ԿարևորՄշակույթ

Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է, իսկ տարին՝ հոբելյանական:

Այսօր Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք) օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մեծանուն գրողի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Դրանց հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, սևակասերներ:  

Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար: Նա տեղեկացրել է, որ Սևակի 100-ամյակի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Մարդու մեծությունը չափվում է ապագայով՝ թե որքան ներդրում ես ունենում մշակույթի, պետության զարգացման գործում: Պարույր Սևակն իր մտածողությամբ և՛ մեծ քաղաքացի էր, և՛ մեծ գրող ու խիզախ հրապարակախոս, գրականագետ ու գիտնական: Նա մեծություն էր, քանի որ նրա գրիչը, բացի մեր ժողովրդի հոգեբանությանը բնորոշ արժեքներ ստեղծելուց, նաև սթափեցնող էր»,- ասել է Էդվարդ Միլիտոնյանը: Նրա գնահատմամբ՝ Սևակի ստեղծագործությունը մրցակցային է նաև համաշխարհային գրականութան մեջ և տարբեր լեզուներով շարունակաբար թարգմանվում է:

Մինչ միջոցառումների մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Պարույր Սևակի որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը մեծ ներդրում է ունեցել սևակագիտության ոլորտում:

Միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել Պարույր Սևակի «100» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի, «Վարք մեծաց» բանաստեղծության 20 անիմացիայի (ԱՌԼՈՒՊԱ հավելվածի միջոցով) շնորհանդեսները: Իսկ տուն-թանգարանի այգում բեմադրվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացումը:

Back to top button