
Վերջին օրերին տարբեր երկրներ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ այցելությունների ժամանակ ուշագրավ հայտարարություններ են հնչում։ Թեև այս պահին ՀՀ-ն բարձրաստիճան որևէ հյուր չունի, Հայաստանին առնչվող կարևորագույն հարցեր են քննարկվել Թբիլիսիում, Բաքվում, Տալլինում։ Քննարկումների առանցքում Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագիրն» է։
Հայաստանն օրեր առաջ Բաքվից ստացել է պայմանագրի տեքստի 10-րդ խմբագրումը, սակայն, այն մեկ ամսվա ընթացքում ստորագրելու հայկական առաջարկը մնացել է դեռևս անպատասխան։
Այս առումով հստակ ասելիքով Ադրբեջան աշխատանքային այց է կատարում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։ Երկու շաբաթ առաջ նա Հայաստանում էր, իսկ մայիսին՝ Վրաստանում։ Բաքու կատարվելիք այցից առաջ նա խոսել է, թե իրականում ինչի համար է Վաշինգտոնն արագացնում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը։
Բաքու մեկնելուց առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը փակագծեր է բացել, թե ինչի համար է Վաշինգտոնին անհրաժեշտ խաղաղությունը Հարավային Կովկասում։ Խոսքը նախընտրելի ճանապարհների մասին է։ Դա է պատճառը, ըստ Օ’Բրայենի, որ խաղաղությունը, բացի երկու երկրներից, նաև տարածաշրջանի ու կենտրոնական Ասիայի համար է անհրաժեշտ։
Ընդգծելով, որ այդ բոլոր երկրների համար արտահանման հիմնական ուղիներն անցնում են Չինաստանով կամ Ռուսաստանով, Օ՛Բրայենը նկատել է՝ կա նաև այլընտրանքային ճանապարհ։ Ամերիկացի պաշտոնյան այդ մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ․
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի մեծ ճանապարհ, կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Խաղաղության պայմանագիր կնքելու ու պատերազմի հետևանքները վերացնելու ժամանակն է»։
Օ՛Բրայենը հստակեցրել է, թե ինչ ուղերձով է գնում Բաքու, որտեղ լինելու է արդեն հունիսի 27-ի երեկոյան։ Այնտեղ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լսումների մասնակիցներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք հստակեցնելու է, որ լինելու են հետևանքներ Հայաստանի նկատմամբ ցանկանացած սպառնալիքների կամ ագրեսիայի դեպքում։
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի խոսքով՝ Ալիևի հետ քննարկումները շատ հստակ են՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։
Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»։
Պաշտոնյան չի հստակեցրել, թե որոնք են հիշատակած «մի շարք կարևոր խնդիրները»։

Երկու շաբաթ առաջ՝ հունիսի 11-ին Օ’Բրայենը Երևանում էր, որտեղ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստում ամերիկյան կողմի համանախագահն էր: Երևանում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել էր՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, և որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի:
Օ’Բրայենի՝ Բաքու այցին զուգահեռ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Տալլինում։ Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է․ Հայաստանը գրեթե վերջնականացրել է խաղաղության պայմանագի նախագծի տեքստը։
«Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում։ Խորապես հավատում եմ, որ այժմ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պահն է, և այդ խաղաղությունն օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների և մարդկանց համար։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք մեր գործընկերների ամուր աջակցությունը, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասում կայունությամբ և երկարատև խաղաղությամբ»։
Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները։
Պաշտոնական հավաստիացումներին և հայտարարություններին հակառակ, Հայաստանի ընդդիմադիր դաշտում բոլորովին այլ զարգացումների կանխատեսումներ են անում։ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցում կարծիք է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում։ Նա պատահական չի համարում ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ` ՌԴ-ից հնչող արձագանքները:
«Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է»,-գրել է պատգամավորը ենթադրելով, որ Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին հեռացնելու փաստաթուղթ։
Զուգահեռ այցերի թեման շարունակելով՝ ուշագրավ հայտարարություն է Թբիլիսիում արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։ Բայրամովն ասել է, որ շարունակվում են աշխատանքները Հայաստանի հետ սահմանների ճշգրտման ուղղությամբ և առաջիկայում ականատես կլինենք, իր խոսքով՝ «հետագա դրական քայլերի»։




