիր պատգամավորները այս պահին տեղին չեն համարում․

Արթուր Խաչատրյան․ «Միանալ նշանակում է չասել՝ վայ, Պողոսը այտեղ է, դրա համար ես նրա կողքով չեմ քայլելու։ Այո, կան մարդիկ ում ներկայությունը ինչ–որ մի խմբին կարող է հաճելի չլինի, կան մարդիկ, որոնք մյուս խմբին հաճելի չլինեն, բայց սա իշխանության համար պահանջ չէ, սա ժողովրդին ձայնն է, որ իշխանությանն ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը»։

Տիգրան Աբրահամյան․ «Ինչ վերաբերում է շարժման կողմից վարչապետի թեկնածուի հնարավոր հայտարարմանը կամ մնացած գործընթացներին, ես կարծում եմ՝ կոռեկտ և ճիշտ չի լինի, որ սրա հետ կապված ես իմ դիրքորոշումը ներկայացնեմ։ Երբ սրբազանը կամ շարժումը կհայտարարի նպատակների մասին, երբ կհայտարարվի, թե քաղաքական ինչպիսի պրոցեսներ պետք է տեղի ունենան, այդ ժամանակ մենք մեր հստակ մոտեցումը նաև այդ փուլի հետ կապված կարտահայտենք»։

Խորհրդարանական մեծամասնությունը տեղեկություններ չունի, թե որ դեպքերի մասին է Բագրատ սրբազանը խոսում, երբ հայտարարում է, որ «ՔՊ»-ական բարձրաստիճան պաշտոնյաներ ողջույնի ուղերձներ են հղում շարժմանը։ Որտեղի՞ց են գալիս այդ խոսակցությունները և ի՞նչ հիմքերով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չգիտի։

«Եթե որևէ հիմնավորում կբերեք, որևէ ինչ-որ նյութ կլինի, ինչը կարելի է մեկնաբանել, մեկնաբանենք։ Բայց օդից վերցված հայտարարություններն ու պնդումները, ներողություն, բայց մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում ես առհասարակ»։

Իշխանական պատգամավորները հավատացած են, որ շարժման միջոցով Հայաստանի ներքին գործերին փորձում են խառվել արտաքին ուժերը։ Ավելի կոնկրետ՝ խոսում են ռուսական ուղղորդումների մասին, ինչը ենթադրել են ռուսական պետական ալիքների քարոզներից, ռուս պաշտոնյաների ու վերլուծաբանների խոսքերից։

«Եթե փորձում ենք վերլուծել՝ ռուսական շրջանակների՞ց են արդյոք ուղղորդվում որոշ շրջանակներ Հայաստանում, ապա ես պետք է ուղղակի ուղղորդեմ, գնացեք գտեք Հայաստանից տարիներով թալանած և Ռուսաստան փախածների ելույթները, ուղիղ եթերները Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին։ Այսինքն՝ կոնկրետ փորձ է արվում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և որոշ խմբերի օգնելու միջոցով Հայաստանում հեղաշրջում իրականացնելու փորձեր անել, որպեսզի ծայրագավառ դարձնեն Հայաստանը և կրկին արգելակեն մեր ինքնիշխանությունը։ Այո, քաղաքական ուղղորդվածություն կա դրսից։ Երբ որ այդ քաղաքական ուղղորդվածությունը դուրս կգա քաղաքական կոնտեքստից, արդեն ՀՀ օրենսդրությունը համապատասխան կերպով կկիրառվի։ ՀՀ իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն ուշիուշով հետևում են այն գործընթացներին, որոնք միտված են ՀՀ-ում խժդժություններ իրականացնելու»։

«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի կարծիքով, ընդդիմադիրների պայքարում արտաքին միջամտության փորձերի մասին իշխանության պնդումները արվում են միտումնավոր․

«Որպեսզի ցույց չտան, հերքեն, որ ներսում, երկրում կա իրենցից դժգոհություն, իրենց այդ ամեն ինչը վերագրում են օտար ուժերին»։

Ի դեպ, ընդդիմադիրները լիագումար նիստում գլխավոր դատախազմից ճշտել են և այժմ պնդում են, որ գլխավոր դատախազությունում չկա հարուցված ոչ մի քրեական գործ, որը կառնչվեր օտար ուժերի մասնակցությամբ Հայաստանում հեղաշրջման փորձ անելուն։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հիշեցնում է, որ վերջին շրջանում իրավապահները մի քանի զինված խմբավորում են բացահայտել, որոնք պատրաստվում էին Հայաստանում ահաբեկչություններ իրականացնել, որպես թիրախ ընտրելով պաշտոնյաներին։

Back to top button