ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բռնությունները շարունակվում են բարեփոխումներին զուգահեռ

2023-ին 500-ից ավելի ոստիկան նկատողություն կամ խիստ նկատողություն է ստացել, ավելի քան 80 ծառայողի պաշտոնական դրույքաչափն իջեցվել է 10-50 տոկոսով, 6 ծառայողի պաշտոնն է մեկ աստիճանով իջեցվել, 1 ծառայողի՝ կոչումը, իսկ 37 ծառայող առհասարակ ազատվել է աշխատանքից։ Սա տեղի է ունեցել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը իրականացրած մոտ 2400 ծառայողական քննություններից հետո։ Սակայն ոլորտն ուսումնասիրող քաղհասարակության ներկայացուցիչները և որոշ պաշտոնատար անձինք պատժված ու պատժի արժանի ոստիկանների և այլ իրավապահների քանակը համարժեք չեն համարում։

Այս կարծիքն է հայտնել, օրինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը.

«Խոշտանգումները միայն Ոստիկանությունում չեն, այլ քննչական մարմիններում են։ Նման մի աղմկահարույց դեպք էլ անցած տարի է եղել, ես չգիտեմ՝ այդ մասով ինչ-որ բան արվե՞լ է, երբ Տիգրան Առաքելյանը մեղադրեց քննչական կոմիտեի նախագահին և Երևանի քննչական կոմիտեի ղեկավարին իրեն կաբինետում խոշտանգելու ենթարկելու մեջ։ Օրինակ իրենց մասով կա՞ գործ, մեղադրանք առաջադրվե՞լ է այդ երկու անձանց, իրենց պաշտոնավարումն ինչի՞ չի դադարեցվել, եթե նման դեպք կա, որովհետև ուրիշների դեպքում կարծես ջանասիրաբար այդ ամեն ինչն արվում է։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո բոլո՞րն են հավասար օրենիք առաջ, թե՞ որոշ մարդիկ ավելի հավասար են»։

Այս հարցը գլխավոր դատախազին էր ուղղված։ Նմանօրինակ հարց այսօր ուղղվել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քաղհասարակության և պաշտոնատար անձանց համատեղ հանդիպում-քննարման ժամանակ։ ՄԻՊ-ը կարծում է, որ ոստիկաններն ունեն բավարար ուժ՝ անհամաչափ ուժ կիրառելու համար և պետք է հատուկ ուշադրության կենտրոնում լինեն։

«Կուզեմ, որ խնդրին անդրադառնանք համակարգային եղանակով՝ բռնությունը համարելով անթույլատրելի ընդհանրապես։ Բայց ինչո՞ւ ենք մենք հատկապես մեծ շեշտադրմամբ խոսում պետական իրավասու մարմինների կողմից վատ վերաբերմունքի բոլոր դրսևորումների անթույլատրելիության մասին, որովհետև ի տարբերություն շատ այլ սուբյեկտների՝ պետական իրավասու մարմինները տիրապետում են այնպիսի մեծ ռեսուրսների ու գործիքակազմերի, որ ամենամեծն է հավանականությունը հենց այս սուբյեկտների կողից նշված իրավունքներ խախտման առնչությամբ»։

ՄԻՊ-ը հատկապես առանձնացնում է հավաքներ իրականացնելու ազատության իրավունքի նկատմամբ հասարակության և իրավապահ մարմիների մոտ առկա թյուրընկալումները։

«Շատ կարևորում եմ, որ բոլորս ունենք թե՛ պատշաճ հանրային ընկալում, թե՛ իրավասու մարմիներն ունենան պատշաճ գիտելիքներ և հմտություններ՝ ոլորտին վերաբերելի խնդիրները կանոնակարգելու համար։ Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում նաև ոչ միայն ոստիկանության բաժանմունքներում, իրավական այլ մարմիններում առերևույթ վատ վերաբերմունքի դրսևորումների հետ կապված։ Կուզեմ հատուկ սա շեշտադրել, որ տպավորություն չլինի, որ թիրախավորվում է զուտ ոստիկանությունը»։

Սակայն Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանի կարծիքով՝ ոստիկանությունը քաղաքացուն ամենամոտը գտնվող, նրա հետ ամենահաճախը շփվող կառույցն է, հետևաբար խստապահանջությունն էլ հատկապես սուր պետք է լինի։ Ասում է՝ ոստիկանի գործադրած բռնությունից տուժում է ոչ միայն կոնկրետ բռնության ենթարկված մարդը, այլև հենց ոստիականությունը․

«Մենք լուրջ խնդիր ենք տեսնում, որ քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրումը կարող է շատ լուրջ խաթարել հանրային վստահությունը բարեփոխումների նկատմամբ։ Առանց հանրային աջակցության բարեփոխումները չեն լինի այն օրակարգով, որը պետք է ժողովրդավարացող պետությանը, և երկրորդ՝ դա կկանխի բազմաթիվ արհեստավարժ մասնագետների մուտքը համակարգ»։

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյան ասում է՝ մի շտապեք․ խնդիրը մեծ է, լուրջ, լուծումը՝ ժամանակատար․

«ՀՀ գործող իշխանությունների կողմից բռնությունն ու դաժան վերաբերմունքը ոչ միայն մշտապես արժանանում է սուր քննադատության, այլ գործիքներ ենք ներդնում, որ դրանք բացառենք։ Բայց քանի որ մենք երկար ժամանակ այս համակարգում ունեցել ենք բացեր, ապա ասել, որ դրանք կարող ենք միանգամից, անմիջապես վերացնել, սխալ կլինի»։

Եվ մինչ, ըստ Ռուստամ Բաքոյանի, բարեփոխումները ավարտուն տեսքի բերելու ջանքեր են գործադրում, իրավապաշտպան կառույցներն ահազանգում են՝  մտահոգված են Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Օրերս նման հայտարարություն էր տարածել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:

Back to top button