Մոռացված ֆիլմերի ստվերները

«Անմոռանալի ֆիլմի մոռացված ռեժիսորը»․Մոկո Հակոբյան․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Մոկո Հակոբյանի ճանապարհը հայ կինոյում կարճ եղավ, բայց նրա նկարահանած «Ոսկե ցլիկ» կարճամետրաժն իր ստեղծման օրից սիրված ու երկար ապրող ֆիլմ դարձավ։

Հայկական կինոյի շատ ճանաչված, տարբեր տարիների ու սերունդների համար հավասարապես սիրելի դարձած ֆիլմերից մեկի՝ «Ոսկե ցլիկի» համբավը կապվում է կինոռեժիսոր Մոկո Հակոբյանի անվան հետ։ Պարզ ու հավաստի այդ ֆիլմի ռեժիսորը, սակայն, ապրեց կարճ ու ողբերգական կյանք, տարիների ընթացքում հիշվելով հազվադեպ՝ առիթից առիթ։ 

Մոկո Հակոբյանի կինոկենսագրությունը սկսվել էր 1937 թվականին, երբ «Հայկինո» ստուդիայում նկարահանվող Արտաշես Հայ-Արտյանի «Կարո» մանկապատանեկան- արկածային ֆիլմում նա մարմնավորեց գլխավոր հերոսի՝ Կարոյի կերպարը։ Ֆիլմը դիտելիս դպրոցական Մոկո Հակոբյանի հերոսը տպավորում է։ Այդ տարիքում նրա խաղընկերը՝ գնդապետի դերակատարը Ավետ Ավետիսյանն էր։

Կինոգետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ այդ մեծ դերասանի կողքին Մոկոն ստեղծել է այնպիսի մի կերպար, որն աչքի է ընկնում իր անմիջականությամբ:

«Ստեփանավանի դպրոցներից մեկում անցկացվող «Կարո» ֆիլմի գլխավոր հերոսի ընտրության ժամանակ նկարահանող խմբի անդամների ուշադրությունը գրավում է տասնհիգամյա Մոկո Հակոբյանի արտաքին տվյալները։ Արկածային մի ֆիլմ, որտեղ նրա կերտած կերպարը  դիտելիս մենք դպրոցական պատանիներս ցանկանում էինք նմանվել իրեն»,-ասում է Ռոբերտ Մաթոսյանը։

«Կարո» ֆիլմի նկարահանումից հետո պատանի Մոկոն հասկացավ, որ այլևս չի հեռանալու կինոաշխարհից։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ, այնուհետև ավարտեց Մոսկվայի Համամիութենական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը և դիպլոմը ձեռքին վերադարձավ «Հայֆիլմ»։ 1955 թվականին երիտասարդ ռեժիսորը նկարահանեց իր առաջին՝ «Ոսկե ցլիկ» կարճամետրաժը։ Այս ֆիլմի՝ էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց Մոկո Հակոբյանը ձեռք բերեց այդ տարիների նոր սերնդի հայկական կինոյի թիվ մեկ ռեժիսորի համբավ:

«Հավանաբար մարդու լույս աշխարհ գալու ժամանակ ի վերուստ նրան ինչ-որ մի առաքելություն է տրվում: Մոկո Հակոբյանի պարագայում կարծես որոշված էր, որ Հայկինոյի պատմության մեջ նա պետք է մնար ընդամենը մեկ կարճամետրաժով»,-նշում է Ռոբերտ Մաթոսյանը:

«Ոսկե ցլիկ» ֆիլմից բազմաթիվ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր, իսկ ֆիլմի դերասանական կազմի համոզիչ խաղն այսօր էլ արդիական հնչողություն ունի: Գլխավոր հերոսի՝ Նաջարյանի կերպարը ֆիլմում մարմնավորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Գաբրիելյանը։ Այս դերը թերևս նրա մարմնավորած ամենահաջողված դերից էր, որը սակայն ճակատագրական եղավ դերասանի համար։

Շատերը կհիշեն «Ոսկե ցլիկ» ֆիլմի սկիզբը, երբ ընկեր Նաջարյանը մղձավանջային երազում փախչում է վագրի հետապնդումներից։ Գուրգեն Գաբրիելյանն այդ կադրերում նկարահանվել է առանց փոխարինողի և այդ ժամանակ, ինչպես ինքն է խոստովանել, խիստ հույզեր ու ապրումներ է ունեցել։ Ֆիլմի նկարահանումից որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է և անկողին է ընկել։ Բժիշկները նրա վիճակը բնութագրել են նաև՝ խիստ հուզական ապրումների հետևանք՝ կապելով ֆիլմի նկարահանման այդ դրվագների հետ։

«Ոսկե ցլիկ» ֆիլմի առանցքային հերոսներից էր ֆերմայի վարիչ Պողոսը, որի կերպարը առանձնահատուկ գույն է ֆիլմում։ Շատերս այս կամ այն առիթով կրկնում ենք թևավոր դարձած նրա կատակները, հումորով արտահայտությունները։ Իսկ դերակատարի անունը շատերին ուղղակի անծանոթ է։ Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի երկարամյա դերասան Աշոտ Ներսիսյանն է։

Խորհրդային միության բազմաթիվ կինոստուդիաների հանրահայտ ռեժիսորների ֆիլմերում տարբեր կերպարներ մարմնավորած Աշոտ Նեսիսյանի հաջող երթը «Հայֆիլմում» սկսվեց հենց «Ոսկե ցլիկ» կարճամետրաժով։ 1980 թվականից «Հայֆիլմի» նկարահանող խմբերի տնօրենի պաշտոնակատար, հետագայում կինոստուդիայի մուլտֆիլմերի ստեղծագործական-արտադրական միավորման տնօրեն Հայկանուշ Ներսիսյանը՝ Աշոտ ներսիսյանի եղբոր դուստրը, նշում է, որ հորեղբայրը բեմում և էկրանին կարողանում էր կերտել կերպարներ, որոնք աչքի էին ընկնում իրենց, այսպես ասած, միամիտ իմաստնությամբ։ Իսկ արվեստի հանդեպ սերը նա ժառանգել է իրեն որդեգրած գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի արվեստով շնչող միջավայրից։

«Քանի որ ընտանիքի գոյատևման պայմանները սուղ էին, Աշոտի ծնողները որոշում են նրան որդեգրման հանձնեն, բայց 1914 թվականի Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Եղիշե Թադրոսյանը Թիֆլիսից տեղափոխվում է Էջմիածին։ Տեղափոխումից մի քանի տարի անց Աշոտ Նեսիսյանը Երևանում գտնում է հորս և հետագայում բնակվելով արդեն հայրիկիս մոտ, հաճախում է Պիոներ պալատի թատերական խմբակ, որտեղ էլ նկատում են նրա դերասանական տաղանդը։ Թատերական խմբակի ղեկավարն իր հասակակիցներից տարբերվող պատանի Աշոտի դերասանական տաղանդի մասին տեղեկացնում թատերական ռեժիսոր Լևոն Քալանթարին։ Հենց նրա խորհրդով էլ հորեղբայրս ընդունվում և ավարտում է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը»,-պատմում է Հայկանուշ Ներսիսյանը։

1962 թվականին Մոկո Հակոբյանը՝  Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում Խաժակ Գյուլնազարյանի սցենարով նկարահանում է իր երկրորդ՝ «Ջրերը բարձրանում են» ֆիլմը։ Գլխավոր հերոսի՝ կոլտնտեսության նախագահ Արևի կերպարը ֆիլմում մարմնավորում է Մետաքսյա Սիմոնյանը։

«Ջրերը բարձրանում են» ֆիլմը չկրկնեց Մոկո Հակոբյանի նախորդ ֆիլմի հաջողությունը։ Դրա էկրան բարձրանալուց հետո Մոկո Հակոբյանը մատնվեց պարապուրդի։ Կյանքի լավն ու վատը, թախիծն ու խնդությունը էկրանին վարպետորեն պատկերող կինոռեժիսորի գոյության մասին ոչ ոք չէր հիշում։ Այդ  խորհրդավոր լռությունը խախտեց ծանր գույժը։

«60-ականների երկրորդ կեսին Երևանում մի գույժ է տարածվել, ինձ դրա մասին պամել է կինոգետ Սուրեն Հասմիկյանը․ որ Մոկո Հակոբյանի տանը հայտնաբերվել է նրա անշնչացած մարմինը։ Եթե Մոկոն մի քիչ երկար կյանք ունենար նա կդասվեր Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և մեր կինոյի այլ մեծերի շարքերում»,- ափսոսանքով նշում է Ռոբերտ Մաթոսյանը։

Մոկո Հակոբյանի նկարահանած «Ոսկե ցլիկը» ապրում է մեզ հետ, մեր օրերում։ Իսկ հաջողության գաղտնիքը պարզ է՝ մարդկային լեզուն հոգեբանությունը, ապրումները։ Մոկո Հակոբյանը կարողանում էր առավելագույնս մոտենալ սովորական մարդու կյանքին, առօրյային և այդ ամենը էկրանին ներկայացնել իրեն բնորոշ սարկազմիկ ձեռագրով։

Back to top button