Կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանը հայկական կինոյի դրամատիկ կենսագրությամբ ռեժիսորներից էր։ Լեոնիդ Տրաուբերգի արվեստանոցն ավարտած էռնեստ Մարտիրոսյանը, «Հայֆիլմ» կինոստուդիա եկավ բազմաթիվ նորարարական գաղափարներով, սակայն դրանք հենց առաջին ֆիլմի նկարահանումից ի չիք դարձան։
Էռնեստ Մարտիրոսյանի ձեռագիրը 60-ականների հայ կինոյում թարմ էր ու համարձակ: Կարելի է ասել, նա հայկական կինոյի ամենահեղափոխական ռեժիսորն էր:
Էռնեստ Մարտիրոսյանի կինը՝ Լիդա Գևորգյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի նրբաճաշակ ու դեռևս միակ կին բեմադրող նկարիչներից է: Նրա առաջին աշխատանքը կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Ավդոյի մեքենան» ֆիլմում էր:
Հաջորդ ֆիլմը ամուսնու հետ նկարահանած «Ախթամար» կարճամետրաժն է: Նա պատմում է, որ ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1969 թվականի ամռանը: Մի քանի ամիս Սևանի թերակղզում և Ծաղկաձորի՝ Կեչառիս վանական համալիրում ընթանում էին ֆիլմի նկարահանումները:
«Սև ու սպիտակ ժապավենի վրա նկարահանված ֆիլմ է, բայց երբ դիտում եք գունագեղ ֆիլմի տպավորություն է թողնում, որտեղ բացակայում է խոսքը՝ շեշտը դնելով երաժշտության վրա: Մոսկվայում կար «Վարդագույն սենյակ» անվանումով մի վայր, որտեղ խորհրդային կինո աշխարհի հայտնի մարդիկ երեկոյան հավաքվում և ֆիլմ էին դիտում, որից հետո քննարկում էր ծավալվում։ Ֆիլմի դիտումից հետո ես ու Էռնեստը բավականին ոգևորիչ արձագանքներ ստացանք։ Նույնը չեմ կարող ասել հայաստանյան ցուցադրության մասին։ Կարծեմ հեռուստատեսությամբ էլ չցուցադրվեց։ Տարիների ընթացքում անգամ ես այդ ֆիլմի գոյության մասին սկսեցի մոռանալ»,- փաստում է Լիդա Գևորգյանը։
«Ախթամար» կինոնկարի մոռացվելուն նպաստեց նաև Սերգեյ Փարաջանովի նկարահանած «Նռան գույնը» ֆիլմը: Կինոյի պատասխանատուները Էռնեստ Մարտիրոսյանին մեղադրեցին Փարաջանովյան ազդեցություն կրելու մեջ: Այդ մեղադրանքը նրա համար բնավ էլ անակնկալ ու հուսահատեցնող չէր, որովետև «Ախթամար» ֆիլմի նկարահանումից մեկ տարի առաջ Էռնեստ Մարտիրոսյանն արդեն վիրավորական մի հարված ստացել էր իր կոլեգաներից:
Կես դար առաջ նկարահանվում էր «Սարոյան եղբայրներ» ֆիլմը: Նկարահանման հրապարակում իսկական քաոս էր: Ֆիլմի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը քիչ էր մնում ձեռնամարտի բռնվեին, ճիշտ ինչպես ֆիլմի հերոսները նախավերջին դրվագում:
«Սարոյան Եղբայրներ» ֆիլմը Առաջին Հանրապետության և բոլշևիկադաշնակցական հարաբերությունների մասին է: Հասկանալի է, որ գրաքննությունը տասնապատիկ ուշադիր պետք է հետևեր: Բայց տեղի ունեցածը սպասվածից էլ շատ էր: Ֆիլմը ոչ թե մկրատեցին, այլ փաստորեն ստիպեցին նորից նկարել: Լիդա Գևորգյանը պատմում է, որ «Սարոյան եղբայրները» ինքնատիպ մի աշխատանք էր, որ նկարահանված պիտի լիներ խորհրդանիշների լեզվով:
Այսօրվա «Սարոյան եղբայրները» քաղաքական հակառակ բևեռներում հայտնված երկու եղբայրների՝ բոլշևիկ Հայկի և դաշնակցական Գևորգի հակասությունների մասին է: Լիդա Գևորգյանը նշում է, որ եթե «Սարոյան եղբայրների» առաջին տարբերակը չտապալվեր, այսօր այլ կինո կտեսնեինք:
«Էռնեստի դժբախտությունները սկսվեցին այն ժամանակ, երբ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Ֆրունզե Դովլաթյանը։ Նա սկզբում շատ մեծ ոգևորությամբ էր հետևում ֆիլմի աշխատանքներին: Նույնիսկ բարձրաձայն խոստովանում էր, որ նման ձեռագրով նկարահանվող ֆիլմ դեռևս չի եղել: Երբ ժապավենի վրա 1700 մետր նկահանված նյութ կար ֆիլմը միտումնավոր տապալեցին»,-հուզմունքով և դառնությամբ նշում է Լիդա Գևորգյանը։
Այս իրադարձություններից հետո Էռնեստ Մարտիրոսյանը 10 տարի ֆիլմ չնկարահանեց: Հիմա արդեն դժվար է վերականգնել Էռնեստ Մարտիրոսյանի գործունեության, պայքարի ողջ ընթացքը: Բայց մի բան հաստատ է՝ «Հայֆիլմի» հնաբնակներին հաջողվեց կոտրել երիտասարդ ռեժիսորի ինքնատիպ մոտեցումը: 10 տարի պարապուրդի մատնվելուց հետո, Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով Էռնեստ Մարտիրոսյանը նկարահանեց առաջին հայկական՝ «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմ-մյուզիքլը։
«Թիֆլիսում նկարահանումները տևեցին երկու ամիս: Ոգևորված էինք, որովհետև նկարահանման ողջ ընթացքում անցորդները լսելով երաժշտությունը և հասկանալով, որ նոր ֆիլմ է նկարահանվում մոտենում էին մեզ և իրենց հիացական կարծիքն էին արտահայտում, որը մեզ դրական լիցքեր էր հաղորրդում»,-ասում է Լիդա Գևորգյանը:
Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի կատակերգության երաժշտական այս էկրանավորումը բավական էր, որ հայ կինոյում Էռնեստ Մարտիրոսյանը կինոռեժիսուրայի, իսկ Լիդա Գևորգյանը բեմանկարչության բնագավառներում զբաղեցնեին իրենց առանձնահատուկ տեղերը։ «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմի հաջողությունը ոգևորեց և ինչ-որ տեղ սփոփեց կինոռեժիսորին, սակայն անցյալ դարի 90-ականների ճգնաժամային իրավիճակը նորից պարապուրդի մատնեց Էռնեստ Մարտիրոսյանին։ Բայց այս անգամ այն երկար չտևեց։
Ներսես Հովհաննիսյանի և Էռնեստ Մարտիրոսյանի մտահղացմամբ ստեղծվեց «Բումերանգ» կինոալմանախը, որը տարեկան արտադրում էր 4 ալմանախ։
Էռնեստ Մարտիրոսյանի գլխավորությամբ նկարահանվեցին բազմաթիվ երգիծական կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արտացոլում էին տվյալ ժամանակաշրջանի արատավոր երևույթները։ Բայց ռեժիսորի անսպասելի մահը ոչ միայն կասեցրեց «Բումերանգի» գործունեությունը, այլև չիրականացան նրա բազում այլ մտահղացումներ ևս։