ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռությունը վերականգնելու Երևանի փորձերը վտանգ են Բաքվի համար․ փորձագետներ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության խախտումը մեծ խնդիր է դարձել հայկական կողմի համար: Ադրբեջանը մի կողմից մեծացրել ու մեծացնում է իր ռազմական բյուջեն, ձեռք բերում նորագույն զինտեխնիկա և ուժեղացնում իր զինված ուժերը, մյուս կողմից, սակայն, ամեն-ինչ անում է՝ թույլ չտալու համար հավասարակշռությունը վերականգնելու Հայաստանի քայլերը՝ դա դիտարկելով որպես սպառնալիք իր համար։ Մինչդեռ, հայ-ադրբեջանական խախտված ռազմական հավասարակշռությունը, որոշ փորձագետների գնահատմամբ, զգալի ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարաշածրջանի անվտանգության վրա։

Ադրբեջանն ամեն անգամ հիստերիկ աղմուկ է բարձրացնում սեփական անվտանգությունն ապահովելու Հայաստանի ցանկացած նախաձեռնության շուրջ։ Դրանց  ականատես եղանք ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Ֆրանսիայի հետ ռազմական գործարքների պարագայում։ Ամենաթարմ օրինակը Ֆրանսիայի հետ կնքած վերջին գործարքը՝ CAESAR հրետանային համակարգերի մատակարարման պայմանագիրն էր։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ Ադրբեջանն ակնհայտորեն վախեր ունի Հայաստանի ռազմաքաղաքական բալանսի վերականգնումից։

«Իրականում Ադրբեջանի վախերը պայմանավորված են Հայաստանի հզորացումով, Հայաստանի ռազմական բալանսի կարգավորումով և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության զարգացումով»։

Փորձագետը պատահական չի համարում և նկատում է, որ Ադրբեջանը հիստերիա է բարձրացնում ոչ միայն զենք, զինամթերք գնելու դեպքում, այլև անգամ որոշակի տնտեսական ակտիվություն ցուցաբերելիս։  

«Մետաղաձուլական գործարանի հետ կապված միջադեպը կհիշեք, որ տեղակայվեց Երասխում, թույլ չտվեցին, որ կառուցվեր։ Սկսեցին թե՛ բնապահպանական ակցիաներ իրականացնել, թե՛ վնասում է բնությանը և այլն, և այլն։ Այսինքն, Ադրբեջանն ամեն ինչ անում է թե՛ տնտեսապես, թե՛ ռազմապես, որպեսզի Հայաստանը չհզորանա։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են նաև աշխարհին համոզել, որ Հայաստանը բավականին վտանգավոր պետություն է և չպետք է Հայաստանը ինքնուրույն զարգանա, հզորանա, այլ պետք է լինի, այսպես ասած, ուշադրության կենտրոնում և որևէ մեկի վերահսկողության տակ»։

Այդ որևէ մեկն էլ, ըստ փորձագետի, Ալիևը, ոչ ավել ոչ պակաս, նկատի ունի հենց Ադրբեջանը։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի  ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական հավասարակշռության խախտումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է ակտիվացնի դիվանագիտական ջանքերը միջազգային հարթակներում և ապահովի միջազգային աջակցություն՝ այդ թվում նաև Եվրոպական Միությունից և Միացյալ Նահանգներից։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է ներդնի ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներ և ռազմավարական համագործակցություն զարգացնի տարբեր երկրների հետ՝ հավասարակշռությունը վերականգնելու համար։

«Հայաստանը պետք է ակտիվացնի ռազմատեխնիկական համագործակցությունը իր դաշնակիցների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, որը կարող է ապահովել անհրաժեշտ ռազմական տեխնիկա և փորձագետներ։ Բացի այդ, Հայաստանը պետք է ուժեղացնի իր ռազմարդյունաբերական ներուժը, ներդրում կատարի տեղական արտադրության մեջ և զարգացնի ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտները»։

Կարեն Հովհաննիսյանը, մինչդեռ, նկատում է, որ դիվանագիտության առումով մենք առայժմ չենք կարողանում հասնել հաջողության։ Հաջողությունն էլ, նրա ձևակերպմամբ, այն է, որ վերջիվերջո, Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային կառույցներում զսպել՝ առնվազն ռազմատենչ հայտարարությունների մասով։

«Չնայած այն բանին, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ ինքը կողմ է խաղաղությանը և այլն, և այլն, բայց երբ նայում ենք Ադրբեջանի ռազմական բյուջեն, ակնհայտ է դառնում, որ ինքը շատ լավ զինվում է։ Այստեղ մեր դիվանագիտությունը կաղում է և միջազգային գործընկերներին չի կարողանում հավուր պատշաճի ցույց տալ, թե Ադրբեջանի իրական նպատակները որոնք են»։

Միջազգային գործընկերներին պետք է հստակորեն ցույց տալ նաև, թե որոնք են այդ երկրի շինծու խոսքերն ու խոսույթը։ Փորձագետները կարծում են, որ այստեղ անելիքները բավականին շատ են և ոչ միայն դիվանագիտական կորպուսի անելիքների մասին է, այլ, ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ, եզրափակեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համակարգված և բազմակողմանի մոտեցում, որը ներառում է ինչպես ռազմատեխնիկական միջոցառումներ, այնպես էլ դիվանագիտական ջանքեր։ Հայաստանը պետք է ակտիվացնի ներքին ռեսուրսները և արտաքին համագործակցությունը՝ հավասարակշռությունը վերականգնելու և պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

Back to top button