
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի։ Կհավաքվեն վաղը՝ մայիսի 12-ին, հետագա անելիքների մասին տեղեկացնելով՝ նախօրեին Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Այսօր նա կոչով դիմել է Սփյուռքին. «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի կառավարության ձեռնարկած գործունության նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն՝ այս պարագայում Տավուշում, հետագայում Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է սահմանփակվելու այս ամբողջ ընթացքը»։

Բագրատ Սրբազանը նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին հանձնարարել է մինչև կիրակի երեկո մշակել և կազմել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների, սահմանազատման և գծման հայեցակարգ, իսկ պահեստազորի սպաներին՝ ներկայացնել անվտանգության բարձրացման հայեցակարգ։
ՔՊ-ից արձագանք կա՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է անդրադարձել․
«Դատելով նախկին մի շարք զինվորականների, ովքեր հրապարակում են հիմա, զինվորական ծառայության և ունեցած ավանդի ողջ պերճանքն ու թշվառությունը, ակնկալելի է, թե Բագրատ Գալստանյանն ինչ տեսակի հայեցակարգ է նրանցից սպասում»։

Անհնազանդության խաղաղ ակցիաներ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ու կուսակցության անդամներին սուրճի սեղանի շուրջ զրույցի հրավեր․ «Տավուշը հանուն հայրենիքի» անդամներն այսօր այս հանձնարարությունն ունեին։
Օրվա ընթացքում ոստիկանությունը բողոքի ակցիաների մասնակիցներին բերման էր ենթարկում։ Ըստ ՆԳՆ-ի՝ քաղաքացիները բերման են ենթարկվում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքեց՝ նշելով, որ շարունակում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։




