Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայ ռեժիսորների ֆիլմերը ազատության տրուբադուրներին․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հեղափոխականներ Միքայել Նալբանդյանի և Սուրեն Սպանդարյանի անունն ու գործը անջնջելի տառերով դրոշմված են հայոց նորագույն պատմության և տարեգրության մեջ։ Սակայն նրանց կյանքի ու գործունեության մասին պատմող «Աքսորական 011» և «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմերը այդպես էլ անհայտ մնացին հայ հանդիսատեսին։

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի անվան հետ են կապված ոչ միայն գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, այլ նաև Երևանի Կինոյի տան, Կինոգործիչների Դիլիջանի ստեղծագործական տան և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ստեղծումը։

Եվ այս ամենին զուգահեռ նա նկարահանում էր խաղարկային և վավերագրական ֆիլմեր՝ «Փեսատես», «Առաջին սիրո երգը», «Կոչված են ապրելու», «Քաոս», «Մարտիրոս Սարյան»։

Վարչական աշխատանքն ու ստեղծագործական որոնումները, լարված կյանքն ու նյարդային ապրումները հետևանքներ ունեցան ռեժիսորի առողջության վրա՝  նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց. ծանր վիրահատություն, հետվիրահատական ապաքինման անհավանական ծանր շրջան։ Քաղցկեղը դատավճիռ չէ. հայտնի խոսքը հենց Վաղարշյանի համար է ասված։ Գեղարվեստական նոր մտահղացումներն ու հիվանդության հաղթահարումը զուգորդվացին։

Թատերագետ, սցենարիստ Վադիմ Մելիքսեթյանը, վիրահատությունից հետո վաղեմի ընկերոջն այցելելով, նրան է փոխանցում հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սպանդարյանի կյանքի վերջին օրվա մասին պատմող իր կինոսցենարը։ Հիվանդ հեղափոխականի վերջին օրվա մասին պատմող կինոսցենարը դարձավ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «դեղամիջոցը»։ Սիբիրյան աքսորավայրում իր գաղափարների համար կյանքը տված Սուրեն Սպանդարյանի կերպարը էկրանավորելու ցանկությունը ռեժիսորի համար մահացու անբուժելի հիվանդությունից դեպի կյանք փրկօղակ դարձավ։ Լաերտ Վաղարշյանի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը հիշում է, որ ապաքինվելու առաջին իսկ նշանները զգալուն պես հայրը նախաձեռնեց «Աքսորական 011» ֆիլմի նկարահանումները։

Մարինա Վաղարշյան

«Նկարահանումները կատարվում էին «Մոսֆիլմում», որովհետև սիբիրյան աքսորավայրի սառնամանիքը պատկերող տեսարաններ նկարահանելու համար առատ ձյան շերտեր էին պետք, ինչը հայաստանյան կլիմայական պայմաններում գրեթե անհնար էր ստանալ»,- պատմում է Մարինա Վաղարշյանը։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը ասում է, որ «Աքսորական 011» ֆիլմը կարևոր ասելիքից բացի առանձնանում է նաև ներգրավված դերասանական կազմով։ Արվեստագետի խորաթափանց աչքով ֆիլմի յուրաքանչյուր կերպար իր ճիշտ դերակատարին է գտել։ Սակայն Սուրեն Սպանդարյանի ծննդյան 100-ամյակին ընդառաջ նկարահանված «Աքսորական 011» ֆիլմը անտեսվեց ոչ միայն խորհրդային տարիներին, այլև խորհրդային երկրի փլուզումից հետո։   

Սիրանույշ Գալստյան

«Ես չգիտեմ մի վաղամեռիկ այլ դերասանի, որը իրարից այդքան տարբերվող կերպարներ մարմնավորած լինի որքան Վլադիմիր Քոչարյանը։ Նա կենսաբանորեն ճշգրիտ կերպով կերտել է ռոմանտիկ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի  կերպարը։ Ֆիլմում նաև իրենց դերակատարմամբ են հանդես եկել այնպիսի ռուս դերասաններ ինչպիսին էին Անատոլի Գրիցենկոն, Օլեգ Անոֆրիևը, Իրինա Ալֆյորովան և այլն», —ասում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը։

Եթե դուրս գանք խորհրդային գաղափարախոսության շրջանակներից, ապա պիտի նշել, որ Լաերտ Վաղարշյանի այս ֆիլմն իր գաղափարների, դավանած արժեքների համար ինքնազոհության գնացող մարդու, Տուրուխյան աքսորավայրում թոքախտով տառապող Սուրեն Սպանդարյանի կյանքի վերջին օրվա մասին է։

Ֆիլմում առողջության կտրուկ վատթարացումից հետո մի խումբ ժանդարմների ուղեկցությամբ Սպանդարյանին տեղափոխում են բուժզննման։ Այդ զննումից հետո բժիշկի եզրակացության հիման վրա պետք է որոշվեր՝ հիվանդին թողնե՞լ այդ աքսորավայրում, թե՞ տեղափոխել ավելի բարենպաստ կլիմայական միջավայր։

Բայց այդ պահին անգամ Սպանդարյանը գերադասում է պայքարել իր գաղափարների հաղթանակի համար, հասկանալով, որ հեղափոխական իր վերջին հանձնարարությունը նաև իր կյանքի վերջին օրն է լինելու։ Գաղափարների հաղթանակի համար՝ 19-րդ դարի կեսերին իր անտրտունջ պայքարն էր մղում  նաև հայ ազգի բանաստեղծ, հեղափոխական Միքայել Նալբանդյանը, որն իր մահկանացուն կնքեց աքսորավայրում՝ Սարատով քաղաքի Կամիշին քաղաքում 1866 թվականին։

Հեղափոխական Միքայել Նալբանդյանի կյանքն ու գործունեությունը էկրանին նեկրայացնելու կարևորագույն գործը անցյալ դարի 80-ականների առաջին կեսին, ստանձնեցին կինոռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցն ու Գեորգի Կևորկովը։ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» անվանումը կրող ֆիլմը էկրան բարձրացավ «Աքսորական 011» ֆիլմի էկրան բարձրանալուց հինգ տար անց։

Սեփական անձը ազգի բարօրության պայքարին նվիրաբերած, ազատության ու անկախության արժեքը հասկացող, ազատախոհ բանաստեղծի մասին պատմող կինոսցենարը 1982 թվականին մոսկովյան պետկինոյի խմբագրական կոլեգիայի դատին հանձնեց մոսկվայաբնակ սցենարիստ Առնոլդ Գրիգորյանը։ Նա սցենարում ընդգրկել էր բանաստեղծի կյանքի գրեթե բոլոր ժամանակահատվածները։ Ֆիլմի խմբագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ բացակայում էր միայն բանաստեղծի կյանքի հնդկաստանյան հատվածը։

Դավիթ Մուրադյան

«Կալկաթայում անցկացրած վերջին շաբաթների ընթացքում Նալբանդյանն իր միջոցներով մի ռնգեղջյուր է գնում՝ ցանկություն ունենալով այն նվիրել Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն։ Նկարահանումների ժամանակ՝ 1982 թվականին, ցավոք, Մոսկվայի կենդանաբանական այգին չուներ ռնգեղջույր: Արտադրական հնարավորություններ չունենալուն գումարվեց նաև այդ հանգամանքը և դա էր պատճառը, որ Նալբանդյանի կյանքի հնդկաստանյան ժամանակահատվածն ամբողջովին դուրս մնաց  ֆիլմից»,- ասում է Դավիթ Մուրադյանը։

Շուրջ չորս ամիս տևած նկարահանումներն ավարտելուց հետո Ռուբեն Գևորգյանցը մեկնեց Մոսկվա, որտեղ իրականացրեց ֆիլմի մոնտաժային աշխատանքները։ Ավարտելուց հետո կինոնկարը ներկայացվեց մոսկովյան պետկինոյի խմբագրական կոլեգիային։ Կինոնկարի առաջին դիտումին հաջորդած քննարկման ժամանակ պետկինոյի պատասխանատուները որոշակի աննշան փոփոխություններ առաջարկեցին։ 1984 թվականի փետրվարի 17-ին Երևանում, մի քանի օր անց էլ Մոսկվայում տեղի ունեցավ կինոնկարի պրեմիերան։ Հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով ֆիլմը, սակայն, չարժանացավ համապատասխան ուշադրության։

«Ֆիլմը հանձնելու ժամանակ պարզ դարձավ, որ կինոնկարի ամբողջ դրամատուրգիան կառուցված է ազգային ազատագրական գաղափարախոսության վրա։ Հայաստանի քարտեզագրման թեման էր շոշափվում ֆիլմում։ Գիտենք՝ միայն պետություն վերականգնողներն են պատրաստվում քարտեզագրման։ Եվ այդ փաստը որոշ չափով անհագստություն առաջացրեց մոսկովյան պետկինոյի ղեկավարության մոտ։ Բայց ավելի խիստ միջամտումներ չեղան»,-նշում է Դավիթ Մուրադյանը։

Պատմությունը միշտ վերանայման, վերաիմաստավորման ու նոր փաստերով լրացնելու կարիք ունի, և այդ գործում իր ներդրումը կարող է ունենալ նաև կինոն, որը պահպանում և հասարակությանն է փոխանցում հանիրավի պատմության լուսանցքում հայտնված մարդկանց ճակատագրերը։ Այդ առումով արժեքավոր են հայազգի երկու հեղափոխականների Սուրեն Սպանդարյանի և Միքայել Նալբանդյանի մասին պատմող ֆիլմերը, որոնք հանիրավի հայտնվեցի կինոյի պատմության լուսանցքում։ Էկրան բարձրանալուց ավելի քան չորս տասնամյակ անց էլ այս կինոնկարներն այսօր էլ անծանոթ են մեզ և սպասում են արդար գնահատականի։

Back to top button