ԿարևորՀասարակություն

Հուսալի, շահավետ ու ավտանգ․ նոր ատոմակայանի հիմնական չափորոշիչները

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է: Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին:

Ի՞նչ հզորության ատոմակայան պետք է ունենա Հայաստանը 2036 թվականից հետո։ Ընտրել ռուսակա՞ն առաջարկը, թե՞ գնալ ամերիկյան տարբերակի՝ մոդուլային ատոմակայնների ուղղությամբ։ Հայկական կողմը դեռ առաջարկների է սպասում։

Ատոմային էներգետիկայի մասնագետները միաբերան պնդում են՝ Հայաստանին հզոր ատոմակայան է պետք։ Սա առաջինը ազգային անվտանգության համար է։ ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․

«Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է, 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը՝ 10 տարի»։

«ՀայԱտոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի տեղեկացմամբ, ընդունելի առաջարկներ կան, բայց դրանք նախագծեր են, քննարկումների մակարդակում․

«Քաղաքականությունը մեծ դեր է խաղում՝ ինչպես բաշխել 1200 ՄԳՎՏ-ը։ Եթե կարողանան լավ համաձայնագիր կնքել, օրինակ, տարբերակներից մեկով դեպի հարավ իջեցնել 600 ՄԳՎՏ-ը, իսկ մյուս 600 ՄԳՎՏ-ը թողնել Հայաստանին, դա իմ կարծիքով շատ լավ առաջարկ է։ Այդ 600 ՄԳՎՏ-ի չափով էլ մեր հարավային հարևանները մասնակցեն։ Հյուսիսային հատվածում կա էներգետիկայի պակաս։ Իրենք էլ, ոնց որ թե նման ցանկություն ունեն։ Մնում է, որ հայկական, ռուսական ու մեր հարավային հարևանը՝ Իրանը, կարողանան համաձայնության գալ։ Եթե կարողանան ու, եթե ձեռնտու է, մենք ասելիք չունենք»։

Ինչ հզորության ատոմակայան պետք է ունենա Հայաստանը 2036 թվականից հետո։ Ընտրել ռուսակա՞ն առաջարկը, թե՞ գնալ ամերիկյան տարբերակի՝ մոդուլային ատոմակայնների ուղղությամբ։ Այս հարցերի պատասխանները կառավարությունը դեռ չունի։ Կողմնորոշվելու համար, ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, դեռ պետք է աշխատեն․

«Այժմ մենք այդ աշխատանքների ընթացքի մեջ ենք, որպեսզի չսխալվենք ու հասկանանք՝ ինչպիսի բլոկ պետք է կառուցենք։ Որոշման կայացման համար պետք է ունենանք բոլոր առաջարկները։ Բացի ռուսական առաջարկից, մնացածի մանրամասները չեն ստացվել։ Այս պահին ԱՄՆ ու կորեական գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում»։

Դեռ պաշտոնական հայտարարոթյուններ չկան, բայց քննարկումների առանցքում նաև փոքր մոդուլային ատոմակայաններն են, դրանց արդյունավետության մասին բազմաթիվ ապացուցյների ներկայացումները։ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի։ Այժմ սպասում են, որ կառուցվող էներգաբլոկի հզորությունը, տեսակը որոշի կառավարությունը․

«Միջազգային շուկայում փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված այժմ արագ զարգացումներ են ընթանում։ Իմ կարծիքով՝ ավելի նորարարական են։ Կան նաև մեծ հզորությամբ միջուկային բլոկների առաջարկներ։ Երբ որ կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը կկողմնորշվեն՝ ինչպիսի հզորություն է պետք, կընտրեն, այդ ընթացքում կոմիտեն կդիտարկի՝ անվտանգության տեսանկյունից որքանով են դրանք համապատասխանում անվտանգությանը, ՀՀ օրենսդրությանը, հանդես կգա համապատասխան եզրակացությամբ»։

Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնցում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։

Բայց օրերս ՏԿԵ փոխնախարարը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, և ներկայումս ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով:

Որևէ պետության հետ համագործակցությունը չի դիտարկվում և չի կարող դիտարկվել ի վնաս մեկ այլ պետության։

Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում էին քննարկել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Հանդիպումից հետո Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը և էներգետիկ անվտանգության ապահովմանը:

2023 թվականի հունիսին ստեղծվել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ներկայումս գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Վերջին տարիներին կայանում կատարվել են շահագործման երկարաձգմանը միտված տեխնիկական արդիականացման աշխատանքներ:

Back to top button