Ժամանակի վկան

Հայ կինը ցեղասպանության զոհ և հերոս․Շուշան Խաչատրյան․ «Ժամանակի վկան»

Ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ որևէ նորույթով է ներկայանում․ դա կլինի նոր ցուցադրություն, նոր հրատարակություն, ճանաչված ցեղասպանգետների դասախոսություններ կամ այլ։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպել, որի խորագիրն է «Հայ կինը ցեղասպանության զոհ և հերոս»։

Հայ կանանց անհատական պատմություններով է ներկայացված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը. Գյուլիզար, Արաքսի Ճեպեճյան, Փառանձեմ Պալյան, Զեփյուռ Մեծպահքյան, Վարթեր Նազարյան-Դերանյան, Էլմաս Սարաճյան-Պոյաճյան, Ավրորա Մարդիգանյան, Սրբուհի Գրիգորյան, Զաբել Եսայան, Զարուհի Պահրի և բազմաթիվ այլք, որոնք անցան թուրքական վայրագությունների միջով և դարձան անխոնջ պայքարի, աննկուն կամքի և հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշներ:

Ցուցադրության նպատակն է վերհանել հայ կնոջ ճակատագիրը Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև ցույց տալ նրա դրսևորած արտասովոր քաջությունն ու տոկունությունը: Ցուցադրված են հայ կնոջ կյանքին ու կենցաղին առնչվող անձնական իրեր, բացառիկ բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:

Մանրամասներին ծանոթանալու համար այս հաղորդաժամին լսենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանին։  

Ցուցադրությունն ունի տարբեր բաժիններ, որոնք ունեն առանձին խորագրեր։ Բաժինները ներկայացնում են հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների իրացման խնդիրները մինչև ցեղասպանությունը, Հայոց ցեղասպանության տարիներին և հետո, զուգահեռաբար վեր հանելով հայ կնոջ ճակատագիրը, հայկական կամ միջազգային կազմակերպությունների ցուցաբերած աջակցությունը։

Ցուցադրության բաժինները ստեղծվել են հուշագրությունների և դրանցում առկա փաստական նյութերի հիման վրա։ Հատկապես առանձնանում են տարագրության հանգամանքները։

Այս ցուցադրությունը շատ նորույթներով է հետաքրքրիր, սակայն ամենաբնորոշը և առանձնահատուկն այն է, որ այս անգամ բոլորովին նոր անուններ են ընդգրկվել  թեմատիկ բաժիններում։

Բազմաթիվ են Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց պատմությունները։ Դրանցից յուրաքանչյուրն առանձին ողբերգություն է, յուրօրինակ ընթացք ունեցող վերապրում։

Եվս մեկ ուշագրավ պատմություն, որն անտարբեր չի թողնի լսողին կամ ցուցադրությունը դիտողին։

Բազմաթիվ են նաև այլազգիների օգնությամբ թուրքական ստրկությունից ազատված հայ կանանց պատմությունները։

Չափազանց օրինակելի են այն պատմությունները, որոնցից տեղեկանում ենք, թե ինչպես ցեղասպանության տարիներին նույնիսկ երեխաներին կորցրած մայրերը կարողացել են վերապրել ու նոր սերունդներ տվել։

«Հայ կինը ցեղասպանության զոհ և հերոս» վերտառությամբ ցուցադրությունը, որը առաջիկա մեկ տարվա ընթացքում կցուցադրվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, բազմաթիվ ուսանելի ուղերձներ է պարունակում, նաև դրանք հղում այցելուներին։

Back to top button