Մտքի ուժը

Արագածը՝ միջազգային գիտական կենտրոն․ ինչպե՞ս զարգացնել գիտությունը 3200 մետր բարձրության վրա. «Մտքի ուժը»

Ավելի քան 3000 մետր բարձրության վրա է գտնվում «Արագած» գիտական կայանը։ Քարե լճի մոտակայքում տեղակայված սարքերի միջոցով ամեն րոպե տեղեկատվություն է հավաքվում տիեզերական ճառագայթների մասին՝ ինֆորմացիան ուղարկելով Երևան՝ ֆիզիկայի ինստիտուտ: Կայանն աշխատում է առանց դադարի ավելի քան 80 տարի։

Նոր Ամբերդ-Արագած ճանապարհին տարվա մեծ մասը ձնառատ է։ Տեղանքին ծանոթ աշխատողները տարբեր հատվածներին անուններ են տվել, որ ձյան մեջ խրվելու դեպքում այդտեղ հայտնված մեքենան կարողանա բացատրել իր տեղը օգնության հասնողներին, որովհետև եկած ձյունը հաստ շերտով ծածկում է տարածքը ու հորիզոնում կողմնորոշող կետեր չեն մնում։

Կայանը ստեղծվել է 1943 թվականին՝ Արտեմ Ալիխանյանի ջանքերով, ում նկարներն էլ կարելի է հանդիպել կայանի պատերին: «Պիոն» լաբորատորիան, որը հիմնական շենքի կողքի բրգաձև կառույցն է, արդեն վաղուց չի աշխատում: Տարածքի մի քանի շենքեր ևս չեն օգտագործվում, որովհետև դրանք նախատեսված էին մի քանի տասնյակ աշխատակիցների կեցության ու գործունեության համար:

Կայանը շարունակում է առանց դադարի եզակի տվյալներ հավաքել: Դրանք բաց են բոլոր հետազոտողների համար, և ողջ աշխարհի գիտնականները կարող են օգտագործել այդ տվյալներն իրենց աշխատանքներում՝ տիեզերական ճառագայթների վարքը և դրա պատճառները ուսումնասիրելու համար: Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ցանկանում են Արագածը միջազգային գիտական կենտրոն դարձնել։ Նպատակը չափումներին ավելի լայն հնչեղություն տալն է ու արդյունքներն ավելի հայտնի դարձնելը։ Տիեզերական ճառագայթների կենտրոնի լաբորատորիայում ծրագրերի կոորդինատոր Զառա Ասատուրյանը պատմում է՝ մեծ ծրագիր են սկսել, Արագածը հիմնել որպես էկոսիստեմ ու միջազգայնացնել։  Առաջիկայում «Տարրական մասնիկներ, արագացում և կայծակներ» խորագրով համաժողով կանցկացվի։ Գիտաժողովն այս տարի նվիրված է Արագածում կոսմիկական ճառագայթների հետազոտման 80-ամյակին։ Ակնկալվում է, որ արտերկրից գիտական խմբեր կմասնակցեն համաժողովին։ Արագածի գիտական կայանի մասին հպարտությամբ ու նաև քնքշությամբ են խոսում։ Այն աշխարհում ամենամեծն է՝ իր էությամբ յուրահատուկ։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տիեզերական ճառագայթների կենտրոնի ղեկավար Աշոտ Չիլինգարյանը պատմում է՝ ֆիզիկայում շատ երևույթներ կան, որ գրանցում են, հետևում են, բայց բացատրություն չունեն։ Օրինակ՝ նախանցյալ դարում հայտնաբերել են, որ Արեգակի ակտիվության ցիկլերը հաշվարկում են Արեգակում բծերի քանակով, գիտական ամենամեծ տվյալների շտեմարան է սա՝ 400 տարի հավաքած։ Սակայն, այս պարբերությունը և ուրիշ ավելի մեծ պարբերություններ դեռ հստակ բացատրություն չունեն․ «Հնարավոր է, որ կան ավելի մեծ ցիլկեր, մենք մտնում ենք տաքացման ցիկլ, երբ Արեգակն ավելի է տաքանում։ Ֆիզիկան մեզ պետք է, որ հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում։ Դեռ որ հասկանում ենք, որ գալիս են էլեկտրոնային հեղեղներ, մշակում ենք դրանց ֆիզիկան, բայց կապել աստղերի ֆիզիկայի հետ, բարդ է»։

«Նոր բարձր էնեգրիայի մթնոլորտային ֆիզիկայի ուղղությունը ձևավորվել է Արագածում։ 2023-ին նոր ծրագիր են սկսել՝ աշխարհի տարբեր խմբեր գալիս են, սարքեր են բերում,  համեմատում են իրենց մասնիկների հոսքը, որոնք չափել են հայ գիտնականները։

Back to top button