ԿարևորՄիջազգային

Թուրքիան չի վերադառնա F-35 ծրագրին և ԱՄՆ-ին խնդրում է չեղարկել CAATSA-ի պատժամիջոցները

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա նոր սերնդի F-35 կործանիչի ստեղծման ծրագրին, այդ պատճառով կոչ է անում ԱՄՆ-ին վերանայել Անկարայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները «Contering America’s Adversaries Through Sactions Act»-ի (CAATSA, Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին օրենք) համաձայն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։

«Թուրքիան շահագրգռված չէ վերադառնալ F-35 ծրագրին, ուստի պետք է վերաքննարկվեն և չեղարկվեն Անկարայի նկատմամբ կիրառված CAATSA պատժամիջոցները՝ կապված Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ։
Մենք դեռ այն ժամանակ (համակարգերը գնելու ժամանակ) ասել ենք, որ չպետք է շփոթել S-400-ի և F-35-ի դեպքերը»,- օրենսդիրի խոսքը ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մեջբերել է TRT հեռուստաալիքը։
Նշվում է, որ Թուրքիայի նախկին փոխնախագահը (2018-2023) խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ բանակցություններ է վարել ԱՄՆ Կոնգրեսում։

Թուրքիան նման դիրքորոշում է հայտնել մարտի վերջին Անկարայում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ բանակցություններում։

Թուրքիան դուրս է եկել F-35-ի մշակման ծրագրից 2019 թվականին՝ Ռուսաստանից S-400-ը ձեռք բերելուց հետո։ Թուրքիայում արտադրվել են այդ կործանիչների որոշ բաղադրիչներ, ֆյուզելաժի տարրեր և որոշ համակարգեր:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Թուրքիայի վերադարձը ծրագրին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա հրաժարվի S-400-ից։

Back to top button