ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Մեր ապրուստի միակ միջոցը հողն է»․ հանրային գերակա շահ ճանաչված հողի 1քմ-ի դիմաց ներդրողը 300 դրամ է առաջարկել գյուղացիներին

Վարդենուտցի Բայանդուր Ադամյանը 30 տարի մշակում է ծնողներից ժառանգած  հողակտորը, բացի գյուղատնտեսությունից, այլ եկամտի աղբյուր չունի։ Հողից զրկվելու դեպքում գյուղում անելու բան չի ունենա, ընտանիքն էլ առանց ֆինանսական միջոցների կմնա․

«Իմ գյուղից շատերը կան, որ այդպես են իրենց գոյությունը պահպանում ։ Հիմա, որ էդ հողակտորը կորցնենք, էլ էս գյուղում ի՞նչն է ապրուստի միջոցը լինելու, կարո՞ղ եք ինձ ասել»։

Համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը հանրային գերակա շահ են ճանաչվել։ Կառավարությունը հավանություն է տվել «ՌԻԴ» ընկերության ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին։ Նոր աշխատավայրերի ստեղծման, զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, մշակույթի ու սպորտի զարգացման հիմնավորումներով՝ գործադիրը գերակայել է ծրագրի իրականացումը հողատարածքների սեփականատերերի շահերից։ Վերջինները սակայն ոչ թե դժգոհ, այլ դեմ են ծրագրին․

«Հիմա մենք ուզում ենք ընդհանրապես հրաժարվել այդ ծրագրից, որովհետև մենք այդ հողով ենք ապրում, հիմա ճանապարհը փակել էինք հստակ պահանջով, քանի որ տարբեր գերատեսչություններով անցել ենք, մեր համայքապետարանից սկսած՝ մարզպետարանով, մինչև էկոնոմիկայի նախարարություն անգամ, կառավարության ընդունարան մինչև հասել ենք, հազար անգամ քննարկվել է այս հարցը, ընդհանուր լուծում չի ստացել, ու հիմա բոլորին դատի են տվել»։

Չնայած գյուղացիների անհամաձայնությանը, նրանց մի մասի հողատարածքներն արդեն դատական կարգով օտարվել են։ Ճանապարհը փակելով՝ վարդենուտցիները առաջին հերթին պայքարում են այդ դատական գործերի դեմ՝ ասում է Մանվել Առաքելյանը․

«Հիմա էսօր ճանապարհ փակելով պահանջ ենք դրել, ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, որ խնդրենք վարչապետին՝ ինքը կառավարության ողջ գործիքակազմը գործի դնի, գոնե զսպեն էս դատական պրոցեսները, մինչև հարցը վերջնական լուծում ստանա, ընդհանրապես մենք դեմ ենք էս ծրագրին, մեր հողերը չենք ուզում տալ, մեր պահանջը էդ ա, «Ռիդ» ընկերության հետ ընդհանրապես չենք ուզում որևէ կերպ առնչվել»։

Գյուղացիները դեմ չեն լեռնադահուկային համալիր կառուցելու «ՌԻԴ» ընկերրության առաջարկին, քանի որ այնտեղ համայնքային հողեր են, սակայն էկոգյուղ կառուցելու առաջարկը ոչ միայն մերժելի, այլև անտրամաբանական են համարում՝ ընդամենը մեկ կմ այն կողմ իրենց գյուղն է, որը բոլոր հնարավորություններն ունի էկոգյուղ դառնալու․գյուղի տարածքով հոսում է Գեղարոտ գետը, արդեն 5 տասնամյակից ավելի՝ գյուղացիները մշակում են բոլոր հողատարածքները, մինչդեռ գնահատող «Դիալոգ» ընկերությունը դրանք որակել է քարքարոտ, անջրդի ու աղակալած․

«Էդ նույն գնահատող մարդկանց տարել ցույց եմ տվել իմ հողը՝ առուն մեջը գնում է, հարցրել՝ հիմա սա անջրդի՞ է, ինքը պատասխանում է՝ թղթերով անջրդի է, ուրեմն անջրդի է»։

Ըստ Առաքելյանի՝ գնահատումը ձևական բնույթ է կրել, հողատարածքները անբերրի են ներկայացվել, որպեսզի ձեռք բերեն անհամեմատ էժան՝ 1 քմ-ն 300 դրամով։ Գյուղացիները փորձել են սեփական միջոցներով դիմել այլ գնահատող կազմակերպությունների․

«Մեծ խնդիր է էսօր էդ տարածքում հող գնահատելը, որովհետև գնահատողը գիտակցում է, որ ինքը եկավ, էդ տարածքում հողը գնահատեց, մի գնահատական տվեց, վաղը պիտի գա դատարանում իր ասածը հիմնավորի, այսինքն՝ ինքը ավելորդ քաշքշուկից զերծ մնալու համար միանգամից հրաժարվում է»։

Ըստ կառավարության որոշման՝ «Ռիդ» ընկերությունը պայմանագրային պարտավորություն ունի պետությանը զերծ պահելու ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում: Այսինքն՝ գյուղացիներն ու ներդրողը պետք է որոշեն՝ 300 դրամը արդար, թե՞ անարդար հատուցում է․

«Գերակա շահից դուրս էդ տարածքից 1քմ-ը 6000 դրամով են վաճառում՝ 10 անգամ պակաս են առաջարկում։ Փող չեմ ուզում, մի քանի անգամ ասել եմ՝ կամ հող տուր, կամ այնքան գումար, որ նույնատիպ հող գնեմ, կամ իմ հողատարածքը էդ ձեր ծրագրից հանեք»։

Գյուղացիների պնդմամբ՝ 2 ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեփական նախաձեռնությամբ առաջարկել է նոր գնահատում իրականացնել, վստահեցրել է, որ կունենան նոր արդյունքներ, բայց 2 ամիս անց զանգահարել է ու ասել, որ այն ընկերությանը, որին դիմել էին, հրաժարվել է գնահատելուց․

«2 ամիսը ահռելի ժամանակ է էս ամենի համար, արդեն բոլորի գործերը մտան դատարան, օրենքով սահմանված կարգով ժամկետներ կա գերակա շահ ճանաչվելու օրվանից, թե երբ պետք է լսումը լինի, իրենք ժամանակ շահեցին, արդեն հիմա ես դատի եմ, օրինակ, ժամը 4-ին պիտի ներկայանամ դատարան»։

Ճանապարհը 3 ժամ փակ պահելուց հետո քաղաքացիները բացել են պայմանով, որ հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, Արագածոտնի մարզպետը խոստացել կազմակերպել հանդիպումը։ Առաքելյանը նաև նշում է՝ գյուղացիները զրկված են արդար դատաքննությունից, օրինակ՝ իրենից փաստաբանը իրավաբանական ծառայության դիմաց պահանջել է հողատարածքի դիմաց առաջարկվող գումարի կրկնակին։ Այդպիսով ոչ միայն ինքը, այլև մյուսները չեն կարող իրենց թույլ տալ օգտվելու փաստաբանական ծառայություններից։ Այժմ նշված բոլոր հողատարածքներում գյուղացիները դեռ իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Թե երբ կմեկարկեն ներդրումային ծրագրի աշխատանքները՝ հայտնի չէ։ Ներդրումային ծրագիրը կազմել է 190 մլն դոլար։ «Ռիդը» գործում է ռուսական «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» շինարարական հոլդինգի կազմում, որի հիմնադիրը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է։ Հայաստանում գրանցված «Ռիդի» գլխավոր բաժնետեր նա դարձել է 2019 թվականին։ Մեկ արի անց համագործակցության հուշագրեր է ստորագրել Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների հետ «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելու մասին։

Լուսանկարները՝ սքրինշոթներ «Հետք» -ի հրապարակած տեսնյութից

Back to top button