Մոռացված ֆիլմերի ստվերները

Սերգեյ Փարաջանով -100. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ձգողական մեծ ուժ ունեցող արվեստագետ էր, որի շուրջը անդադար հավաքվում էին նրա երազներին ու հեքիաթներին հաղորդակցվել ցանկացողները։ Նա, գրեթե բոլորին, վարակում էր աշխարհն ավելի լավը դարձնելու իր պատկերացումներով:

Սերգեյ Փարաջանով

Ռեժիսոր, դերասան, քանդակագործ, երգիչ, կոստյումեր, դիմահարդար․ վերը նշված մասնագիտությունների ցանկին վարպետորեն տիրապետում էր կինոյում նոր ձևի և գեղագիտության հիմնադիր Սերգեյ Փարաջանովը, որին ընկերները՝ Ֆեդերիկո Ֆելինին, Ժան-Լուկ Գոդարը, Իվ Սեն-Լորանն անվանում էին հանճար և մաեստրո։ Իր գործունեությունը Փարաջանովը սկսել է Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ նկարահանել է մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։

Փարաջանովին համաշխարհային ճանաչում է բերել «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը, որը էկրան է բարձրացել 1964 թվականին և ցնցել է ողջ կինոաշխարհը։ Այս ֆիլմի հաջողությունից երկու տարի անց, Փարաջանովը «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատելու հրավեր է ստանում և հայրենիք գալուց երկու տարի անց նկարահանում է «Նռան գույնը» ֆիլմը։

Արվեստագետ Պավել Ջանգիրովն այն մարդկանցից է, որին բախտ է վիճակվել շփվել Սերգեյ Փարաջանովի հետ։ Նրանց առաջին հանդիպումը Տերյան երկու հասցեում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիայում էր։

Հայկական կինոյի զարգացմանը հետևող երիտասարդ Պավելը «Նռան գույնը» ֆիլմի սցենարի առաջին ընթերցման երեկոյին մասնակցելու պատահական հրավեր է ստանում։ Այդ երեկոն գլխիվայր շրջում է արվեստի հանդեպ Պավել Ջանգիրովի ընկալումները։

Պավել Ջանգիրով

«Նշված ժամին Տերյան 2 հասցեում գտնվող փոքր սրահում հավաքվել էին կինոյի այն ժամանակվա նշանավոր մարդիկ։ Ես էլ տեղավորվեցի նրանց շարքերում։ Մի քանի րոպե անց ներս մտավ Փարաջանովը, ցուցադրեց ֆիլմի վերաբերյալ մի քանի նկարներ, որից հետո սկսեց ընթերցել սցենարը։ Նրա ընթերցումը նման էր մեկ դերասանի թատրոնի։ Բոլորս ապշած, կլանված լսում ու դիտում էինք Փարաջանովին։ Նրան տեսնելուց առաջ ես չէի կարող պատկերացնել, որ մի մարդը վայրկյանների ընթացքում կարող է արագ կերպարանափոխվել, ընթերցանության ժամանակ վարպետորեն փոխի առոգանությունը և այլն»,-պատմում է Պավել Ջանգիրովը։

Սերգեյ Փարաջանովի կենսագրությունն ու կյանքը լի են բազում դժվարություններով։ Նրա տարբերվող, վառ անհատականությունը ընկալելի չէր շատերի համար, բայց չնայած այդ ամենին, նա ստեղծեց ֆիլմեր, որոնք հայկական կինոն ճանաչելի դարձրեցին համաշխարհային հարթակներում։  

«Փարաջանովի ուղին դեպի կինո հեշտ չէր։ Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ Թբիլիսիի խաղալիքների գործարանում։ Շուրջ երկու տարի աշխատելուց հետո ընդունվեց երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժին։ 1945 թվականին նա տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա, որին զուգահեռ ընդունվեց նաև Մոսկվայի՝ Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո աշխատանքի անցավ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ էլ մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր նկարահանելուց հետո, 1964 թվականին  նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը։ Այս կինոնկարը Սերգեյ Փարաջանովին համաշխարհայկին ճանաչում բերեց»,-նշում է Պավել Ջանգիրովը։

Նախքան «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումների մեկնարկը՝ 1962 թվականին, Փարաջանովը մեկնում է արևմտյան Ուկրաինա և շուրջ երկու տարի ուսումնասիրում այնտեղ ապրող էթնիկ ցեղախմբերից մեկի՝ գուցուլների առօրյան, ավանդույթները, մասնակցում նրանց մկրտություններին և հուղարկավորություններին։  

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքների ժամանակ Փարաջանովը նույնիսկ հանձնարարել էր կապույտ ներկել Կարպատյան լեռների ժայռերը՝ բնապատկերը առավել հետաքրքիր դարձնելու համար։

«Փարաջանովը միշտ ասում էր․- «Ես սիրում եմ բնությունը, բայց ուզում եմ միշտ խմբագրել այն»,- դա էր պատճառը, որ նա պահանջեց ժայռերը ներկել կապույտ գույն։ Ներկելուց հետո այդ վայրը այցելող բոլոր զբոսաշրջիկները զարմանում էին, թե ինչպես է բնության մեջ հնարավոր նման գույնի ժայռ։ Այցելուների զարմանքը մի քանի րոպե անց ժպիտի էր վերածվում, երբ նրանք իմանում էին Սերգեյ Փարաջանովի՝ ֆիլմ նկարահանելու համար ժայռերը ներկելու մասին »,- ասում է Պավել Ջանգիրովը։ 

95 րոպե տևողությամբ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը էկրան է բարձրանում 1964 թվականին։ Այդ ժապավենն իրադարձություն էր 60-ականների խորհրդային կինեմատոգրաֆում։ էկրանավորումից երկու տարի անց՝ 1966 թվականին, Կիևի համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանում է հատուկ մրցանակի։

««Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը 1965 թվականին Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում անցկացվող 7-րդ միջազգային կինոփառատոնում ստանում է միանգամից երկու մրցանակ։ 1966-ին Սալոնիկի առաջին միջազգային կինոփառատոնում արժանանում է ոսկե մեդալի՝ լավագույն բեմադրման համար և հետագա տարիներին ֆիլմի մրցանակների քանակը հասնում է քառասունի»,- նշում է Պավել Ջանգիրովը։

Չհասկացված լինելը Սերգեյ Փարաջանովին երբեմն թևեր էր տալիս, երբեմն գցում հուսահատության գիրկը, երբեմն էլ մղիչ ուժ դառնում ապրելու, արարելու և արվեստի նոր գործ ստեղծելու։ Իր բոլոր ապրումները Փարաջանովը  հավաքում, ի մի էր բերում իր նկարահանած ֆիլմերում, որոնց  ցուցադրությունն ու հանրահռչակումը այս հոբելյանական տարվա շրջանակներում մեր գնահատանքի ու երախտագիտության տուրքը կլինի մեծ վարպետի տաղանդին ու ստեղծագործական մեծ, անկրկնելի ժառանգությանը։

Back to top button