Մոռացված ֆիլմերի ստվերները

Վավերագրական կինո․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Պրոֆեսիոնալ ֆիլմ ստեղծելու համար կարևոր է նախևառաջ պրոֆեսիոնալ մոտեցումը, հետո միայն մեծ գումարներ։ Այդպիսի մոտեցմամբ, լուռ ու անտրտունջ իրենց  ֆիլմերն են  էկրանավորում հայկական վավերագրական կինոյի այսօրվա ճանաչված վարպետները։

Վավերագրական կինոն բնավորություն ունի. համենայնդեպս այդպես են փաստում կինեմատոգրաֆիստները։ Վավերագրող ռեժիսորները ստեղծում են հերոսների իրենց պատկերասրահը։ Պատկերասրահ, որտեղ միշտ հմայում ու զարմացնում է անսպասելին։ Այդ արվեստագետներն ամենատես աչքով նկատում ու երևակում են այնպիսի մարդկանց և իրադարձություններ, որ իրենցով ներկայացնում են ժողովրդի ու ժամանակի բնութագրումները։

Տարիներ շարունակ այդպիսի հումքը ֆիլմի է վերածվել փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում։ Ստուդիայի մասնագետները ժրաջան մեղուների նման ժապավենի վրա ամրագրում էին ժամանակն ու հանրության կյանքը։ Այդ ռեժիսորների ջանքերով է ստեղծվել ու ստեղծվում Հայաստանի կյանքի վիթխարի ու բազմերանգ կինոհամայնապատկերը։ «Հայկ» կինոստուդիայի օպերատոր, ռեժիսոր, կինովավերագրող Արմեն Խաչատրյանն այդ տարեգրությունը ստեղծողներից մեկն է։ 

Նա հայկական վավերագրական կինո է մուտք գործել անցյալ դարի 80-ականներին։ Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտում ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Հայաստան, աշխատանքի անցնում «Հայֆիլմում» և արդեն մի քանի տասնամյակ իր ներկայանալի բաժինն է ներդնում հայկական վավերագրական կինոյի զարգացման գործում։ Չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ Արմեն Խաչատրյանի ներաշխարհում հաճելի ներդաշնակությամբ ապրում են մարդն ու արվեստագետը։

Արմեն Խաչատրյան

«Արվեստագետի հոգու ակնկալիքները, բնականաբար, արտահայտվում են իր արվեստում»,— ասում է նա և ավելացնում, որ վավերագրական կինո ստեղծողները յուրօրինակ պատմաբաններ են, որոնց նկարահանած ֆիլմերը հարյուր տարի անց դիտողներին պատկերացում կտան այսօրվա իրականության մասին։

Արմեն Խաչատրյանի անցած ստեղծագործական հետաքրքիր ճանապարհի և անժխտելի ձեռքբերումների մասին ավելի համոզիչ խոսում են նրա ստեղծած ֆիլմերը, որոնցից «Երկաթե դարպասներ» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգային կինոփառատոններում, ցուցադրվել 50-ից ավելի երկրներում։ Ֆիլմը պատմում է գոյությունը մի կերպ քարշ տվող գեղանկարիչ Ապրեսիկ Ալոյանի մասին. ինչպես է ապրում, ինչ է փնտրում, ինչ է արարում լռության մեջ։

 

Էդգար Բաղդասարյան կինոռեժիսորի անունը վաղուց չափանիշ է գեղեցիկի, նորարարության ստեղծագործական խիզախության։ Նրա նկարահանած ֆիլմերը հայ կինեմատոգրաֆի անբաժանելի մասն են։ Նա կինոաշխարհ է մտել անցյալ դարի 90-ականների սկզբին։ Գեղարվեստական ֆիլմերի ժանրում ստեղծագործող ռեժիսորը անսպասելի առաջարկ է ստանում աշխատելու վավերագրական կինոյի ժանրում։ «Խաղարկային կինո առանց դերասանների». իր առաջին վավերագրական՝ «Սրբազան ծեսերի երկիր» ֆիլմն այսպես է բնորոշում Էդգար Բաղդասարյանը։ Այն էկրան է բարձրացել 2001 թվականին։ 62 րոպե տևողությամբ ֆիլմի գլխավոր հերոսները բնության տարերքներն են՝ ջուրն ու կրակը, երկինքն ու քարը, արևն ու ստվերը, որոնց միջոցով հանդիսատեսին է ներկայացվում քրիստոնեական և հեթանոսական ծեսերի սրբազան էությունը։

Էդգար Բաղդասարյան

«Ֆիլմում ներկայացվող քրիստոնեական և հեթանոսական ծեսերի սրբազան էությունը բացարձակ նույնական է՝ հնի մահը, նորի ծնունդը կրակի և ջրի միջով»,-ասում է Էդգար Բաղդասարյանը և ավելացնում, որ վարդավառի և կնունքի ծեսերի հիմքում ջրի միջոցով կատարվող մաքրագործումն է։

Երազանքներն ու ցանկությունները մշտապես ապրող ինքնուրույն միավորներ են, որ երբեմն անջատվում են երազողից ու թափառում այնքան, մինչև իրականություն դառնան։ Հենց այս պարզ բանաձևի իրագործումն է ընկած այսօր արդեն բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արսեն Առաքելյանի առաջին՝ «Մայրիկ» ֆիլմի էկրանավորման հիմքում։ Նա պատմում է, որ մանկության տարիներին տեղի ունեցած մի դրվագ մխրճվել է իր երազանքների տարածք և հետագայում վերածվել ֆիլմի գաղափարի։

 

Արսեն Առաքելյան

«Երբ փոքր էի, տատիկս ինձ համար սվիտեր էր գործել, ես այն հագել ու գնացել էի մանկապարտեզ։ Դաստիարակչուհին հիացած հարցրեց, թե որտեղի՞ց ենք գնել այն, ես պատասխանեցի, որ տատիկս է գործել։ Նա ասաց՝ Տատիկդ ոսկե ձեռքեր ունի։  «Ոսկե ձեռքերի» գաղափարը իմ մեջ մնաց դեռ այն ժամանակ, իսկ իրագործվեց Գեղարվեստա-թատերական ինստիտուտում սովորելու տարիներին»,- պատմում է Արսեն Առաքելյանը։

Խորհրդանիշների լեզվով նկարահանված «Մայրիկ» ֆիլմում մոմի լույսի ներքո ներկայացվում է մոր ձգվող սպասումը, որի վերջնագծում մահն է։ Ամուսնություն, մայրություն, ամուսնու կորուստ, միայնություն. 10 րոպե շարունակ այս ամենը կադրում ներկայացվում է ձեռքերի շարժումների միջոցով։ Չնայած «Մայրիկ» ֆիլմում բացակայում են երկխոսությունները, սակայն կինոնկարի ասելիքը հասկանալի է աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսներին, որովհետև նկարագրում է տարբեր հասարակություններում ապրող մայրերի հոգեվիճակը։

«Ես փորձել եմ նկարահանել մի ֆիլմ որը դիտելիս տարբեր ազգության մարդիկ ընկալեն նույն զգացողությամբ։ Տարբեր միջազգային կինոփառատոններում ցուցադրությունից հետո ինձ մոտենում էին այլազգի հանդիսատեսներ և հուզված ասում, որ ֆիլմի դիտումից հետո զանգահարել են իրենց մայրիկին և ջերմ մաղթանքներ ասել»,-ասում է Արսեն Առաքելյանը։

Հայկական վավերագրական ֆիլմերը հայ կինեմատոգրաֆի անբաժանելի մասն են։ Իր լավագույն նմուշները վավերագրական կինոն սկսեց տալ անցյալ դարի 60-ականներին, երբ արվեստում սկսվել էին «ձնհալի» տարիները։ Այդ ժամանակ էլ ձևավորվեց, հետագայում զարգացավ վավերագրական կինոն՝ սերնդե սերունդ փոխանցելով տարիների ընթացքում ձևավորված փորձն ու ավանդույթները, որոնք կերտեցին մեր վավերագրական կինոյի էկրանային՝ երեկվա և այսօրվա բարձր հեղինակությունը։

Back to top button