Վերնատուն

Էլիբեկյանի արվեստը՝ դիմադրություն սոցիալիստական մշակույթին․ «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահում օրերս բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Ռոբերտ Էլիբեկյան․ Միստերիաներ» ցուցահանդեսը։

Սա Ազգային պատկերասրահում արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն էր ու նաև 50-ամյա ստեղծագործական գործունեության ամփոփումը։ Շուրջ 75 գեղանկարներ, թատերական ձևավորումների էսքիզներ՝ Էլիբեկյանների ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ե․Չարենցի անվ․գրականության և արվեստի թանգարանից և Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից։

Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը խոսում է Ռոբերտ Էլիբեկյանի արվեստի ու առհասարակ՝ անցյալ դարի 70-80-ականների հայ կերպարվեստի առանձնահատկությունների մասին։

Լիլիթ Սարգսյանն ասում է, որ ժամանակի հեռավորությունը Էլիբեկյանի արվեստի նոր և հետաքրքիր դիտակետեր է բացում։ Խորհրդային տարիների 70-80 ականները ընդունված է բնորոշել «լճացման տարիներ» սակայն այդ ժամանակահատվածը հայ կերպարվեստի համար եղավ հետաքրքիր դրսևորումների ժամանակաշրջան, երբ նկարիչների մի սերունդ ուղղակի թե անուղղակի դիմադրում էր սովետական թելադրվող մշակույթին։

«Բավականին հուժկու դիմադրություն կար։ Արվեստագետները ճանապարհներ էին որոնում դիմադրելու սոցալիստական ճղճիմ մշակույթին, իրեն սպառած,հանրային ոչ մի հնչեղություն չունեցող սոցռեալիզմ կոչվածին։ 70-80 ականների սերունդը, բնորոշվում է, որպես գեղարվեստական էսկապիզմի մարտավարությունը կրողներ։ Ինչ է նշանակում գեղարվեստական էսկապիզմ, երբ արվեստագետը հեռանում է իրականությունից, իրենց արվեստով չեն արծարծում արդիական հանրային հասարակական խնդիրներ և պարփակվում են իրենց երազային ներաշխարհում, դիմում են ռետրոսպեկտիվ, վերացարկված, լիրիկական թեմաների և մոտիվների»,— ասում է Լիլիթ Սարգսյանը։

Back to top button