ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բարեգործական հիմունքներով բնակելի շենքի վերակառուցումը 5 տարի ձգձգվում է

Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնի՝ Արմավիր քաղաքից Էջմիածին տեղափոխվելուց հետո Արմավիրի Հերացի 5 հասցեի շինությունները երկար տարիներ չեն օգտագործվել և դարձել են վթարային: Նախկինում դրանք գտնվել են պետական գույքի կառավարման ներքո, իսկ 2019թ․ մայիսին կառավարությունը նույն հասցեի երեք շինությունները նվիրել է Արմավիր համայնքին՝ Նորապատի Սիլիկյան 1 և 9 շենքերի, ինչպես նաև օժանդակ շինությունում՝ ճաշարանում ապրող բնակիչների համար՝ 30 բակարան կառուցելու նպատակով:

Արմավիր քաղաքի նախկին բամբակի գործարանի  բնակելի երկու  բաղդադյա շինություններից միայն մեկն է կանգնած, մյուսը հրդեհվել էր 2017թ հոկտեմբերի 22-ի գիշերը: Սիլիկյան 9 հասցեի հրդեհված շենքը «Ամրակ» ԲԲԸ սեփականությունն էր, իսկ Սիլիկյան 1–ը՝ Արմավիր համայնքի: Հրդեհված ու վթարային շենքի բնակիչների համար Հերացի 5 հասցեում կառուցվող բնակելի շենքի շինարարությունն արդեն 5 տարի ձգձգվում է: Եռահարկ շենքում դեռ ամրացման աշխատանքներ են ընթանում: «Ամրակ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ռուբենյան.

«Ի սկզբանե շենքը շատ վատ վիճակում է գտվել: Մենք այստեղ իրականացրել ենք երկաթ-բետոնյա սյուների ամրացում, երեք հարկերը պետք է ամրացնենք ու բետոնապատենք: Ամրացումը սկսել ենք  նկուղային հարկից»:

Եռահարկ շինությունում առաջին հարկի ամրացման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Հիմնանորոգվել են շինությունների տանիքները: Կարեն Ռուբենյանն ասում է, որ շենքի վթարայնությունն  ավելի ակնառու է դարձել պատերի քանդման ժամանակ.

«Կարելի է ասել՝ քանդման ենթակա շենք էր, սկզբում հնարավոր էլ չէր սեյսմակայունությունը ստուգել, որովհետև բացարձակապես սեյսմիկություն չուներ: Պանել կա, որ հենակների վրա  1-2սմ է նստած ու շատ վտանգավոր է: Բայց մեր կատարած աշխատանքներից հետո կարող են հանգիստ ստուգել սեյսմիկությունը, որովհետև բոլոր սյուները մենք նախատեսվածից ավելի հզոր ձևով ենք ամրացրել»:

Ամրացման աշխատանքները դեռ շարունակվում են, աշխատանքները հատվածաբար են իրականացվում՝ ասում է ընկերության տնօրեն Կարեն Ռուբենյանը: Եռահարկ շենքն ունենալու է 3 մուտք, որոնք առանձին են կառուցելու, հիմքերն արդեն փորել են:

«Մի քանի օրից կսկսենք երեք մուտքի կառուցման աշխատանքները, ուղղակի այս շենքի  մուտքերը դրսից են լինելու՝ պտտվելով բարձարանալու է երրորդ հարկ: Նաև ունենալու է նկուղային հարկի մուտք: Բոլորն ունենալու են անհատական նկուղներ»:

Իմ այցելության պահին եռահարկ շենքում աշխատող բանվորներ չկային, իսկ միհարկանի շենքում միայն մեկ աշխատող կար: Հայկ Խաչատրյանը երկսենյականոց բնակարանի ներքին հարդարման աշխատանքներն էր կատարում:

«Սա մի բնակարան է, երկու սենյակ ունի, բաղնիք-սանհանգույց, խոհանոց, հյուրասենյակ ու ննջասենյակ: Ես ամբողջ տունը կսպիտակացնեմ, պատերը կհղկեմ, կներկեմ, հետո մնացած մանր-մունր գործերին կանցնեմ»:

Միհարկանի շինության հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում: Միհարկանի շինության մուտքը գետնին հավասար է: «Ամրակ» ԲԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ռուբենյանն ասում է՝ շենքը  խոնավությունից պաշտպանելու համար միջոցներ են ձեռնարկելու:

«Մինչև երեսպատման աշխատանքները սկսելը մենք քանդելու ենք շենքի կողքերը և տոլով հիդրոմեկուսացնելու ենք, որ խոնավություն չունենա: Դրանից հետո երեսպատելու ենք»:

Արմավիրի Սիլիկյան 1 և 9 շենքերի, ինչպես նաև գործարանի օժանդակ շինությունում՝ ճաշարանում ապրող շուրջ 30 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով դեռ 2019թ  Արմավիրի համայքապետի ու  «Ամրակ» ընկերության գործադիր տնօրենի միջև կնքվել է պայմանագիր, որով  «Ամրակ» ընկերությունը բարեգործական հիմունքներով, կամավոր ստանձնել է նախկին սանէպիդ կայան վարչական շենքերը բնակելի շենքերի վերակառուցման պարտավորությունը:

Բարեգործական կամավոր հիմունքներով իրականացվող շինարարության վերջը դեռ չի երևում: Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյան։

«Այնտեղ հիմա շինարարական աշխատանքներ են ընթանում, բետոնացման աշխատանքներ: Շինարարը խոստացել է, որ այս տարի կավարտի շինարարությունը»:        

Բնակիչներին բնակարաններով ապահովելուց հետո Արմավիր համայնքին պատկանող Սիլիկյան 1 շենքը քանդվելու է և 2504 քմ մակերեսով հողամասն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրատվությամբ, հանձնվելու է «Ամրակ» ընկերությանը: Ըստ պայմանագրի՝ ուղիղ վաճառքով օտարվելու է Արմավիր համայնքին պատկանող Սիլիկյան 9/1 հասցեում գտնվող 411 քմ մակերեսով հողատարածքը:

Back to top button