ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մարդը՝ սպանվելու կամ սպանելու միջև․ երկխոսություն պատերազմի լեզվով

Լուսանկարիչ Արեգ Բալայանը արդեն 8 տարի պատերազմական լուսանկարչության առաջնագծում է, սիրում է նկարել հատկապես մարդկանց։ Ասում է՝ պատերազմի մեջ էլ կարող ես մարդուն գեղեցիկ նկարել։ Մարիամ Պետրոսյանը միավորել է սիրելի երկու մասնագիտությունները․ հետազոտում է Արցախյան պատերազմները՝ լուսանկարների միջոցով։ Առաջինը պատմում է արտակարգ պայմաններում կադրի ստեղծման մասին, երկրորդը տասնյակ տարիների հեռվից զննում է լուսանկարների սոցիալական, մարդաբանական ու այլ շերտերը։

Կարճ, ոսկեգույն մազերով կինը սանրվածքն է ուղղում։ Հայելին, բացի կնոջ ոչ ուրախ, ոչ տխուր դեմքից, արտացոլում է նաև Արցախի Մարտունու կանաչած ծառերը։ Եթե լվացքի մեքենան, անկողինն ու դույլերը բաց երկնքի տակ չլինեին, կկարծեինք, թե սովորական առավոտ է։ Բայց 92-94 թվականներին Արցախում  առավոտները սովորական չէին լինում։

Արցախյան առաջին պատերազմի լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի հազարավոր լուսանկարներից մեկն է։ Երիտասարդ հետազոտող, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ Մարիամ Պետրոսյանը հարյուրավոր երեկոներ է անցկացրել՝ այս ու այլ կադրեր ուսումնասիրելով։ Բայց այս մեկն, ասում է, հմայք ունեցող լուսանկար է։

«Տես, կինը պատերազմի դաշտում էլ է կին, և նա հայելու կարիք ունի միշտ։ Առօրյայում էլ կանայք ունեն այդ սովորությունը, որ քայլում են, մի ապակի կամ հայելի են տեսնում, մի պահ իրենց նայում են մեջը, այսինքն՝ կնոջ բնույթը նույնիսկ պատերազմը չի փոխում․ նա նույնքան կին է, որքան միշտ, բայց՝ ավելի ուժեղ։ Այս բախումն էր հետաքրքիր, որ  կուղղի մազերը  և կվերադառնա ռազմաճակատ»։

Մարիամն ուսումնասիրության երկու սիրելի նյութ ունի՝ պատմությունն ու լուսանկարչությունը։  ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում ուսումնասիրել է Առաջին աշխարհամարտի արևմտայան ռազմաճակատը՝ լուսանկարների միջոցով։ Ճանապարհորդությունը հետաքրքիր ու տպավորիչ էր, բայց Արցախյան պատերազմների քիչ վերլուծված վիզուալները Մարիամին վերադարձրին Հայաստան։ Հիմա ուսումնասիրության նյութը Մաքս Սիվասլյանի 10 000-ից ավելի լուսանկարներն են։

«Հետաքրքրիր է հենց առօրյան, որովհետև հերոսական, ուրախ տխուր կադրերը տարածվում են, բայց շատ էմոցիաներ, նյուանսներ մնում են այդ կադրերից դուրս։ Իրականում լուսանկարները շատ-շատ հնարավորություն են տալիս մարդաբաններին , ազգագրագետներին՝ ձեռքի տակ ունենալու լուրջ ուսումնասիրության նյութ,  որի միջոցով կարող են տեսնել, թե ինչպես են, օրինակ,  տոները Արցախյան առաջին պատերազմի 4 տարիներին նշվել, մարդիկ ոնց են ապրել, դպրոց ոնց են գնացել կամ ինչ են կերել, և դա ինձ ավելի հետաքրքրիր է, քան այն հայտնի կադրերը, որ տարածվում են»։

Առաջին աշխարհամարտի ժամանակ  արևմտյան ճակատում, 92-ին՝ Արցախի հյուսիսում ու մեր ժամանակների հակամարտությունների բոլոր գոտիներում պատերազմի դեմքը նույնն է, առնվազն լուսանկարներով՝ ասում է Մարիամը։

Արեգ Բալայանը, որ այդ դեմքերը ֆիքսողն է եղել արցախյան վերջին երկու պատերազմներին, բացատրում է։

«Անկախ պատերազմող կողմերից՝ ով ա հարձակվողը, ով պաշտպանվողը, միևնույնն ա, էն մարդիկ, ովքեր մասնակցում են պատերազմին, միշտ զոհ են, ու իրականում հենց էդ զոհերի դեմքն ա պատերազմի դեմքը, կապ  չունի՝ սպանվո՞ղն ես, թե՞ սպանողը։ Դու մեկն ես, որ պարտավորրված ա սպանվել կամ սպանել։ Պատերազմի դեմքը երբեք պատերազմ հրահրողը կամ ֆինանսավորողը չէ»։

Երեք տղաները Շուշիի Ղազաչեցոցի ֆոնին ժպտում են լուսանկարիչ Արեգ Բալայանին։ Հետո՝ հազարավոր մարդկանց, որոնք մինչ օրս տարածում են նկարը, փորձում գտնել երեխաներին, օգնել նրանց կամ պարզապես ինչ–որ բան իմանալ։ Արեգն ասում է՝ նկարը պատմություն ու հետպատմություն ունի։ Մարդիկ սիրում են օգնել լուսանկարով հայտնի դարձած մարդկանց՝ բազմապատկելով լուսանկարչի փառքը։ Մինչդեռ նկարելու պահին ներքին մղումներն ու զգացողությունը այլ են։

«էդ պահին ոնց որ պահանջ լիներ երեխա նկարելու, որովհետև երեխեքին հանել էին շատերը, երեխեք չկային ու տպավորություն էր, որ Ղարաբաղը դառել ա մի մեծ զորամաս։ Ուզում էի ցույց տալ, որ զորամաս չի, էդտեղ ապրում են մարդիկ, որոնք պատերազմի ուղղակի մասնակից չեն ռազմաճակատում, բայց թիկունքն էլ էր դարձել ճակատ, որովհետև ճակատը հորիզոնական էր, ոչ թե ուղղահայաց։ Այսինքն, եթե դու առաջ  գիտեիր, որ էս ա սահմանը ու սահմանից 15 կմ հեռու թիկունքն ա, հիմա սահմանը գլխիդ վերևով է անցնում, այսինքն՝ դրոնները փոխեցին պատերազմի երկրաչափությունը»։

Պատերազմի մասին են թե՛ երեխաների, թե՛ զոհված զինվորի ու ռումբի պայթյունի հայտնի լուսանկարները։ Բալայանի լուսանկարներից մի քանիսը միջազգային ատյաններում դարձել են իրեղեն կարևոր ապացույցներ։ Օրինակ, նկարը, որտեղ պայթող ռումբն է, որից դեռ ծուխ է դուրս գալիս, նկարելու ժամով և տեղով ապացուցել է՝ Ադրբեջանը քաղաքացիական հասարակություն համար չնախատեսված զենք է կիրառել խաղաղ բնակավայրերում։ Չափազանց փաստական իրողություններին զուգահեռ Արեգը նաև ֆիքսել է երջանկությունը, որ պատերազմի ժամանակ ավելի խիտ է։

«Դու հասկանում ես, որ սահմանային ես ապրում, այսինքն՝ ամեն ինչ վառ գույներով ա լինում, ցավը շատ ուժեղ ա, երջանկությունը ավելի։ Ստից բանից 100 անգամ շատ ես ուրախանում, ստից բանից 100 անգամ տխրում, քան սովորական ժամանակ, երբ մահվան վախը բթացած ա։ Դու առավոտ զարթնում ես, գնում ես գործի,  շտապում ես ու չես մտածում, որ էդ ավտոբուսը կարող ա ճանապարհին տրաքի, կարող ա լիֆտը ընկնի, դու մեռնես, հոսանքը խփի, այսինքն՝ ամեն ինչ անելուց չես մտածում, որ հեսա կմեռնես ու ամեն անգամ չմեռնելուց ինչքան կուրախանաս։ Պատերազմի ժամանակ տենց ա, դու անընդհատ ուրախանում ես, երբ չես մեռնում, հարազատներդ չեն մեռնում, կամ ռումբն ընկնում ա, ընդհանրապես մարդ չի մեռնում։  Տեղ կյանքն էլ ա շատ ավելի կարևորվում, գիտակցված լինում, ու երբ նկարում ես ժպտացող երեխեք, ինքը գոյության մասին ա դառնում։ Ոչ թե ուրախ երեխեքի նկարներ, որ ամեն օր գեներացվում են, այլ նկար այն մասին, որ երեխեքը կարող էին չլինել, բայց կան»։

Կանաչ ու դեղին կիսաշրջազգեստով կինը նստած է երեք քարի ու մի փայտի վրա։ Սպասում է։ Դիմացը ուղիղ շարքով հողաթափեր, կոշիկներ, գդալներ ու ափսեներ են շարված։ Սրանք ծեր կնոջ ունեցած վերջին ապրանքներն են, որոնց դիմաց կարելի է մի քանի օրվա հացի գումար ակնկալել։ Կադրում պատերազմը հիշեցնող ոչ մի ատրիբուտ չկա, եթե առաջին հայացքից չմտածենք, թե կինն ընտանիքի արդեն բացակա անդամների իրերն է վաճառում:

Սիվասլյանի այս կադրը Մարիամը երկու բառով է նկարագրում՝ չքավորություն ու համառություն։ Եթե ուղեկցող տեքստ կամ գոնե վերնագիր կցենք  նկարին, դժվար թե կռահենք՝ կադրը ֆիքսելու պահին մի քանի կմ այն կողմ պատերա՞զմ  էր,  թե՞ խաղաղություն։ Լուսանկարիչ Արեգ Բալայանը կարծում է՝ պատերազմի լուսանկարների գեղարվեստականությունը հասկանալու համար առաջին քայլով պետք է մարդուն անջատել պատերազմից։

«Ինքն իրանով պատերազմը մարդու ստեղծած չարիքն ա, բայց մյուս կողմից պատերազմը դա միջավայր ա, նենց ոնց որ մնացած բոլոր ժամանակները և  չգիտեմ, լավ հիմա Հայաստանում պատերազմ ա թե պատերազմ չի, կամ աշխարհում պատերազմ ա թե ոչ, մի տեղ պատերազմ ա մի տեղ չէ, մի տեղ պատերազմ ա, բայց էդ պատերազմի ներսում մարդիկ կան, որ ընդհանրապես չեն առնչվում պատերազմի հետ, օրինակ Մոսկավայում Ռուսաստանը պատերազմի մեջ ա, բայց , Մոսկվայում ոչինչ չի փոխվել մարդկանց կյանքում, բացի նրանից, որ չգիտեմ մակդոնալդս չկա, բայց մյուս կողմից, հենց էդ ա  թե ինչ ես հասկանում պատերազմ ասելով կամ սիրուն նկարելով, դու կարող ես մարդուն սիրուն նկարել, որը պատերազմի ներսում ա, պատերազմի ընթացքում ա, դու կարող ես  մարդկային հարաբերությունները սիրուն նկարել որը պատերազմի ներսում են, կարող ես մարդ-կատու հարաբերությունները նկարես, էն ինչ որ մոբի ժամանակ մի հատ պուպսիկ ֆոտո էր դարձել, որը բոլորը, հատկապես աղջիկները սիրում էին, այսինքն տենց ֆոտո բոլոր պատերազմների ժամանակ նկարվել ա, ես չգիտեի դրա մասին, բայց էն ինչը  ինձ համար կարևոր էր, ինչը ինձ  փրկում էր էդ խավարից, ես նկարում էի»։

Լուսանկարների երկակիությունը հատկապես ընդգծվում է դիմանկարներում։ Մարդկանց աչքերն ու հայացքը հաճախ ասում են՝ այո, պատերազմ է,  այո, մենք կռվում ենք, հետո ի՞նչ։ Երբեմն էլ թե՝ գիտե՞ք պատերազմ է, ու մենք չգիտենք հաջորդ քայլը մեզ ուր կտանի։ 92-ին, երբ ջուր, լույս, էլեկտրականություն, հաց ու ապրելու համար այլ կարևոր պայմաններ չկային, ասում է Մարիամը, պատերազմի դեմքերն  ավելի հանգիստ էին։

«Թվում է, թե պատերազմ էր, ամեն ինչ պետք է բարդ լիներ կռիվ և այլն, իրականաում դա կա բայց մյուս կողմից ազատամարտիկների էդ լուսանկարներում, իրենք էնքան անվրդով են,  թվում է, թե դա իրենց աշխատանքն է և էդպես էլ պիտի լիներ, բոլորը ապրում են իրենց կյանքով, կարծես թե բնակոնոն ուղին շեղված չէ, բայց նաև՝ է, որովհետև ամեն տեսակի լուսանկար ես հանդիպում և ես ինձ համար ամենացավոտը այն է, որ տեսնում եմ ինչերի միջով են անցել հանուն նպատակի, թե ոնց են բաց դաշտում քնել , ինչպես էին օրերը անցկացնում, սեղանն է, սեղանին ուտելլիք չկա, թեյ է, եթե շաքար կա՝ շաքար։ Իսկսպես գաղափար են ունեցել, նրանց ամեն մի կադրում գաղափար կա, հասկանում ես որ էս մարդիկ գաղափարի մարդիկ էին։ Ու էս ամենը շատ պարզ երևում ա լուսանկարներում»։ 

Սուդանում գրեթե ուժասպառ եղած երեխան սողալով անցնում է շուրջ 1 կմ՝ փորձելով հասնել ՄԱԿ-ի ճամբար: Նրա հետևում դարանակալած գիշանգղն է, որն ամեն րոպե սպասում է իր վերջնական նպատակն իրագործելուն:  Լուսանկարիչ Քևին Քարթերը ֆիքսում է պահը, ամիսներ անց Պուլիցերյան մրցանակ ստանում, դրանից որոշ ժամանակ հետո էլ ինքնասպան լինում:

Քննադատներն այս լուսանկարն անվանել էին «երկու գիշատիչների միջև հայտնված երեխայի» լուսանկար:

«Դու ինչ որոշում էլ կայացնես, ինքը լինելու է էդ պահին քո տեսանկյունից կայացված ճիշտ որոշումը, հարցը էն է, թե դրանից հետո ոնց դրա տակից դուրս կգաս, հոգեբանորեն եթե քեզ վրա լինի հասրարակական ճնշում, կկարողանա՞ս հաղթահարել, կկարողանա՞ս պատասխան տալ ինքդ քո , հին ու նոր աստվածների առաջ, հասարակության առաջ, էն մարդու առաջ, օբյեկտիդ, հերոսիդ։ Ասենք՝ հերոսիդ հայրն ու մայրը գալիս, ասում են՝ ինչի չօգնեցիր, ու եթե էդ պատասխաննն ունես, ուրեմն նկարի, մի օգնի, եթե չես կարող պատասխանը տալ, պիտի մտածես, կախված ա նրանից, թե դու ինչքանով ես քեզ նախապես հարցեր տալիս լուսանկարը անելուց առաջ։ Եթե անում եմ լուսանկարը ու էս մարդու պես 300 մարդու կփրկեմ, ուրեմն համարում եմ, որ էդ զոհը տալիս եմ  ու փրկում։, Եթե անում ես, որ օրինակ մրցանակ շահես, ուրեմն մարդ ես, ով պատրաստ է մրցանակի գինը դարձնել մարդու կյանքի գինը, որ քեզ Պուլիցեր տան»։ 

Արցախյան վերջին պատերազմից հետո Բալայանը ֆիքսում  է  պատերազմի հետևանքները։ Հայկական Կարմիր խաչի հետ ամիսներ առաջ ստեղծել է անհետ կորածների ընտանիքների մասին պատմող «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտոշարքը։ Ասում է՝ թեմաներն ընտրելիս առաջնորդվում է ներքին սկզբունքներով։ Հենց դրանցով առաջնորդվելով էլ Արցախի հայաթափումն ու գաղթը չի նկարել։

Back to top button