ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ընդունելության քննությունների նոր ձևաչափը կփորձարկվի նախ Տավուշում

Տավուշի մարզի շրջանավարտները, բացի հունիսին ընդհանուր հիմունքներով անցկացվելիք միասնական քննություններից, քննություն կհանձնեն նաև հուլիսին։ Փորձարարական միասնական քննությունները կազմակերպվելու են միայն Տավուշի մարզի 12-րդ դասարանցիների համար: Տավուշի շրջանավարտների համար քննությունների բովանդակությունը համապատասխանեցված է լինելու նոր չափորոշիչներին։ Նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն ուղղված է նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը:

Ի տարբերություն հանրապետության մյուս մարզերում կազմակերպվող ընդունելության քննությունների, Տավուշի մարզում դրանք այլ կլինեն։ Քանի որ այդ մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումներն անցած առաջին շրջանավարտներն արդեն դիմորդ են, նրանց համար պատրաստվում են ապահովել նոր չափորոշչին համապատասխանող ընդունելության նոր կարգ։ Բացի հունիսին կազմակերպվելիք միասնական քննություններից, ևս մեկ քննություն էլ կանցկացվի հուլիսին՝ հիմքում դնելով նոր չափորոշիչները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով, որ քննության արդյունքները բարձր լինեն, այդ գնահատականներն էլ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի կառնվեն։ 

«Տավուշի շրջանավարտների համար քննությունների բովանդակությունը համապատասխանեցված է լինելու նոր չափորոշիչներին։ Սա դիմորդների համար հնարավորություն է ևս մեկ անգամ ընտրած առարկաներով քննություն հանձնելու։ Պետության համար հնարավորություն է գործնականում գնահատելու նոր չափորոշիչների արդյունքները և տեսնել որքանով են կարողացել յուրացնել»։

Սա նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում քննության նոր ձևաչափը, սակայն կարծում է, որ փոփոխության մասին ավելի շուտ էր պետք հայտնել, որ դիմորդները հասցնեին պատրաստվել․

«Քանի որ հունվարին ընդունելության քննության առաջին փուլն արդեն եղել է, հնարավոր է՝ շատ դիմորդներ չեն ուզում մասնակցել երկրորդ քննությանը, գուցե երկրում չեն, հնարավոր է նաև տղա դիմորդների մի մասը արդեն բանակում լինի, և հարց է՝ արդյո՞ք ՊՆ–ն թույլ կտա իրենց գալ և մասնակցել քննությանը։ Բացի այդ՝ ճիշտ է, փորձարարական է, բայց ճիշտ կլիներ, որ ուղեցույց լիներ, հասկանային՝ մոտավորապես իրենց ինչ են հարցնելու։ Խնդիրը նաև այն է, որ դասագրքերի զգալի մասը արդեն պատրաստ է, բայց մենք նոր-նոր խոսում ենք նոր տեսակի թեստի մասին։ Լավ կլիներ, որ դա արվեր մինչև դասագրքերի գրվելը, որպեսզի դասագիրքն այդ տրամաբանությամբ գրվեր»։

Այս փոփոխություններովնոր բարեփոխումների սկիզբ է դրվում, նկատում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։ Կրթության զարգացման 2020-2030 ծրագրով սահմանված է, որ պետք է վերանայվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մեխանիզմները։

«2026 թվականին կարող ենք ընդունելության նոր ձևաչափ ունենալ։ Փոփոխությունները տարբեր են լինելու։ Նախ «Հայոց լեզու» առարկայի քննությունը դառնալու է պարտադիր։ Հայաստանի յուրաքանչյուր շրջանավարտ, ավարտելով դպրոցը և ցանկանալով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն պարտադիր պետք է ունենա հայոց լեզվի արտաքին գնահատման վկայական»։

Դրանից բացի, ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու ներմուծել կրեդիտային համակարգը, որը կարող է նաև լրացուցիչ պայման լինել բուհ ընդունվելու ժամանակ։ Ընդունելության ամբողջ գործառույթներն էլ վերապահվելու են բուհերին։ Քանի որ նոր կարգը փորձնական է, հնարավոր են տարբեր լուծումներ, ընթացքում նաև այլ փոփոխություններ։ Հստակ է, որ բուհական ընդունելության նոր կարգը կներդրվի առայժմ միայն Տավուշում, 2026 թվականից այն կգործի արդեն բոլոր շրջանավարտների համար:

Back to top button