Ազդ անցյալից

Քաղցր կյանքի ետևից․ «Ազդ անցյալից»

Հուրախություն քաղցրակերների, հայկական մամուլը էլ ավելի ջանասիրաբար է տպագրում հրուշակագորարանների գովազդները: Պարզ շոկոլադներին, կակաոյի և սուրճի փոշիներին ավելանում էին կոնֆետներն ու տորթերը, պաղպաղակն ու այլ նորույթներ: Գնանք քաղցր կյանքի ետևից:

Ընդունում եմ ամեն տեսակ պատուէրներ ԿՕՆՖԷԿՏՆԵՐԻ, ՊԵՐՕԺՆԻ, ՍՈՒԽԱՐԻ զանազան տեսակի, մուրաբի, և ընտիր տեսակ ՖՐՈՒԿՏՕՎԻ ԿՕՆՖԷԿՏԻ, և ամեն տեսակ կանդիտերի ապրանքի, շատ մատչելի գներով: Պատուէրները կը կատարվեն ամեն ճշտութեամբ, և խղճմտաբար: Ցանկացողք կարող են դիմել ինձ հետևեալ հասցէով, Въ Тифлист, МАРТИРОСУ АХНАЗАРОВУ. НА СОЛОЛАКСКОЙ УЛИЦЕ МАГАЗИНЬ ВАРШАВСКАЯ ПЕКАРНИЯ: Փոստայիւ կօնֆէտ  պահանջողների ճանապարհածախքը ինձ վրա եմ առնում: Մ. Հախնազարեանց:

Կոնֆետների կամ, ինչպես անվանում էին այն ժամանակ կոնֆեկտների պատմությունը  բավական պատկառելի տարիք ունի: Առաջին անգամ կոնֆեկտ պատրաստելու փորձ արել են շաքարագործները և իրենց այս արտադրանքը համարել են շաքարի մի տարատեսակ, որն ի դեպ բավական թանկ արժեր: Սառցեշաքարների արտադորւթյան գաղտնիքնեին սկսեցին տիրապետել նաև Թիֆլիսի, Ֆրեզնոյի, Պոլսի և հայաշատ այլ քաղաքների քաղցրաստեղծները:

Կօնդիտերիա եւ հացագործարան Պետրոս Իւզբաշեանի, Երեւանեան հրապարակի վերայ, Թիֆլիսում: Պատրաստի ունի ամեն օր նոր և թարմ  կօնֆէկտներ թէ մրգերի, և թէ մօդնի ու պօմատկա կոչուած տեսակներից: Կարկանդակ, շաքարահաց, ցուկատ, տօրտ և քաղցրաւէնիք ամէն տեսակի: Նոյնպէս բազմատեսակ և բազմաձև հացեր եւ պաքսիմաթ. Մեծ քանակութեամբ  բօնբօնեօր արկղիկներ փառաշէն եւ զարդարուն: Ընդունում է պատուէրներ թէ՛ Թիֆլիսում և թէ՛ գաւառական քաղաքներից ամենաչափաւոր գներով և կատարում է նրանց  արագ եւ ճշդութեամբ: Այն օտարաքաղաքացիների համար, որոնք մեծ քանակութեամբ են պատուիրում , լինում է նշանաւոր զիջում: Հասցէն՝ Թիֆլիս, հրուշակագործարան  Յուզբաշեանի: 

Ծանուցում է «Նոր Դար»-ը, իսկ Ֆրեզնոյի «Նոր կեանք»-ում կարդում ենք.

The Lark Շաքարեղէններու տունը Ֆրեզնօ, Քալիֆորնիա, Սինեմա  թատրոնին դէմը.

Ձեր նշանտուքի եւ հարսանեկան հանդէսներու համար պէտք եղած շաքարեղէնները ինչպէս նաև Ուէտինկ Քեյքերու ապսպրանքները մեզի տուէք: Մեր գործը այդ է. Այցելեցէք նաև մեր խանութը ու տեսէք թէ մեր շաքարները եւ թէ մեր Սօտա ֆաունթենը:

Լատիներեն «cоnfесtum» բառը նշանակում է  դեղ, և  կոնֆեկտներն ի սկզբանե պատրաստվել են հեռավոր աշխարհներից բերված իբր բուժիչ շաքարից:  «Նոր դար»-ը, օրինակ, գովազդում է հազի դեմ «Խոտերի կարամել  Կետտի Բոսս»,  կամ  «Տամարինդիեն»  կոնֆեկտները փորկապության դեմ: 

Բայց շուտով  քաղցրաստեղծները դեղագործներից սովորեցին շաքարե ջնարակ պատրաստելու նրբությունները և կոնֆետի  բիզնեսը քայլեց: Միևնույն ժամանակ  չարաշահելով  քաղցրը՝ մարդիկ սկսեցին տառապել  ատամանցավից, և հիմա էլ  ատամնաբուժական ծառայությունները զարգացան:

Կոստանդնուպոլսի շաքարեղէնների եւ կաթի խանութ Կ.Ս. Սաքաեանցի, Սօլօլակի փողոց, տուն Թայիրեանցի. Թարմութիւնը՝ որ պատրաստուած իրեղէնների առաջին պահանջը և յատկութիւնն է՝  յարգելի հասարակութիւնը միշտ կարող է գտնել մեր խանութից արտահանած մթերքների մէջ, այն է ՝ կոնֆէկտի, զանազան տեսակ քաղցրաւենիների (մուրապա), շաքարահացի, կարկանդակի, առաւելապէս այն անուշահամ  եաղլուի մէջ, որ ամենայն առաւօտ պատրաստվում է մաքուր և յստակ իւղից:

Ցանկացողները կարող են ապսպրել երեկոյթների և պարահանդէսների համար ամեն տեսակ  իրեղէններ նոյնպէս և պաղպաղակ(մարոժնա): Նաև ամենայն ժամանակ պատրաստվում է և վաճառվում է մեր խանութում շոկոլադ, սուրճ (ղահվէ), թէյ, իստակ կաթ, սեր, մաքուր իւղ և տաք յաղլուներ:

Մինչ Թիֆլիսի և Ֆրեզնոյի հայերը ոգևորված ըմբոշխնում էին կոնֆետներն ու շոկոլադները, տորթերն ու պաղպաղակները, Պոլսի հայությունը համտեսում էր ավանդական անուշեղենը:

Լօգումի գործարան Սարգիս Ալամեանի, Էսկի Զապթիէի դէմ  N  57

Սարգիս Ալամեան կ՛շինէ տաճկական լօգումի ամէն տեսակները մեծ յաջողութեամբ և համեմատապէս  աւելի աժան կ՛ծախէ: Դիմողները շատ գոհ կ՛մնան և տուփերով դուրսը ղրկելու համար յանձնարարութիւններ ալ  կ՛ընեն: Փիստաշով, կաղինով ելն. Լոգումի տեսակներէն զատ նուշով մասնաւոր անուշեղէն ալ յօրինած է, որ մեծ ընդունելութիւն գտած է: Բարձր Դրան հրապարակի մօտ կեդրոնական դիրք մ՛ունի իր գործանոցը:

Լօգում շաքարի մեծ գործարան Սարգիս Ալամեան-ֆընտըգըլ, ֆւստըգըլ, պատէմլի, սագըզլը լօգումներ, սուճուգներ եւ շաքարեղէններ արհեստին կատարեալ պահանջումով կ՛պատրաստուին  այս վաճառատան մէջ: Գաւառներէ  շաքարեղէնի պէտք ունեցողները եւ փափկաճաշակ անձինք ամէն կերպով գոհ պիտի մնան այս լօգումի գործարանը դիմելով:Գիներն յոյժ դիւրամատչելի: Տաքերուն սկսելէն ի վեր, Ալամեան  կ՛վաճառէ նաև Գարագուլաղի պաղ ջուր, լիմոնատ և զանազան ընտիր օշարակներ:

Լոխումը, որ պատրաստվում է օշարակից և ալյուրից հավելյալ համերի փնջերով , արևելքի ամենահայտնի անուշեղենն է: «Հաճելի քիմքին»մոտավորապես այս իմաստն ունի ռահատ լոխումը արաբերենով:

Հայ նպարավաճառ Գրիգոր Օհնիկեան, Բերա, Անգլիական դեսպանատան դիմաց, Պալըք-բազարի անկիւնը, 28: Ամէն տեսակ նպարեղէն ընտիր և մաքուր տեսակէն, որոշեալ  չափաւոր գիներով: Վաճառատունս սկզբունք ընդունած է ուղղամտութիւնն, որով աժանութիւնն ու մաքրութիւնն կրնայ մրցիլ օտարազգի նպարավաճառներու հետ: Ուստի իրեն դիմող ամէն յաճախորդ կըրնայ կատարելապէս վստահ ըլլալ թէ ամէն կերպով գոհ պիտի մնայ:

Իսկ Վահան Իսագուլեանի «համբաւաւոր լօքում շաքարի մեծ գործարանը» պարզ լօքումի կողքին առաջարկում է «վարդեայ, պիստակով, սագըզ, նուշ: Բոլորն ալ ամենաընտիր տեսակէն եւ դիւրամատչելի գներով կը վաճառուին մեծաքանակ եւ փոքրաքանակ…

 Հացամթերքի, տարբեր խմորների, մակարոնների  հայտնի  արտադրող Բաբայանօբուլն իր արտադրանքի գովքը արել է Պոլսի «Հայրենիք»-ում : Նաև բացատրել  հաջողակ բիզնեսի 3 հիմնական դրույթները:

Մեծ գործարան սննդարար խմորներու. Պէյքըր եւ  Քաղէլիս.

Աղեկ ապրանք արտադրելու համար նախնական նիւթերուն աղեկները գործածելու եւ կատարեալ  գործիքներ ունենալու է: Վաճառք մը աժան ծախելու համար հարկ է երեք բան. Մեծ արտադրութիւն, մեծ սպառում եւ տեսակի լաւութիւն: Ասիակ ճշմարտութիւն մըն է Պէյքըր եւ Քացէլիս գարծարանի համար, որու արտադրոթիւնները կրնան մրցիլ Ֆրանսայի եւԻտալիոյ ամենամեծ գործարոններու հետ: Պէյքըր եւ Քացէլիս գարծարանըկը գործածէ կարծր ցորենի լաւագոյն կորկոտը որ կը փշրուի Պէյքըր եւ Որդիի աղօրիքին  մէջ: Ոստի այս գործարանին արտադրութիւններու լաւութիւնը անժխտելի է և համոզուելու համար կը բաւէ անգամ մը փորձել: Սննդական խմորներու սովրական տեսակներէն զատ հոն կը պատրաստուին նաև լաւագոյն տեսակ մը հաւկթախառն մաքարօնիներ, որոնք մէկ և կէս քիլօնոց ծրարներով կը ծախուին: Այս ծրարները գոցուած են և գործարանի մարքաին հետ միասին կը կրեն պիտակ մը որ պարունակութեան լաւութիւնը կ՛երաշխաւորէ:

Պէյքըր եւ Քացէլիս գարծարանին փուռերուն մէջ կը պատրաստուին նաև ճերմակ հաց ու կալէթ: Խմորը կը պատրաստուի Եվրոպայի մէջ ընդունուծ առողջապահական վերջին դրութեանց համեմատ մասնաւոր մեծամեծ մեքենաներով: Այս արտադրութեան մեծ սպառումը անոնց ազնւութեան  մեծագոյն ապացոյցն է: Գիները խիստ չափաւոր են: Ապսպրանքները փութով կը կատարուին քանակութիւնն ինչ որ ալ ըլլայ: Կեդրոնական մթերանոց ի Ստամբուլ Բաբայանօբուլօ:

Հայկական մամուլով  քաղցր կյանքի հետքերով  դեռ էլի ճանապարհ ունենք անցնելու:

 Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button