ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի ու Երևանի հետ, բայց իր արտադրանքի արտահանման մասին է հոգում

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման մասին է հոգում։

Այս մասին ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու թեմայով Ադրբեջանի քննադատություններին։

Հայ-հնդկական համագործակցությունն ակտիվ փուլ մտավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հնդկաստանն ավելի նկատելի պրոհայկական գործելաոճ որդեգրեց, պաշտոնական այցերն ավելի հաճախակի դարձան, արդյունքում հայտարարվեց, որ ռազմական ոլորտում նույնպես Երևանն ու Դելին կոնկրետ և  երկարաժամկետ համագործակցության ուղիներ են մշակում։ Հնդկական հաուբիցների հաջող գործարքից հետո հնդկական լրատվամիջոցները նոր գործարքի մասին հաղորդեցին։ Հնդկական The Еurasian Times պարբերականը հայտնում է, որ պաշտոնական Երևանը Հայդերաբադ քաղաքում գործող Zen Technologies ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ձեռք բերելու շուրջ պայմանագիր է ստորագրել, որի ընդհանուր արժեքը 41․5 միլիոն դոլար է։ Պարբերականի աղբյուրներից մեկն ընդգծել էր.

 «Zen Technologies-ի հակադրոնային համակարգն իր արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիա է, որն արդեն իսկ օգտագործվում է Հնդկաստանի զինված ուժերի կողմից։ Հայաստանում գիտակցել են, որ եթե հնդկական բանակն է այդ համակարգերը կիրառում, ուրեմն դրանք պետք է, որ լավը լինեն»։  

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի գնահատմամբ՝ բավականին դրական ու խոստումնալից է այն, ինչ այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Հնդկաստանի միջև.

«Կարևոր մի բան է պետք հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությանը  թիվ մեկ սպառազինություն մատակարարող ՌԴ-ն այս պահին համաշխարհային շուկայից ռազմարդյունաբերություն արտահանող երկրների ցանկից դուրս է մնացել»։

Ռազմական փորձագետը կարծում է, որ այդ առումով որպես այլընտրանք Հնդկաստանը մի քանի տեսանկյունից ամենահարմարն է, քանի որ այն քիչ պետություններից մեկն է, որոնք խնդիրներ չունեն այդ հարցում և շահագրգիռ են Հայաստանի ռազմական կարողությունների ավելացմամբ՝ ի հեճուկս հայ-հնդկական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած դժգոհությունների։

«Քեզ, ով սպառազինություն մատակարարի, հարաբերություններ կարող է փչացնել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մի խոսքով՝ շատ բարդ խնդիրներ կան։ Հնդկաստանը, այդ ամեն ինչը տեսնելով, շատ կողմ է ՀՀ-ին սպառազինություն վաճառելուն։ Շատ խոստումնալից է երկու երկրների համար էլ»։  

Հնդկաստանն ուսումնասիրող հայ փորձագետները նկատում են, որ հայ-հնդկական հարաբերությունները վերարժևորվում են բոլոր մակարդակներում։ Սա կարևոր միտում են համարում՝ ընդգծելով դարավոր բարեկամության գործոնը։

Հայ-հնդկական հարաբերությունների վերարժևորման մասին է, ըստ էության, գրել են նաև Հնդկական պարբերականները։

Հայաստանը բանակցություններ է վարում իրանական Չաբահար նավահանգստին միանալու շուրջ, քանի որ ձգտում է մուտք ունենալ Հնդկաստան և ասիական այլ երկրներ․ այսպես են կարծում Հայաստանի արտգործնախարարությունում։ Երևանը Հնդկաստանին առաջարկել է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի մաս դառնալ։ Անդրադառնալով հայ-հնդկական տնտեսական կապերի մյուս ոլորտներին՝ արտգործնախարարությունը պարբերաբար հայտնել էր, որ Հայաստանի և Հնդկաստանի միջեւ ուղիղ չվերթերը կարող են գործարկվել արդեն 2024 թվականին: 

Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը նկատում է, որ Արևմուտքին հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերում Հայաստանին կարևորագույն դեր է վերապահված։ Ըստ նրա՝ համագործակցության ակտիվացումը պատահական չէ, քանի որ անվտանգային հարցերն էական նշանակություն ունեն նաև Հնդկաստանի համար։

«Դա հուզում է նաև Հնդկաստանին, որովհետև կա ահաբեկչության խնդիրը, մեծացող վտանգ՝ Պակիստանի սատարումը բացահայտորեն Թուրքիային և Ադրբեջանին։ Սա Հնդկաստանի համար արտաքին քաղաքականության, այս տարածաշրջանում  ունեցած ազդեցության կարևոր բաղադրիչներից է։ Մանավանդ, որ Հնդկաստանն իր ծրագիրն առաջարկեց՝ տնտեսական տարածաշրջան մտնելու։ Այնպես որ՝ Հնկաստանը այս տարածաշրջանում Հայաստանը համարում է  իր վստահելի բարեկամ-գործընկերը»։  

Կոստանյանը նկատում  է, որ հայ-հնդկական հարաբերությունների խորացումը կարևոր է այլ տեսանկյունից ևս․ ձևավորվող  «նոր աշխարհակարգում» Հնդկաստանը  կարևոր դերակատարության է հավակնում։

Back to top button