Դիվանագիտական գործ

Ինչո՞ւ և ինչպե՞ս Թուրքմենստանը Հայաստանին գազի պարտքը ներեց․ «Դիվանագիտական գործ»

20-րդ դարի վերջ: Հայաստանի Երրորդ Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների սկիզբ: Դիվանագետի աշխատանքի մասին անգամ չերազած մարդիկ կռիվ են տալիս փաստաթղթային մարտերում՝ ձգտելով մի նախադասության կես սանտիմետրն անգամ չզիջել հակառակորդին: Սա այն դեպքն է, երբ պետության սահմանները պատերազմներին զուգահեռ գծում են դիվանագետները:

***

Ա~~յ մարդ, մեզնից ինչ դիվանագետ, դուք հլը թուրքերին նայեք:

Քանի անգամ եք այս միտքը ձեր առօրյայում լսել, ես՝ շատ: Եվ այս ռադիոհաղորդումն էլ ծնվեց ի պատասխան այս հարցի, որը պիտի դադարի հռետորական լինելուց և ստանա հստակ պատասխան՝ հենց դիվանագետների կողմից:

Ես Անի Պողոսյանն եմ, սա դիվանագիտական գործ հաղորդումն է: Ամեն շաբաթ Հանրային ռադիոյի տաղավարում կհյուրընկալենք Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին դեսպաններին, կխնդրենք խախտել դիվանագաիտական լռությունը ու պատմել 90-ականներին նոր ծնվող արտաքին հարաբերությունների մասին՝ մեկնարկի առաջին իսկ օրվանից:

Այսօրվա հաղորդումից մենք կիմանանք, թե ինչպես Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազով-Թուրքմենբաշին Հայաստանին 70 միլիոն դոլլարի գազի պարտք ներեց, և թե ինչու են պաշտոնական այցով Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներն առաջինը Ծիծեռնակաբերդ այցելում:

***

— Շատ դժվար էր:  Միանգամից ասեմ: Չկար ոչինչ՝ ոչ փող ոչ մեքենա: Էնտեղի հայերից մեկը իրենց այն ժամանակվա լավագույն կոչվող հյուրանոցում, որը հիմա ամենավատագույներից մեկն է, իր հաշվին երկու համար վերցրեց, որոնք համարվում էին լյուքս՝ երկուսենյականոց էին: Մեկը դարձավ դեսպանությունը, մյուսը մեր ընտանիքի ապրելու տեղը:

Արամ Գրիգորյան, Թուրքմենստանում ՀՀ գործերի հավատարմատար, այնուհետև արտակարգ և լիազոր դեսպան

Թուրքմենստանն առաջին երկրներից մեկն էր, ում հետ անկախանալուց հետո Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց: Դա տեղի ունեցավ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, իսկ երկու տարի անց արդեն այնտեղ հիմնադրվեց դեսպանությունը: ՀՀ գործերի հավատարմատար, այնուհետև արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Արամ Գրիգորյանը, որին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարևոր հարցով է խնդրավորել, կամ ինչպես մենք ասում՝ հանձնարարել՝ երկիրն ապահովել գազով:

***

Դիվանագիտական գործ N1

Ամենասկզբում Թուրքմենստանը Հայաստանին արտոնյալ պայմաններով էր գազ տալիս: Աշխատել էր դիվանագիտության չգրված օրենքներից մեկը՝

-Թուրքմենստանում ամենակարևորը երկրի առաջին անձն է, և եթե երկրի առաջին անձն ընկերություն է անում այլ երկրի առաջին անձի հետ, ապա երկրների միջև հարաբերությունները սովորաբար շատ լավ են լինում:

Այդպես է եղել նաև մեր դեպքում: Սափարմուրադ Թուրքմենբաշին (Թուրքմենբաշի՝ նշանակում է թուրքմենների հայր) և Լևոն Տեր-Պետրոսյանը ընկերություն էին անում:

Սափարմուրադ Նիյազով, Թուրքմենստանի նախագահ

ԱՊՀ անդամ երկրների նախագահներից նրանք միակն էին, որ ծխում էին և շատ անգամ ընդհանուր գագաթնաժողովների ժամանակ առանձնանում էին ծխելու համար: Այս անառողջ սովորությունը հետագայում առողջ ընկերություն ձևավորեց՝ էապես ազդելով Հայաստան մատակարարվող գազի գնի վրա: 

-Գազը մենք ստանում էինք դեռևս 92 թվականից: Դրա կապակությամբ Թուրքմենաբաշու հետ պայմանավորվել էր լուսահոգի Կարեն Դեմիրճյանը: Եվ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ, մեզ այդ գազը սկսեցին մատակարարել հետևյալ կերպ՝  գումարի 30% տոկոսը մենք մուծում էինք դոլլարով, 70% տոկոսը մուծում էինք մեր արտադրած ապրանքներով, որոնցից մեծ մասը աչքի չէին ընկնում լավ որակով (կոշիկներ, տրիկոտաժ, էլեկտրոտեխնիկա, ներարկիչներ, մթերք, խմիչք):

Այնուհետև այդ թվերը փոխվեցին՝ դարձան 40-60, բայց միևնույն է, արտոնյալության սկզբունքը  չէր խախտվում, փոխարենը խախտվում էր դեպի Հայաստան եկող գազատարի անվտանգությունը: Դա էր պատճառը, որ Վրաստանի սահմանին շատ անգամ պայթյուններ էին լինում:  

-Շվարդնաձեն արդարանում էր այն բանով, որ ասում էր, մենք չենք կարող հետևել սարերում գտնվող ինչ-որ ավանտյուրիստների, որոնք ծակում են այդ խողովակը և գազը գողանում տանում են:

***

Դիվանագիտական գործ N2

-Ինքնաթիռը ժամանեց, պատվիրակությունը դուրս եկավ ինքնաթիռից, նախագահներն առանձնացան: Ինձ մոտեցան փոխվարչապետները, որոնք պատվիրակության կազմում էին և ասացին, որ մեր յաշուլին՝ տարիքավորը (դիմելաձև է), շատ ջղայնացած է Բաքվից եկել, նրան այնտեղ կատաղեցրել են:

Արամ Գրիգորյանը նկարագում է1996 թվականի մարտին Սապարմուրադ  Թուրքմենբաշու՝ Հայաստան կատարած առաջին և միակ այցելեցությունը: Պատերազմի ժամանակ Հայաստանից ու Արցախից փախստական ադրբեջանցիների խնդիրը լուծելու փոխարեն Բաքուն նրանց տեղավորել էր փախստականների ճամբարում և երկիր այցելող տարբեր պատվիրակությունների տանում էր այնտեղ: Այդպես էր վարվել նաև տարածաշրջանային այցով Բաքու ժամանած Թուրքմենբաշու հետ՝ խախտելով դիվանագիտական արարողակարգը:

***

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի այս ոչ դիվանագիտական վարքը «Դիվանագիտական արարողակարգ և վարվելակերպ» գրքի հեղինակ Նուբար Չալըմյանն աններելի է համարում:

Նուբար Չալըմյան, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ

-Այդպես վերջին պահին տանել ու ասել, տեսեք ինչ վիճակում են ապրում փախստականները դա Թուրքմենաբաշու համար անցանկալի է եղել, փաստորեն անցանկալի պահեր է ապրել, ինչը կարող եմ ասել ներելի չէ, մարդուն փաստի առջև կանգնեցնելը ներելի չէ:

Նուբար Չալըմյանն արարողակարգերի մշակման մասնագետ է և նրա մշակած արարողակարգի համաձայն է, որ անկախացումից ի վեր Հայաստան պաշտոնական այցով ժամանած բարձրաստիճան պաշտոնյաններն առաջինը Ծիծեռնակաբերդ են այցելում:

ՀՀ  առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հանձնարարությամբ նա մշակել է ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթներն ու վարվելակերպը, որոնցից արարողակարգը պարտադրող ուժ ունի, վարվելակերպը՝ ոչ:

— Օրինակ՝ ցանկացած երկրի ղեկավար, որ ժամանում է պետական կամ պաշտոնական այցով ՀՀ, առաջին արարողակարգային ընթացքը, որը տեղի է ունենում՝ վայրէջք կատարելիս ինքնաթիռին մոտեցող շարժասանդուղքի աստիճանների հարթակների վրա պետք է ուղեգորգ փռված լինի, սա արարողակարգ է, որ խախտել չի կարելի, այսիքն՝ ունի պարտադրող ուժ, երբ հյուրը իջնում է մեր գորգի վրա սա ևս արարողակարգ է, և երբ ինքն անցնում է պատվո պահակախմբի  և զինվորական նվագախմբի իր երկրի օրհներգը հնչեցնելիս, սա արարողակարգ է: Օրհներգը հնչելիս ոտքի կանգնելը վարվելակերպ է:

Նուբար Չալըմյանը նորանկախ երկրի թարմ արարողակարգը մշակել է երկու սյուներ հիմք ընդունելով՝ Վիեննայի 1961-ի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիան և մեր պատմությունն ու ավանդույթները՝ այստեղից էլ Հայոց ցեղասպանությունը հարգելու, հուշահամալիր այցելելու արարողակարգը:

***

Մարդուն արարողակարգից դուրս փախստականների ճամբար տանելը, վատ էմոցիաներ պարգևելը ներելի չեն: Բայց ահա ձեզ արարողակարգի խախտման մի դրվագ, որը ոչ միայն ներվեց, այլ դարձավ 70 միլիոն արժողությամբ դիվանագիտական նվեր:

Վերդառնանք 1995 թվական: Մատենադարանի փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը որդուն՝ Արամ Գրիգորյանին դեռ մեկ տարի առաջ հուշել էր Երևանի մոտ գտնվող Արգավանդ գյուղի Թուրքմենական Կարա-Կոյունլուների ցեղի առաջնորդներից մեկի դամբարանի գոյության մասին: Որոշվեց այդ հուշարձանը ցույց տալ Թուրքմենբաշուն:

Կարա-Կոյունլուների դամբարան

Ասացի՝ մի վախեցեք, կես ժամից նրա տրմադրությունը շատ կբարձրանա: Հենց հասանք Արգավանդ, նշեմ որ բացատրությունները տալիս էր հրաշալի գիտնական Հակոբ Փափազյանը՝ նախարար Վահան Փափազյանի հայրը, որը հենց վերծանել էր այդ դամբարանի արաբատառ գրառումը: Թուրքմենաբաշու դեմքին նայելիս՝ ես հասկացա, որ նա պարզապես ցնցված է, և նա այնտեղ ասաց, որ Հայաստանը միակ երկիրն է, որ մեզ համար պահպանել է մեր հուշարձանը:

Իսկ հետո տեղի ունեցավ ամենահետաքրքիրը: Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ստորագրվեր նաև գազի դիմաց 1994-1995 թվականի կուտակված պարտքը՝ 104 միլիոն դոլլար: Փաստաթուղթը ստորագրելիս, պարզվեց որ այնտեղ նշված է 34 միլիոն դոլլար:

Այսինքն, հուշարձանը պահպանված և վերականգնված տեսնելուց հետո Թուրքմենբաշին Հայաստանին էր նվիրել 70 միլիոն դոլլար:

***

Անձնական գործ N3

Գիտնականի և առաջատար խմբագրի ընտանիքում ծնված Արամ Գրիգորյանն այդպես էլ հոր երազանքը չիրագործեց և գիտնական չդարձավ: Սակայն մի հարցում ապագա դիվանագետը հորը լսել էր ու ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտական բաժինը, ինչն այն ժամանակ գրեթե հավասար էր դիվանագիտական կրթություն ստանալուն:

Արամ Գրիգորյանի և Արմենուհի Առաքելյանի դուստրը՝ Սեդա Գրիգորյան

Եվ քանի որ աշխատանք չկար, իսկ ապրել պետք էր, Արամ Գրիգորյանը գործի էր անցել Հայք վավերագրական ֆիլմերի ստուդիայում, մինչև մի օր զոքանչը թերթում հայտարարություն է կարդացել՝ ՀՀ ԱԳՆ-ը հրավիրում է կրթված, բանիմաց աշխատողների: Իսկ թե ինչ եղավ հետո՝ դուք արդեն գիտենք:

Back to top button